Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը

Սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որում  անդրադարձ է կատարվել նաև  Ադրբեջանի կողմից վերջին 30 տարում և մասնավորապես վեցշաբաթյա պատերազմի ընթացքում հայկական մշակութային ժառանգության  թիրախավորման, ոչնչացման և բռնայուրացման դեպքերին։ Վեհաժողովը դատապարտել  է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Շուշիում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ոչնչացումը կամ վնասումը։ Բացի դա, Վեհաժողովը նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի վանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք այժմ գտնվում  են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վեհաժողովն  իր մտահոգությունն է հայտնել նաև  Ադրբեջանում զարգացող հայկական մշակութային ժառանգությունը աղվանական համարող հորինվածքի վերաբերյալ և առաջարկել  ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել  «Կովկասյան ալբանացիների» ժառանգությունը, համոզվելու համար, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից։ Աղբյուրի հղումը՝  https://pace.coe.int/en/files/29483#trace-4:

Մեր արձագանքը

2021 թվականի սեպտեմբերի 27-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որպես միջազգային առանցքային նշանակության փաստաթուղթ, եզակի դեպք է, որը արձանագրում է միջազգային ատյանի որոշակի ադեկվատությունը Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությանը հասցված կանխամտածված վնասի տեսանկյունից և առաջին անգամ  կողմերին չի հավասարեցնում իրար։