Տեղ գյուղի գերեզմանատունը

Տեղադրությունը

Տեղ խոշորացված համայնքի կենտրոն նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է գյուղի մեծ գերեզմանատունը (նկ․ 1)։

Գերեզմանատուն քարտեզ

Նկ․ 1 Գերեզմանատան պահպանված հատվածը, լուս․ Google Earth հավելվածից։

Պատմական ակնարկ

Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը՝ այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։

Գերեզմանատան տարածքում պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր ու խաչքարեր, որոնք թվագրվում են 10-20-րդ դարերով (նկ․ 2)։

Նկ․ 2 Գերեզմանատան հատվածներից, լուս․ Հ Պետրոսյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Մեծ գերեզմանատունը գտնվում է Տեղ գյուղի մեջ՝ գյուղի հին հատվածի հյուսիսային կողմում։ Զբաղեցնում է շուրջ 1,6 հա տարածք։

Ընդարձակ գերեզմանատան տարածքի վաղագույն կոթողները 9-10-րդ դարերի խաչքարեր են։ Վաղագույն արձանագրությունը թվագրվում է 1216 թվականով։ Վեցատող արձանագրությունը քանդակված է գերեզմանատան հյուսիսային հատվածում գտնվող խաչքարի հյուսիսային կողին՝ «Թվ. :ՈԿԵ: (1216 թ.)/. Յիշեայ/ Ք[րիստո]ս Ա[ստուա]ծ զ/Մլքաշահ/ ի քո արք[ա]ութ[եանն]» (ԴՎՀ 2, 66, 71, նկ․ 3)։ Առկա են նաև տարբեր դարաշրջանների ոճավորված և արձանագիր խաչքարեր, հարուստ պատկերագրությամբ և հասարակ, արձանագիր, օրորոցաձև կամ հարթ տապանաքարեր և այլն (նկ․ 4)։

Նկ․ 3 Վաղագույն 1216 թ․ արձանագրությունը, գրչ․ ԴՎՀ 1960, 66։

Նկ․ 4 Գերեզմանատան խաչքարերից, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Հետաքրքիր են գերեզմանատան տարածքում գտնվող օրորոցաձև կամ ուղղանկյուն տապանաքարերը, որոնք ավարտվում են, ըստ Ե․ Լալայանի, բուխարու ոճավորված քարի նմանությամբ վերջավորություններով։ Այս եզակի տապանաքարերի հետ կապված հեղինակը իր «Զանգեզուրի գաւառ» աշխատության մեջ գրում է. «․․․տապանաքարերը ներքին մասում դէպի ոտների կողմը, կանգնեցրած են 2¼ արշ․ բարձրութեան միակտուր քարեր (1 արշինը հավասար է 71,1187 սմ), որոնց արևմտեան երեսին խաչ է քանդակուած, իսկ արևելեան կողմի ներքին մասում բարձրաքանդակ «օջախ» դուրս բերուած», և նշում որ սրանք ցույց են տալիս ննջեցյալի մեծ օջախից լինելը (Լալայեան 1899, 39, նկ 5, 6)։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ նկարագրված եզակի տապանաքարերը չունեն բուխարու նմանություն (պատկերված չէ, օրինակ, բուխարու անցքը) և իրենցից ներկայացնում են գմբեթավոր եկեղեցու ոճավորումներ (գմբեթով և կամարաշարով)։

Լալայանը ներկայացնում է նաև գերեզմանատան տարածքում գտնվող մեծատունների տապանաքարերը՝ «Հետաքրքիր են մեծատունների գերեզմանաքարերը, սրանք երկու մեթրից աւելի երկարութեան, 71 սմ բարձրութեան եւ մօտ 36 սմ լայնութեան քառանկիւն քարեր են, որոնց երկու երեսների վրայ գեղեցիկ նախշերի մէջ զանազան տեսարաններ են քանդակուած» (Լալայեան 1899, 39)։

Գերեզմանատան տարածքում առկա բազմաթին արժեքավոր արձանագրություններով ու պատկերաքանդակներով խաչքարերն ու տապանաքարերը կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում Տեղի և տարածշրջանի մշակութային ժառանգության ուսումնասիրության համար (տես՝ ԴՀՎ 2, 71-74, Խուրշուդեան 2022, 398-407)։

Պատմական գերեզմանատունը վնասվել է տարբեր գյուղատնտեսական աշխատանքներից, համայնքի ընդարձակումից, նոր ճանապարհներից և ավելի ուշ ու ժամանակակից գերեզմաններից։ Գերեզմանատան հյուսիս-արևելյան խաչքարերից մեկը առանց պատվանդանի տեղափոխվել է Տեղ-Արավուս ճանապարհի ձախակողմյան կողմում գտնվող սոճիների պուրակ (ԴՀՎ 2, 71, արձ. № 202, Խուրշուդեան 2022, 398, նկ․ 7)։

Նկ․ 5 Եկեղեցու ոճավորմամբ տապանաքարերից, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 6 Եկեղեցու ոճավորմամբ տապանաքարերից, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 7 Արձանագիր խաչքար Տեղ-Արավուս ճանապարհին, լուս․ Հ Պետրոսյանի։

Վիճակը 2020-2022 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղ գյուղի մեծ գերեզմանատունը հայտնվել է սահմանից շուրջ 800 մետր հեռավորության վրա։

 Գրականություն

  1. ԴՀՎ 2 - Դիվան հայ վիմագրության, պր. 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմող Ս. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ․, Երևան, 1960:
  2. Լալայեան 1899 - Լալայեան Ե․, Զանգեզուրի գաւառ, հատոր Բ, Թիֆլիս։
  3. Խուրշուդեան 2022 - Խուրշուդեան Ս․, Տեղ գիւղի պատմական յուշարձանները եւ նորայայտ վիմագրերը, Սիոն, թիւ 8-12, Երուսաղէմ։
  4. Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: