Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ
2023 թվականի դեկտեմբերի 21-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտ քաղաքի մարզադաշտում, հայտարարել է, որ «Խանքենդին (Ստեփանակերտը) հին ադրբեջանական շրջան է: Այս գյուղը հիմնադրվել է Ղարաբաղի խանի կողմից, իսկ դրանից հետո ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից Ադրբեջանի Հանրապետության միջոցներով ստեղծվել է խոշոր քաղաք» (https://t.me/bakinskiy_nord/33931?fbclid=IwAR2Rit4tLqg2vzZULzD0UhH13-vruZoJmaRh4InFTAfLoVQN6lxjkyqp4tM ):
Ադրբեջանի նախագահի ելույթը պարունակում է պատմական փաստերի բացահայտ կեղծումներ և աղավաղումներ: Ակնհայտ է, որ ինչպես Արցախի բազմաթիվ բնակավայրերի, այնպես էլ Ստեփանակերտ քաղաքի ինքնության և պատմության «ադրբեջանականացումը» այս երկրի վարչակարգի հայատյաց քաղաքականության մասն է:
Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման, զարգացման, կառուցապատման մասին մեծ թվով տեղեկություններ են պարունակում 19-րդ դարի հայկական սկզբնաղբյուրները Ռուսական կայսրության պաշտոնական վավերագրերը, որտեղ մանրամասնորեն ներկայցվում են բնակավայրերի բնակչության էթնիկ կազմը, զբաղմունքը, կալվածատիրական փոխհարաբերությունները, հարկերը և այլն:
Համաձայն հայկական աղբյուրների՝ ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքում եղել են մի քանի հայկական գյուղեր՝ Վարարակնը, Փահլուլը, Կրկժանը և այլն: 18-րդ դարի վերջին ներկայիս Ստեփանակերտի հյուսիսարևելյան կողմում հիմնվում է Շուշիի խաների ձմեռանոցը, որը հիշատակվում է որպես Խանինբաղ, այսինքն՝ խանի այգի: Այդ տարածքները դառնում են Շուշիի խաների և նրանց ընտանիքի անդամների անձնական կալվածքները: Վերոհիշյալ տարածքների մեջ էր մտնում նաև հայկական Վարարակն բնակավայրը, որը ևս դառնում է խանական կալվածք՝ խանական գյուղ, և սկսում է հիշատակվել որպես Խանքենդի՝ բառացիորեն խանի գյուղ: 19-րդ դարի 20-ական թվականներին Վարարակնի բնակչությունը բավականին նոսրացել էր, ռուսական պաշտոնական վավերագրերում հիշատակվում են միայն 40 ծուխ հայեր և նրանց քահանան, իսկ հետագայում գյուղը լքվում է, քանի որ բնակչությունը տեղափոխվում է Շուշի (Բարխուտարեանց, 1895, 152-153): 1835 թվականին Վարարակնի արևելյան եզրին ռուսական զինվորական իշխանությունները հիմնում են իրենց հիմնական զորակայաններից մեկը, որի շուրջն էլ սկսում է ձևավորվել նոր զորակայան, ուր սկսում են փոխադրվել շրջակա հայկական գյուղերի բնակիչները: Ներկայիս Ստեփանակերտի հիմնադրման համար կարևոր էր 1847 թվականին ռուսական բանակի Մինգրելյան գնդի շտաբի պետ Ուցմիևի կողմից նոր և ավելի ընդարձակ զորանոցի կառուցումը, որից հետո կառուցվում են ևս մի քանի զորանոցներ (Բալայան, 2020, 13-16):
Ռուսական բանակի կողմից այս մեծածավալ շինարարական աշխատանքների կապակցությամբ Շուշիի խանի ժառանգները պետությանն են փոխանցում և նվիրաբերում իրենց հողային կալվածքները, որոնց մասին էլ ռուսական պաշտոնական վավերագրերում պահպանվել են մեծ թվով հիշատակություններ՝ Ղարաբաղի խանության շրջանի կալվածատիրական եզրերի կիրառմամբ: Մեզ հետաքրքրող տարածքները այդ վավերագրերում նշված են որպես խանական գյուղ և կալվածք, հիշատակվում են դրանց սեփականատերերը: Շատ կարևոր է, որ ռուսական պաշտոնական վավերագրերը նշում են այդ կալվածքների բնակչության էթնիկ պատկանելիությունը: Խանքենդի կոչվող կալվածքի և գյուղի պարագայում նշվում է, որ բնակիչները հայեր են՝ թեˊ բնիկ, թեˊ այլ գյուղերից փոխադրված (Описание Карабагской провинции, 1866, 291):
1847 թվականից սկսած, երբ ռուսական զորքը տեղափոխվում է տեղակայման այլ կետեր, Խանքենդի տեղամասում գտնվող ռուսական զորանոցների շուրջը սկսում է ձևավորվել նոր բնակավայրը, որտեղ տեղափոխվում են բնակվելու մեծ թվով հայեր: Այս գործընթացները մանրամասն նկարագրում է Մակար Բարխուդարյանցը. «Հետզհետե հեռանում է զօրքն այստեղից եւ մնում են միայն ամուսնացեալ ռուս գերդաստաններ եւ սակաւ զինւորականներ եւ ղազախներ: Շուշուց, Կարկաժան, Խանածախ, Պալուճայ, Փահլուլ գիւղերից վաթսուն հայ գերդաստաններ գալով բնակում են այժմ Խանքեանդում»: Խոսելով Խանքեանդի հիմնադրման մասին՝ Բարխուդարյանցը նշում է. «Հիմնուած է տափարակի վերայ 1847 թուին ռուսներից՝ իբրեւ զօրանոց: Տափարակն պատկանում է Վարարակն գիւղի բնակչաց, որք փոխադրուած են Շուշի, բայց գիւղի աւերակն, քարուկիր եկեղեցին եւ հանգստարանն մնում են Խանքեանդու հիւսիսային ձորակի ձախ լանջի վերայ՝ Վարարակն աղբիւրի մօտ» (Բարխուտարեանց 1895, 152-153): Այս նոր բնակավայրի, բնակչության թվաքանակի, էթնիկ պատկանելիության և այլ հարցերի շուրջ մանրամասն տեղեկություններ է հաղորդում հայկական մամուլը և մասնավորապես «Նոր-դար», «Արձագանք», «Փայլակ» պարբերականները: Սրանց հաղորդած տեղեկությունները լիովին համընկնում են ռուսական պաշտոնական վավերագրերի և փաստաթղթերի հաղորդած իրողություններին (Բալայան, 1999, 16-20):
Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմից շահարկվող և իբր զուտ ադրբեջանական բնակավայր հանդիսացող Խանքենդին իրականում Շուշիի խաների կալվածք հանդիսացող հայկական Վարարակն գյուղն էր, որը հետագայում լքվում է և ռուսական զորանոցների հարևանությամբ նախկին խանական կալվածքներում ձևավորվում է նոր բնակավայր, որը կրում է Խանքենդի անվանումը, ինչը հիշատակում են նաև հայկական աղբյուրները: Այս անվանումը ցուցում էր այդ տարածքների նախկին կալվածատիրական պատկանելիությունը, բայց ոչ նրա բնակչության էթնիկությունը: Այս նոր բնակավայրի բնակչությունը կազմված էր ռուսներից, տեղի և շրջակա հայկական գյուղերից փոխադրված հայերից և սակավաթիվ թաթարներից:
Բնակավայրը Ստեփանակերտ է վերանվանվում 1923 թվականին՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի: Խորհրդային տարիների բոլոր փաստաթղթերում, վավերագրերում, քարտեզներում բնակավայրը կրում էր Ստեփանակերտ անվանումը: 2023 թվականի սեպտեմբերի 19-21-ը ռազմական գործողությունների արդյունքում Արցախի հայաթափման և ամբողջական օկուպացիայից հետո, նույն թվականի նոյեմբերին ադրբեջանական կողմը ապամոնտաժում է Շահումյանի արձանը: Ադրբեջանական լրատվականները նշում էին, որ քաղաքին վերադարձվում է իր «ինքնությունը»: Ավելի մանրամասն տես՝ Ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը - Monument Watch։
Իլհամ Ալիևն իր ելույթում նշում է, որ Ստեփանակերտը կառուցվել է ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից: Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական հատվածի՝ հրապարակի և շրջակա փողոցների կառուցապատման առաջին նախագիծը կազմել է Ալեքսանդր Թամանյանը (Զորյան 1978, 35): Ամբողջ քաղաքի հաջորդ և հիմնական նախագիծը կազմվել է 1938 թվականին Ադրբեջանի պետական նախագծային ինստիտուտում՝ Սլոբոտյանիկի ղեկավարությամբ, իսկ 1968 թվականին ստեղծվել է քաղաքի կառուցապատման նոր նախագիծը: Այս նախագծի հեղինակը և գլխավոր ինժեները ճարտարապետ Բ. Դադաշյանն էր, համահեղինակներն էին Մ. Դատիևը և Ադրբեջանի պետական նախագծային ինստիտուտի մի շարք այլ աշխատակիցներ (Պապուխյան 1972, 25, 27): Ստեփանակերտ քաղաքի վարչական, կարևոր շենքերի հեղինակների զգալի մասը հայեր են, բնականաբար մասնակցել են նաև որոշ ադրբեջանցի և ռուս ճարտարապետներ, քանի որ շենքերի նախագծումը պատվիրվում էր Ադրբեջանի պետնախագծին, ինչը բնական էր, քանի որ ԼՂԻՄ-ը և նրա վարչական կենտրոն Ստեփանակերտը մտնում էին Ադրբեջանի ՍՍՀ կզամի մեջ: Քաղաքի կառուցապատման ֆինանսական աղբյուրները, ինչպես և ամբողջ ԽՍՀՄ-ում բաշխվում էին կենտրոնական և հանրապետական բյուջեից դեպի տեղական վարչական միավորներ: Խոսել, որ ԼՂԻՄ-ը կառուցվել է ադրբեջանցիների գումարներով և միայն իրենց միջոցով ուղղակի ծաղր է խորհրդային տնտեսական համակարգին, որի ամեն մի որոշում և բաշխում վավերացված և արխիվացված է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթների ժամանակ ոչ վաղ անցյալի մասին հաճախ անում է անհիմն հայտարարություններ, որոնց նույնիսկ հպանցիկ ստուգումը, ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը:
Օգտագործված գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
- Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան:
- Պապուխյան 1972 - Պապուխյան Ն., Ստեփանակերտի կառուցապատման առանձնահատկությունները, ԼՀԳ, Երևան, թիվ 5, էջ 24-34
- Զորյան 1978 - Զորյան Ս., Ալեքսանդր Թամանյան, Պատմա-բանսիրկան հանդես, 1978, թիվ 2, էջ 29-44:
- Описание Карабагской провинции 1866 - Описание Карабагской провинции, составленное в 1823 году Ермоловым, Тифлис.
- Ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը, Ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը - Monument Watch։