Խաչքարը գտնվում էր Շուշիի հայ-հունական գերեզմանոցում, այն 19-րդ դարում վերօգտագործվել է որպես տապանաքար: Շուշիի բուն քաղաքի տարածքում, բայց հատկապես քաղաքը շրջապատող խորաձորերում կան մի շարք միջնադարյան գերեզմանոցներ՝ խաչքարերով հանդերձ: Դրանք հիմնականում վերաբերում են 12-13-րդ դարերին: Պարզ երկրաչափական ու բուսական քանդակների, ծաղկուն խաչերի պատկերների հետ միասին, դրանք հաճախ պատկերում են նաև հանգուցյալին և նրա շրջապատը՝ ամուսինը, ընտանիքը, զբաղմունքը և այլն: Սիրված թեմաներից էր և ամուսնական զույգի պատկերումը: Այդ թեմային է վերաբերում և մեր խաչքարը: Խաչախորանում քանդակված զույգ խաչերը խարհրդանշում են ամուսիններին, ինչին էլ համապատասխանում է պատկերաքանդակը: Այն թեև ժամանակի ընթացքում հողմահարվել է, բայց կարելի է տեսնել, որ ամուսիններն իրար թևանցուկ են արել:
Խաչքարի ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան: