Տեղ գյուղի Քարե օթաղը
Տեղադրությունը
Տեղ խոշորացված համայնքի կենտրոն նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնում՝ Սբ․ Գևորգ եկեղեցու հարևանությամբ, գտնվում է Քարե օթաղը (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը՝ այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։
Տեղ գյուղի հուշարձաններից է Քարե օթաղը կամ Քարե տունը, որը թաղածածկ սենյակներից բաղկացած բնակելի համալիր է։ Այն գտնվում է գյուղի կենտրոնում՝ Սբ․ Գևորգ եկեղեցուց հարավ-արևելք։ Հուշարձանի վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան, կառույցի վրա չկան և արձանագրություններ։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Քարե օթաղը ներսից և դրսից սրբատաշ քարերով կառուցված բնակելի համալիր է, կամ համալիրից պահպանված մի հատված, որը, հաշվի առնելով ճարտարապետական-հորինվածքային լուծումները (մուտքերը, սրահները, պատրհանները և այլն) կարելի է թվագրել 17-18-րդ դարերով։ Շինությունը կառուցված է լանջի վրա, արդյունքում հյուսիսային կողմից տանիքը հավասարված է ճանապարհին, իսկ հարավային կողմը կրկնակի բարձր դիրքում է։
Կառույցը կազմված է իրար կից հյուսիս հարավ ձգվող երկու թաղածածկ սրահներից, որոնք իրար հետ հաղորդակցվում են միջնորմ պատի հարավային հատվածում բացված մուտքով (նկ․ 2)։ Երկու սրահներն էլ հյուսիսային կողմում ունեն բուխարի, որոնց երկու կողմերում առկա են պատրհաններ (նկ․ 3)։ Պատրհաններ են բացված նաև պատերի այլ հատվածներում, առկա են նաև երկարավուն քարե դարակներ՝ տնային իրերը դնելու համար (ԴՀՎ 2, 66)։ Կառույցի մուտքը գտնվում է արևելյան կողմում և իրականացված է մեծածավալ սրբատաշ քարերով (նկ․ 4)։
Հարավային կողմում կառույցն ունի երկու մուտք, որոնց վերին հատվածում բացված են փոքրաչափ կամարակապ պատուհաններ։ Այս մուտքերը հավանաբար բացվել են դեպի փայտե պատշգամբներ, որոնք հետագա նորոգությունների արդյունքում չեն պահպանվել, իսկ մուտքերը վերածվել են պատուհանների (նկ․ 5)։ Քարե օթաղը կառուցված է տեղական սրբատաշ ֆելզիտից, ծածկասալերով պատրաստված տանիքից պահպանվել է միայն հարավային կողմի եզրաշարը։
Խորհրդային շրջանում կառույցը վերօգտագործվել է որպես կաթնամթերքի պահեստ (ԴՀՎ 2, 66)։ Այս շրջանին են վերաբերվում նաև նորոգությունների հետքերը, որոնց արդյունքում հարավային հիմքը բետոնապատվել է, իսկ ներսի որոշ հատվածներ՝ ծեփապատվել (նկ․ 5)։
Վիճակը 2020-2022 թթ․ ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղ գյուղի Քարե օթաղը հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։
Մատենագրական քննություն
Դիվան հայ վիմագրության երկրորդ պրակում Բարխուդարյանը, հիմք ընդունելով 1451 թվականի վաղագույն արձանագրությունը, Սբ․ Գևորգ եկեղեցին թվագրել է 14-15-րդ դարերով, իսկ հաշվի առնելով եկեղեցու և Քարե օթաղի «նմանությունը», սա նույպես թվագրել է 14-15-րդ դարերով (ԴՀՎ 2, 66):
Գրականություն
-
- ԴՀՎ 2 - Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1960։
- Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: