Մանրամասներ: Եզակի խաչքարային պատկերաքանդակ Արցախի Բռիեղցի վանքից:
Արցախի խաչքարային պատկերաքանդակը եզակի դրսևորում է հայ խաչքարային մշակույթում։ Այն ներկայացնում է մահկանացուներին, նրանց հիմնական զբաղմունքը, ակնկալիքները, անմահության մասին ժողովրդական պատկերացումները։ 2010-2020-ական թվականների ինտնենսիվ հետազոտությունների արդյունքում երևան են եկել նոր քանդակային հորինվածքներ: Դրանց թվին է պատկանում և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (https://monumentwatch.org) խմբի կողմից 2022 թվականի հոկտեմբերին վավերացված խաչքարային պատկերաքանդակը: Խաչքարն իր հորինվածքային և տեխնիկական առանձնահատկություններով վերաբերում է 12-րդ դարի վեջրին և 13-րդ դարի սկզբին: Այն 13-ի վերջում վերօգտագործվել է վանքային համալիր վերին խմբի կառույցներից մեկի պատում որպես շինաքար: Տեսարանն իր կատարման վարպետությամբ պատկանում է այդ հորինվածքների ամաենահաջողված օրինակների թվին: Այն ընտանեկան տեսարան է, ուր ընտանիքի անդամները ներկայացված են իրենց սոցիալ-վարկանիշային դերակատարմամբ: Տան ավագը, որին նվիրված է խաչքարը, նստել է գահավորակին և աջ ձեռքով բռնել է գավաթը, որ նրան է մեկնել մատռվակը (որպես կանոն՝ որդին): Վերջինիս ձեռքին է գինու սափորը: Երրորդ կերպարը հանգուցյալի կինն է կամ մայրը՝ այդ ժամանակների համար բնորոշ գլխանոցով և լայնակախ թևքերով շրջազգեստով: Երկուսն էլ ձեռքերը մեկնել են դեպի առաջին կերպարը՝ շեշտելով նրա գերակա կարգավիճակը: Լրիվ նորույթ է վերջին՝ չորրորդ կերպարը, որը ձախ ձեռքով բռնել է պտղատու ինչ-որ ճյուղ կամ ընձյուղ (խաղողի ողկույզ թե՞ ցորենի հասկ): Մեր առաջ ընտանեկան բարեկեցության հետ կապված ինչ-որ ծիսական տեսարան է, որպիսիք հաճախ են հանդիպում արցախյան խաչքարերում և տապանաքարերում: Բռիեղցի վանքն իր յուրօրինակ ճարտարապետությամբ, եզակի խաչքարերով, տապանաքարերով, տասնյակից ավելի հայերեն արձանագրություններով բռնազավթված է Ադրբեջանի կողմից: