Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Խաչին խութ գերեզմանոցը

Գտնվում է Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղից հարավ անտառապատ բլրի վրա։ Գերեզմանոցը բավական մեծ տարածք է զբաղեցնում, մոտ 0,3 հա։ Տապանաքարերի մի մասը պարզ, անմշակ քարերից է, սակայն գերակշռողը կանոնավոր սեղանաձև են (նկ․ 1, 2)։ Խաչքարերից որոշները տեղաշարժած են իրենց հիմնական վայրից (նկ․ 3), պահպանվել են նաև խաչքարերի տարբեր չափսերի բեկորներ։ Գերեզմանոցում շիրմաքարերն ու խաչքարերը ժամանակագրորեն կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ 13–14-րդ դարեր և 17–20-րդ դարեր։ Ընդ որում հին և նոր թաղումները տեղագրորեն խմբավորված չեն և հիմնականում խառն են։ Գերեզմանատան տարածքում իրենց արվեստով, մեծությամբ և վիմագրով աչքի ընկնող մի քանի խաչքարեր կան։ Դրանցից մեկի արձանագրությունը խաչքարի թիկունքին է․ «Թի[ւն] ։ՉԲ։ (1253 թ.)։ Իշխանո/ւթի[ւն] Հասանա/յ, ես՝ Սնպատ և/ եղբարք իմ կա/նկեցի զխաչս/ բարէխաւս ա/ռ Ք[րիստո]ս ինձ և ամ/ուսին իմոյ Կատ/ային, զոր ետ պա/րոն մեզ հայրեն/իք և գերեզմա/նայտեղ։ Ք[րիստո]ս/ աւգնէ իւ/ր որդեա/ցն, ամ/են» (ԴՀՎ 1982,140, նկ․ 4)։ Արձանագրության մեջ հիշատակված Հասանը՝ Խաչենի տիրակալ Հասան Ջալալն է, որն ունեցել մեկ ուստր և երեք դուստր։ Տվյալ դեպքում որդիների տակ պիտի հասկանալ նրա զավակներին՝ անկախ սեռից։ Խաչքարի դիմերեսին պատկերված են Սնպատը, կինը՝ Կատան և զավակը, խնջույքի սեղանի շուրջ (նկ․ 5, 6)։ Ընտանեկան խնջույքն Արցախի խաչքարային պատկերաքանդակի տարածված թեմաներից էր։ Սրանից դեպի հարավ գտնվող երկու մասի բաժանված խաչքարերից մեկի վրա կարդում ենք. «Մեք/՝ Հևետ/իքայ որ/դիքս՝ Պապա/[ք], Սնպատ, Սարգիս…» (ԴՀՎ 5, 140, նկ․ 7, 8)։ Այս խաչքարը ևս վերաբերում է 13-րդ դարի կեսերին։ Նոր տապանաքարերից առանձնանում է սուրը ձեռքին հեծյալի բարձրաքանդակով մի շիրմաքար, որի վրա կարդում ենք․ «Այսէ տապան լուսահոգի Յարութիւնի Մովսէսեան-Գրիգորեանց, որը տաճկական պատերազմի ժամանակ Քարագլուխ գիւղը վերցնելու օրը չխնայելով իւր երիտասարտական կեանքը ազգի համար զոհ գնացաւ տաճկական գնդակի հարուածով` ջուխտ խաչերի առջև 23-ին սեպտեմբերի 1918 թւ․ 35 տարի հասակում» (նկ․ 9)։ Խաչին խութ տեղամասից դեպի արևելք, Աղաքար կոչվող հանդամասում պահպանվել են բնակատեղիի հետքեր, բազմաթիվ տապանաքարեր, որոնք վերաբերում են 16 -17-րդ դարերին։ Գրականություն Բարխուտարեանց 1895 — Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։ ԴՀՎ 5 — Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյանը, Երևան, 1982։

Եղցի (Քիլիսա) գյուղի եկեղեցին

Տեղադրությունը Եղցի գյուղատեղին գտնվում է Արցախի Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանում, Տրտու գետի միջին հոսանքի ձախակողմյան ձորակի միջնահովտում, ծովի մակերևույթից 1620 միջին բարձրության վրա, գյուղատեղիի կենտրոնական մասում (նկ․ 1): Պատմական ակնարկ  Գյուղի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն, հայտնի չէ նաև պատմական անունը։ Տեղանունը Եղցի է անվանակոչվել Քարվաճառի վերաազատագրումից հետո։ Ըստ երևույթին, 19-րդ դարավերջին գյուղում հաստատված քրդերը, ելնելով կանգուն պահպանված եկեղեցու առկայությունից, գյուղն անվանել են Քիլիսա։ Դատելով եկեղեցու ճարտարապետական և շինարարական լուծումներից, հավանաբար կառուցվել է 17-րդ դարի սկզբին։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցվել է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով (նկ․ 2)։ Թաղակապ ծածկով միանավ բազիլիկ է (արտաքին չափերը՝ 14,15×7,80 մետր)։ Կիսաբոլորակ թաղածածկը հենված է երկու զույգ որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 3)։ Արևելյան կողմից կիսաշրջանաձև խորանը հյուսիսից ու հարավից ունի ավանդատներ (նկ․ 4)։ Ներսում, հյուսիսային պատում գտնվում մկրտության ավազանախորշը։ Ավանդատներն ունեն ուղղանկյուն հատակագիծ և չունեն լուսամուտներ։ Եկեղեցու սրահի լուսավորությունը լուծվել է արևելքից, հարավից և արևմուտքից բացված թվով չորս փոքրիկ լուսամուտներով։ Միակ մուտքը բացված է հարավից (նկ․ 5)։ Եկեղեցու առավել ընդգծված հատվածը շքամուտքն է, որի շրջանակի և բարավորի համար գործածվել են 11-րդ (ձախինը) և 13-րդ (վերինը և աջինը) դարերին վերաբերվող երեք խաչքարեր (նկ․ 6)։ Կողային երկու խաչքարերը կրում են արձանագրություններ։ Կողային ձախ խաչքարի պատվանդանին կարդում ենք․ «Ես՝ Հասան Սակռի որ[դի], կան(գն)եցի ս(ուր)բ նշ/անս բարեխաւս ի(ն)ձ եւ իմ ն(ն)ջեցե(լոցն)» ։ Մյուս խաչքարի ստորին հատվածում թվակիր արձանագրությունն է, որտեղ կարդում ենք․ «Ի թվիս հայոց ՈՂԵ (1246)/ էր, ես՝ Գրիգոր դարբ/ոյն, կա(ն)գնեցի զխաչս / ինձ [եւ ա]մու[սնոյ ի]մոյ (Կարապետյան 2019, 380)։ Ամբողջական և բեկորատված խաչքարեր են օգտագործվել նաև լուսամուտների վերնամասերում և կողերին։ Եկեղեցու շուրջը եղել է գերեզմանատուն, որից գրեթե ոչինչ չի պահպանվել, բացառությամբ հարավային բակում առկա մեկ տապանաքարի։ Մնացյալ գերեզմանային հուշարձանների և խաչքարերի բեկորները տեսանելի են 20-րդ դարի երկրորդ կեսին կառուցված գյուղական տների պատերում և շրջակայքում։ Եկեղեցուց մոտ 20 մ հյուսիս մի ժայռազանգվածի վրա պահպանվել են տասնյակ խաչաքանդակներ (Կարապետյան 2019, 380-384)։ Եկեղեցու հյուսիսային պատը ծածկված է հողով և ձուլված թեք լանջին։ Ծածկը արևմտյան հատվածը մասամբ քանդված է։

Հանդաբերդի վանքը

Տեղադրությունը: Համալիրը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում  (Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջան, այժմ` Ադրբեջանի վերահսկողության ներքո), Լևոնագետի աջ ափի երկարությամբ ձգվող անտառապատ լեռնաբազկի մի գոգավորության բարձրադիր ափի եզրին, ընդարձակ բացատի հարավարևելյան կողմում, Հանդաբերդ ամրոցից մոտ մեկ կիլոմետր հյուսիս-արևելք մոտ, որը տարածքի ընդարձակ ամենահզոր ամրոցն է: Ամրոցը եկեղեցական որևէ կառույց չունի, և հավանական է, որ վանքը նախ և առաջ սպասարկել է բերդի բնակիչների պահանջմունքները։ Գործունեությունը: Համալիրի շինությունների հիմնական մասը, ըստ շինարարական արձանագրության, 1276 թվականին կառուցել է Դավիթ վարդապետը` տեղում գոյություն ունեցող ավելի հին եկեղեցու շուրջ (նկ. 1)։ 13-րդ դարի երկրորդ կեսում, մոնղոլական դաժան տիրապետության պայմաններում, վանական համալիրների հիմնադրումն ավելի հաճախ ձեռնարկվում էր հենց հոգևորականների կողմից` նրանց միջոցներով և նույնիսկ ֆիզիկական ջանքերով։ Այդ պատճառով էլ ճարտարապետական լուծումներն ու հարդարանքն անհամեմատ ավելի համեստ են: Այդ պարզ ու անպաճույճ կառույցները մի կողմից աներկբա վկայությունն են քաղաքական և տնտեսամշակութային անկման։ Մյուս կողմից էլ` դրանք յուրօրինակ մի շտեմարան են պարզելու, թե մշակույթն ինչպես էր արձագանքում և փորձում հարմարվել նոր ծանր պայմաններին` պահպանելով ազգային ինքնության հիմնական նվաճումները։ Հանդաբերդի վանքի գործունեության ամենածաղկուն փուլը վերաբերում է 13-14-րդ դարերին, մի ժամանակաշրջան, երբ հայ հանրությունն ու մշակույթը փորձում էին պահպանել հին ավանդույթները` բայց և համակերպվել ռազմաքաղաքական աննախադեպ վայրիվերումների արտառոց իրավիճակին։ 13-րդ դարի առաջին երեսնամյակը Զաքարյանների ազատագրական առաքելության հետևանքով դինամիկ զարգացող քաղաքական հարաբերություններով, տնտեսությամբ և մշակույթով երանելի մի դարաշրջան է, որի ստեղծագործ շունչը մշակութային կյանքում զգացվում էր մինչև դարի կեսերը կամ մի քիչ էլ ավելի: 13-րդ դարի երկրորդ կեսը` ընդհուպ մինչև դարի վերջը, քաղաքական առումով միանգամայն այլ շրջան էր` դաժան օտար տիրապետություն, որի ժամանակ հիմնական միտումը դառնում են մաքառումն ու գոյատևումը, բարեկեցության միակ ձևը` նվաճողին ռազմական ծառայություն մատուցելը: Հանուն հայրենի երկրամասի կռվել հզորների համար և զոհվել հեռուներում` այսպիսի ճակատագիր էր վիճակված 13-րդ դարի Արևելյան Հայաստանի համարյա բոլոր իշխանական տների արի ներկայացուցիչներին։ Հեծյալ ռազմիկը ժամանակի շունչն էր, հայրենի կալվածքի անխախտության և եկեղեցու շենության գրավականը։  Մոնղոլները ոչ միայն նվաճեցին, թալանեցին ու ավերեցին երկիրը, իրականացրին զանգվածային կոտորածներ, այլև ստիպեցին նվաճված երկրների ռազմական ուժին` մասնակցել իրենց հետագա նվաճումներին։ Սա տեղական իշխանների համար տանելի մի տարբերակ էր, քանի որ մոնղոլներն այս դեպքում հրաժարվում էին ենթարկյալ իշխանական տիրույթների հետագա ավերումներից, բավարարվելով միայն հարկահանությամբ։ Ինչպես պարզվում է աղբյուրների մանրամասն քննությամբ, Վերին Խաչենի Դոփյան իշխանական տունը, որի ենթակայությամբ գտնվում էր Հանդաբերդի վանքը, նման կենսաձևի ամենահայտնի հետնորդներից էր: Նման իրավիճակում մշակույթի գերխնդիրը դառնում է` փոփոխվող պայմաններին հարմարվելով հանդերձ` հայ ինքնության պահպանությունը, մի առաքելություն, որ լավագույն կերպով դիտելի է և Հանդաբերդի վանքում։ Ճարտարապետական քննություն: Վանքր տարածքը նախօրոք ենթարկվել է ինժեներական մշակման. ստեղծվել են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք իջնող դարավանդ-հարթակներ, որոնց վրա էլ իրականացվել է կառուցապատումը։ Վանական համալիրն իր կազմում ներառում է կառույցների երկու խումբ (նկ. 2), որոնցից հիմնականը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, նրան կից երկու մատուռներից, ժամատուն-գավթից ու վերջինիս հյուսիսից կցված մատուռից, արևմուտքից կցված զանգակատնից, տապանաբակից (նկ. 3):

Սպիտակ խաչ վանքը

Տեղադրություն  Սպիտակ խաչ վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից անմիջականորեն հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։     Պատմական ակնարկ Վանքի Սպիտակ խաչ անվանումը  կապվում է մի ավանդության հետ, ըստ որի՝ Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և լանջական բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո այդ սրբությունները տեղափոխվում են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստանում է Սպիտակ խաչ անվանումը: 19-րդ դարի կեսերին այստեղ այցելած Սարգիս Ջալալյանցն իր ճամփորդական նոթերում գրում է, որ այդ խաչին  «․․․ բազմաթիվ ուխտավորներ են [այցի] գալիս` խոյերի ու հորթերի մատաղներ [անելով]։ ․․․ Ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Այստեղ տեսա չորս կաթողիկոսների կոնդակներ` այս աթոռի հաստատման [վերաբերյալ], այն է` Հովհաննի, Եսայու, Ներսեսի և Սիմեոնի, [որոնք տրվել են] Սրապիոն քահանայի սերունդներին, ովքեր որդուց որդի եղել են և այժմ էլ այս եկեղեցու և խաչի վերակացուներն են։ Ծերունիները պատմում են, թե անզգուշության պատճառով պատահեց այնպես, որ այրվեցին այն թաշկինակները, որոնցով փաթաթված պահվում էր խաչը, որոնց հետ նաև խաչը, բայց խաչը ոչնչով չվնասվեց` միայն ներսում մի փոքր ճաք առաջացավ, որից հետո խաչը արծաթապատվեց և պահվում է զգուշությամբ» (Ջալալեանց 1858, 263): Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, պահպանված արձանագրություններից ամենահինը` փորագրված եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ, թվագրված է 1333 թվականով. «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. :ՉՁԲ: (1333)» (Բարխուտարեանց 1895, 68): Հետագա արձանագրությունները փաստում են եկեղեցու վերանորոգումների մասին։