Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում

2022 թվականի հունիսի 26-ին Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչները այցելել են 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսի սուրբ Եղիշե հայ առաքելական քրիստոնեական եկեղեցի և անօրինական ծիսակատարություն կատարել՝ պղծելով եկեղեցու իրական ծիսական գործառույթը https://teleqraf.com/news/toplum/331825.html։ Այցը նվիրված է եղել Ադրբեջանի զինված ուժերի տարեդարձին՝ ևս մեկ անգամ ապացուցելով ուդիական քարոզչության պետականորեն ուղղորդված լինելու փաստը։ Ադրբեջանական կողմը եկեղեցին ներկայացրել է որպես 5-րդ դարի աղվանական կառույց, որը հայերը 1898 թվականին վերակառուցել են, վերականգնել և հայացրել։

Սա ադրբեջանական աղվանական սնապարծ տեսության «կենսագործման» ևս մեկ փաստ է, քանզի վերջերս Եվրոպայի ժողովրդավարական երկրորդ կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, իր ընդունած բանաձևերում աղվանական տեսությունը համարեց ադրբեջանական հորինվածք ճշմարտությունն ադրբեջանական քաղաքականությանը հակադրվում է հստակ փաստերով, որոնցից է եկեղեցու կառուցման մասին գոյություն ունեցող ստույգ արձանագրությունը, որը մանրամասն ներկայացված է կայքի   «Մատաղիսի սբ. Եղիշա եկեղեցին» հոդվածում։

Ինչ վերաբերվում է ուդիական քարոզչությանը ապա այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ստորև։ https://monumentwatch.org/hy/alerts/%d5%b8%d6%82%d5%a4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d6%80%d5%b8%d5%a6%d5%b9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b8%d6%80%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5/:

Մեր արձագանքը

Արցախի օկուպացված տարածքում գտնվող Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում ուդիական քարոզչությունն ակնհայտորեն մշակութային ժառանգության յուրացման դեպք է, որը տեղի է ունենում թշնամանքի, հայ ավանդույթների ժխտման հետևանքով։ Յուրացնելով հայկական ժառանգությունը այն կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ օրինականության ճանաչում: Կարևոր է ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է այդ մշակութային ժառանգությունը: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Բացի այդ, ըստ Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գործառույթի որևէ փոփոխություն:

Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման  գործողությունը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի» դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները՝ անկախ դրանց ծագումից ու գործառույթից։  Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը խախտում է հայ հանրույթի համոզմունքներն ու կրոնական ծիսակատարություններին մասնակցելու իրավունքը ։ Ժնևի կոնվենցիայի 27-րդ հոդվածը հավելում է, որ «Բացի անհատի, պատվի, ընտանեկան իրավունքի, կրոնական համոզմունքների և ծիսակատարությունների հարգանքից, անհրաժեշտ է հարգանք, նաև  «կենսափորձի և սովորույթների նկատմամբ», որը կարող է ընդգրկել ոչ նյութական ժառանգության ողջ տիրույթը՝ ներառյալ գիտելիքը, հմտություններն ու ծիսակարգերը։ Թիրախավորելով արցախահայության քրիստոնեական ժառանգության խորհրդանիշները, խաթարելով քրիստոնեական ծիսակարգի իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Այսպիսի քաղաքականությունը խտրական վերաբերմունք է, որը խախտում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։  Բացի այդ` 2005 թ․ հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։