Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր

«Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ վերջերս շատ են ակտիվացել ադրբեջանական տարաբնույթ միջոցառումները և հանրային ու միջազգային ամենատարբեր հարթակներում հայ մշակույթի բռնյուրացման ձգտումները։

Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացվել է «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը (https://t.me/AzeSputnik/52778

«Արևմտյան Ադրբեջան» հնարած եզրույթի տակ Ադրբեջանը փորձում է ներկայացնել Երևանի պատմությունը՝ դեկորատիվ արվեստի, լուսանկարների, պատմական փաստաթղթերի կեղծման և ադրբեջանական նորաստեղծ ինքնության ստեղծման լույսի ներքո։ Ցուցադրության հիմքում Երևանի պարսից խաների պալատի, Երևանի բերդից ծագող առարկաների և բազմաթիվ հուշարձանների լուսանկարներն են, որոնք ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջան»-ի մշակույթ։

Այդպիսի միջոցառումներից մեկը 2023 թվականի նոյեմբերի 23-24-ը Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնն էր, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը (https://t.me/zangezuravtonomia/47872?single): Կազմակերպիչներն էին Նախիջևանում Բաքվի լիազոր ներկայացուցչությունը, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և այլն։ Փառատոնի պաստառը կրկնում է Հայաստանի Հանրապետության քաղաքական քարտեզը, իսկ փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով կրկին փորձ է արվել ներկայացնել ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով (նկ․ 1, 2)։

Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են ադրբեջանականի ներքո, այդ թվում՝ բանահյուսության օրինակներ, գրքերի ցուցահանդես, խոհարարական և նյութական մշակույթի նմուշներով ստենդներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ, գիտական ​​հետազոտություններ, հոդվածների ժողովածու, նկարներ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան»-ին (նկ․ 3, 4)։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ (https://www.facebook.com/photo/?fbid=3637743036495553&set=a.1559362004333677):

«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Ադրբեջանի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ եզրույթների մասին (https://www.facebook.com/100000854067526/posts/7295056650532731/):

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից հայերի հայրենազրկման, իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում (https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf):