Ադրբեջանցի օգտատերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նոյեմբերի 15-ին մի տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ մասամբ ավերված է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին․ ամբողջությամբ ավերված են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։ Այս անգամ հայկական մշակութային նյութական ժառանգության ոչնչացման «կեղծ փաստարկը» 1847 թվականին կառուցված եկեղեցին ռուս ուղղափառ համարելն է, որի կեղծ թեզը շարունակվում է այն պնդմամբ, որ հայերը արցախյան ազատամարտից հետո ձևափոխել են եկեղեցու գմբեթը և այն դարձրել հայկական։ Ադրբեջանական կողմը առաջ է բերում նաև այն փաստարկը, թե իբրև եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից առաջ՝ հայերի կողմից, սակայն ադրբեջանական մի օգտատիրոջ հրապարակած լուսանկարից հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորը կանգնած է օկուպացված Շուշիում՝ եկեղեցու դիմաց, որտեղ եկեղեցին դեռ կանգուն է (Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը, մասամբ՝ ավերել (armdaily.am)):
Ի պատասխան Ադրբեջանի՝ մշակութային ժառանգության ավերման գործողությունների, հարկ ենք համարում հիշեցնել, որ ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն՝ ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում ևս արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։