Մանրամասներ: Խաչն այգային միջավայրում, Տիգրանակերտ, Վաղքրիստոնեական հրապարակ, բազիլիկ մեծ եկեղեցի, 5-6-րդ դարեր, 2008 թ.:

Խաղողի որթերի (ճյուղերը, տերևները, բեխիկները, ողկույզները) բարձրառելիեֆ ու ռեալիստական իրականացումը բնորոշ է այս հորինվածքների ամենավաղ օրինակներին:

Խաչելության փրկագործական հեռանկարի մատչելի բացատրության համար, հայ վարդապետներն օգտագործեցին երկրագործ հանրույթին ծանոթ այգային այլաբանությունները. ինչպես որ խաղողն է հնձանում ճզմվելով վեր ածվում «անմահական» հեղուկի, այնպես էլ Քրիստոս-աստվածը խաչի վրա թափեց իր արյունն՝ ի փրկություն մեղսագործ մարդկության: Ինչպես որ թռչուններն ու կենդանիներն են վայելում խաղողուտը, այնպես էլ արդար հավատացյալներն են վայելելու Քրիստոսի խաչելության հետևանքով սպասվելիք երկնային դրախտը: Կամ էլ` Քրիստոսի ուսմունքն ինքնին նման է խաղողուտի, իսկ Քրիստոսը` խաղողի, և այդ ուսմունքը յուրացնելով է, որ բացվում է դեպի Դրախտ տանող ճանապարհը: Արդյունքում՝ վաղ խաչային հորինվածքները ձեռք բերեցին այգային-խաղողային պատկերագրություն. խաչը պատկերվում է որպես Նոր կենաց ծառ, որը կամ աճել է խաղողի այգում, կամ ինքն է սկիզբ տալիս խաղողի որթերին կամ էլ իր վրա է կրում Քրիստոսին, նրա ուսմունքն ու հետևորդներին խորհրդանշող ողկույզները։ Խաչի դրախտային-այգային-խաղողային այս կերպարն էլ դարձավ խաչքարային հորինվածքի հենքը։

Նկ. 1

Նկ. 2

Նկ. 3