Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր յութուբյան էջում հրապարակել էր մի տեսանյութ, որի 10-րդ վայրկյանից հստակ երևում է, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղում քանդված է տուֆե խաչային հորինվածքով հուշարձան՝ «Խաչ քո ապավեն մեզ եղիցի» արձանագրությամբ https://www.youtube.com/watch?v=uuJ0-bxibvU ։
Իսկ ավելի ուշ՝ iamVartan անունով օգտատերը հրապարակեց մինչ ադրբեջանական օկուպացիան հուշարձանի կանգուն լուսանկարը (նկ․ 1) և արդեն օկուպացիայից հետո՝ (նկ․ 2) ներկայացնելով լուսանկար՝ ավերված վիճակում։ https://archive.vn/Mil1E։
Մեր արձագանքը
Համաձայն Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։