Խնածախի մելիքական ապարանքը

Տեղադրությունը

Մելիքական ապարանք քարտեզ

Նկ․ 1 Խնածախի մելիքական ապարանքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում նշում 20 միավոր հարկով (Օրբէլեան 1910, 399)։ 15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ կիսանկախ կազմավորում էր՝ որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը՝ 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232): 16-րդ դարում Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք (Հասրաթյան 1985, 158)։ Պատմական աղբյուրներում այս ապարանքի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Մելիք Հախնազարի ապարանքի ընդհանուր համալիրից պահպանվել են միայն երկու հատվածներ՝ հիմնական երկհարկանի կառույցը և դրա հետնամասում գտնվող գլխատունը (նկ․ 2)։ Կառույցների պատերն ունեն 1,2 մետր հաստություն և կառուցված են հիմնականում տեղական կոպտատաշ քարից։  Պատերի, բացվածքների, որմնախորշերի ու կամարների եզրաշարերը և երեսբաց վերնասրահի ամբողջ ճակատը կառուցված են սրբատաշ քարերով: Պատերը ներքուստ սվաղված են կրաշաղախով (Ղուլյան 2001, 25)։

Նկ․ 2 Մելիքական ապարանքի չափագրությունը, ՀՊԹ հավաքածու N 1537/181։

Ապարանքի հիմնական հատվածը տեղադրված է ձորալանջի հենապատից 6 մետր հետ, ունի կիսագլանաձև թաղով ծածկված կրկնահարկ հորինվածք և առնված է ճակտոնավոր երկլանջ տանիքի տակ (Ղուլյան 2001, 25): Կառույցի առաջին հարկը ուղղանկյուն է (ներքուստ' 3,9x6,2x3,9 մետր), երկայնական պատերում կան երեքական որմնախորշեր, իսկ աջակողմյան կենտրոնական որմնախորշը օջախ-բուխարի է (նկ․ 3):

Նկ․ 3 Առաջին հարկի աջակողմյան պատը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Ունի մեկ կամարակապ շքամուտք և մեկ պատուհան: Երկրորդ հարկի մուտքը հարավարևմտյան պատի վերջնամասում է և բացվում է դեպի ետնաբակը (նկ․ 4), իսկ ճակատը լուծված է եզրային որմնաելուստների վրա հենվող և ծածկաթաղի թռիչքն ընդգրկող կամարային բացվածքով (վերջինս հետագայում փակվել է երկու պատուհան ունեցող պատով) (Ղուլյան 2001, 25):

Համալիրի պահպանված երկրորդ կառույցը ետնաբակի խորքում գտնվող գլխատունն է (ներքուստ' 6,0x7,0 մետր)։ Կառույցն ունի անկյունամերձ չորս փայտե սյուների վրա բարձրացող երդիկավոր «հազարաշեն» տանիք: Երեք պատերում կան մեկական պատրհաններ, որոնցից ճակատապատինը հետագայում վեր է ածվել պատուհանի: Ճակատային կողմում ունի մեկ շքամուտք և երկու կամարակապ որմնախորշերով (Ղուլյան 2001, 25): Գլխատունը բակի կողմից ունեցել է կամարակապ սրահ, որը չի պահպանվել (Պապուխյան 1963, 58), չեն պահպանվել նաև համալիրի պարսպապատը և օժանդակ մյուս շինությունները (նկ․ 5):

Նկ․ 4 Երկրորդ հարկի մուտքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 5 Ապարանքի չափագրությունը, Ղուլյան 2001, 24։

Վիճակը 2020-2022 թթ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Մելիք Հախնազարի ապարանքը հայտնվել է սահմանից 700 մետր հեռավորության վրա։

Մատենագրական քննություն

Ն․ Պապուխյանը և Վ․ Հարությունյանը իրենց աշխատություններում ապարանքը թվագրում են 17-րդ դարով և վարագրում են Մելիք Հայկազ Բ-ին՝ Մելիք Հախնազարի որդուն։ Հետազոտողներ Մ․ Հասրաթյանը և Ա․ Ղուլյանը, հիմք ընդունելով պատմական տեղեկությունները, ապարանքը թվագրում են 16-րդ դարի առաջին կեսով, կառույցը համարելով 16-րդ դարի աշխարհիկ ճարտարապետության եզակի օրինակ։ Սակայն կառույցը իր ճարտարապետական մանրամասներով նույնանում է տարածաշրջանի 17-րդ դարի հոգևոր և աշխարհիկ օրինակների հետ և այս տեսանկյունից կարիք ունի մանրամասն քննության։ 

Գրականություն

  1. Հասրաթյան 1985 - Հասրայան Մ․, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան։
  2. Հովսեփյան 1924 - Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ. պատմա-հնագիտական ուսումնասիրություն, Վաղարշապատ:
  3. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, RAA գիտական ուսումնասիրություններ, գիրք 4-րդ։
  4. Պապուխյան 1963 - Պապուխյան Ն., Սիսիանի, Գորիսի ու Ղափանի ժողովրդական ճարտարապետության կառուցվածքները, Տեղեկագիր հասարակական գիտությունների, N 11, Երևան։
  5. Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: