Ջրականի (Ջաբրայիլ) քրիստոնեական հուշարձանի ավերումը

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր յութուբյան էջում հրապարակել էր մի  տեսանյութ, որի 10-րդ վայրկյանից հստակ երևում է, որ  Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղում  քանդված է տուֆե խաչային հորինվածքով հուշարձան՝ «Խաչ քո ապավեն մեզ եղիցի» արձանագրությամբ https://www.youtube.com/watch?v=uuJ0-bxibvU ։

Իսկ ավելի ուշ՝ iamVartan անունով օգտատերը հրապարակեց մինչ ադրբեջանական օկուպացիան հուշարձանի կանգուն լուսանկարը (նկ․ 1) և արդեն օկուպացիայից հետո՝ (նկ․ 2) ներկայացնելով լուսանկար՝ ավերված վիճակում։  https://archive.vn/Mil1E։

Մեր արձագանքը

Համաձայն Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։