Սռնեղցի եկեղեցին

Տեղադրությունը

Տեղ խոշորացված համայնքի կենտրոն նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնից 5․9 կմ դեպի արևելք՝ Կոռնիձորից հյուսիս, գտնվում է Սռնեղցի (Սեռին եղցի) վաղմիջնադարյան եկեղեցին (նկ․ 1)։

Սռնեղցի քարտեզ

Նկ․ 1 Սռնեղցի եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։

Ըստ Մ․ Հասրաթյանի Սռնեղցին և նրանից ոչ հեռու գտնվող Հին շինատեղ բնակատեղին, հավանաբար, պետք է լինեն Ստ․ Օրբելյանի նշած Հաբանդ գավառի Կատավանքը և Պատանդավանքը (Հասրաթյան 1985, 244)։

Սռնեղցի անունը ստուգաբանվում է որպես բլրի գագաթին գտնվող եկեղեցի, սարալանջին գտնվող եկեղեցի․ սեռ՝ բլրի գագաթ, եղցի՝ եկեղեցի (Տեր-Մինասյան 1986, 60; Խուրշուդեան 2022, 399)։

Կառույցի վրա, ինչպես նաև կից տապանաքարերին արձանագրություններ չկան։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Սռնեղցի վաղմիջնադարյան եկեղեցին (5-6-րդ դդ․) միանավ թաղածածկ սրահ է, 7.77x5.41 մետր արտաքին չափերով (նկ. 2, Հասրաթյան 1985, 244)։

Նկ․ 2 Եկեղեցու չափագրությունը, հեղ․ Լ․ Սադոյան։

Կառույցը կանգնեցված է երկաստիճան գետնախարսխի վրա։ Արևելյան կողմում ունի շեշտված պայտաձև հատակագծով խորան, ներառված արտաքին պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ։ Պայտաձև է նաև խորանի կամարը (նկ․ 3)։ Եկեղեցին կառուցված է տեղական սպիտակ բազալտատիպ սրբատաշ խոշոր քարերից (միջինում 1x2 մետր), պատերի հաստությունը 1 մետր է։ Կառույցի ներքին տարածությունը 3,36x3,55 մետր է (Տեր-Մինասյան 1986, 60)։

Եկեղեցու մուտքն արևմտյան կողմից է (բացվածքի լայնությունը 1,15 մետր է), ունի երկու պատուհան արևմտյան և արևելյան կողմերում։ Բեմն աղոթասրահից բարձր է 0․5 մետրով, բեմառէջքն ակնհայտորեն բարձրացվել է հետագայում: Խորանն ունի գմբեթարդի տակով ընթացող գոտի, որը շարունակվում է հյուսիսային և հարավային պատերի ողջ երկայնքով։ Ներսի կողմից մուտքի բարավորի վերին հատվածում առկա է 0․7 մետր խորություն ունեցող պայտաձև բեռնաթափման խորշ (Տեր-Մինասյան 1986, 60, նկ․ 4)։

Նկ․ 3 Եկեղեցու արևելյան աբսիդը, լուս․ Հ․ Աբրահամյանի։

Նկ․ 4 Կառույցի մուտքը ներսի կողմից, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Կառույցը լավ պահպանված է, թափված են միայն տանիքի ծածկասալերը։ Եկեղեցու դիմաց՝ արևմտյան կողմում կան տապանաքարեր (նկ․ 5), իսկ պատերի վրա առկա են զարգացած միջնադարին վերաբերող խաչապատկերներ (նկ․ 6)։

Նկ․ 5 Եկեղեցու արևմտյան կողմի տապանաքարերը, լուս․ Հ․ Աբրահամյանի։

Նկ․ 6 Կառույցի վրա առկա խաչապատկերներից, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Մատենագրական քննություն

Դիվան հայ վիմագրության երկրորդ պրակում Ս. Բարխուդարյանը, խոսելով Կոտրած եղցի հուշարձանի մասին, այն ներկայացնում է որպէս «Սռնեղցի» կամ «Կոտրած եղցի» (ԴՀՎ 2, 66), մինչդեռ այդ անունների տակ հանդես են գալիս երկու տարբեր հուշարձաններ:

Վիճակը 2020-2022 թ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Սռնեղցի եկեղեցին հայտնվել է սահմանից 450 մետր դիտարկվող հեռավորության վրա։

Գրականություն

  1. ԴՀՎ 2 - Դիվան հայ վիմագրության, պր. 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմող Ս. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ․, Երևան, 1960:
  2. Խուրշուդեան 2022 - Խուրշուդեան Ս․, Տեղ գիւղի պատմական յուշարձանները եւ նորայայտ վիմագրերը, Սիոն, թիւ 8-12, Երուսաղէմ։
  3. Հասրաթյան 1985 - Հասրայան Մ․, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան։
  4. Տեր-Մինասյան 1986 - Տեր-Մինասյան Ա․, Պատմական Սյունիքի վաղ միջնադարյան միանավ հուշարձանները, Լրաբեր հասարակական գիտությունների, Հատոր 1/1, Երևան, էջ 58-65։
  5. Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: