Վերին Սզնեքի սբ. Հակոբ եկեղեցին, սրբատեղին, խաչքարերը

Տեղադրությունը

Վերին Սզնեք գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է գյուղի արևմտյան եզրամասում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տվյալները բացակայում են: Մակար Բարխուդարյնացը հիշատակում է միայն գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին. ‹‹…եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր...›› (Բարխուտարեանց 1895, 101):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է: Կառուցված է կոպտատաշ և անտաշ փոքր քարերով, կրաշաղախով, սրբատաշ քարով են շարված միայն մուտքի քարերը, եկեղեցու անկյունաքարերը և պատուհանների շրջանակները (նկ. 2): Եկեղեցու միակ մուտքը բացվում է հարավային ճակատից: Արևմտյան կողմից եկեղեցին հենվում է թեքադիր սարալանջին: Մուտքից ոչ հեռու առկա է մեկ մեծ ու լայն պատուհան, մնացած ճակատների պատուհանները փոքր են: Եկեղեցին ներքուստ թաղածածկ է: Վերջինս հենվում է աղոթասրահի երկայնական պատերին: Ուշագրավ է, որ դռան ճակատակալ արձանագիր քարը տեղադրված է մուտքի ձախակողմյան պատին (նկ. 3): Բարավորի վրայի արձանագրությունը հետևյալն է. ‹‹82 թ. սկսաւ ս[ուր]բ Յակոբայ եկեղեցիս։ Կառուցաւ ս[ուր]բ եկեղեցիս ծախիւք եւ արդեամք վերինսզնեքեցի Աւետիս Աղաբէկ՝ կամ Սարգիս Յակոբեան Դովլաթեանց՝ ի հալալ վաստակոց իւրոց, 85 թ. օծեց Գրիգոր եպ[իս]կ[ոպո]սն››: Դատելով արձանագրությունից՝ 1882 թվականին սկսված շինարարությունը ավարտվել է 1885 թվականին: Թերևս արձանագիր բարավորը վերաբերում է սբ․ Հակոբ եկեղեցու ավելի հին շինությանը, որը վերակառուցվել է, քանի որ ներկայիս մուտքի տեսքը այլ է և չի համապատասխանում բարավորին: Նման վերակառուցում կարող էր արվել 20-րդ դարի սկզբներին՝ նախքան խորհրդային կարգերի հաստատումը (նկ. 4):

Նկ. 2 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 3 Եկեղեցու շինարարական արձանագրությունը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 4 Գյուղի սրբատեղին, լուս. Ա․ Գրիգորյանի։

Սբ․ Հակոբ եկեղեցուց 80-100 մետր հյուսիս գտնվում է գյուղի սրբատեղին: Այստեղ կարող ենք տեսնել մի յուրահատուկ ‹‹սրբարան›› (նկ. 5), որը կառուցվել է ուղղաձիգ դրված երկու խաչաքանդակ տապանաքարերից և դրանց վրա հոիզոնական դիրքով դրված երրորդ տապանաքարից, որի վրա հավելվել է կառուցման արձանագրությունը. ‹‹Այս է մատուրս հիշատակ  Էղազար Շաքարեանցին, 1910 թ››:

Գյուղի տարածքում է գտնվում նաև խաչքարերի մի փոքրիկ պուրակ, որը վերջին տարիներին բարեկարգվել է, ներառվել ծածկի տակ՝ դառնալով նոր սրբատեղի (նկ. 6, 7):  Հատուկ նշելի է 9-10-րդ դարերի խաչքարը (նկ. 8), որի երկբլթակ թևերով ելդավոր խաչն ստացվել է ուղղանկյուն խորանի ետնախորքը հեռացնելու տեխնիկայով։

Նկ. 5 Գյուղի սրբատեղին, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 6 Գյուղի խաչքարերը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 7 Գյուղի խաչքարերը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 8 Գյուղի խաչքարերը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին թեև չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ, սակայն գտնվում է վթարային վիճակում, պատերին առկա են ճաքեր, տանիքի վրա կա խոտածածկույթ: Խորհրդային տարիներին, երբ շինությունը օգտագործվում էր տնտեսական նպատակներով, երկթեք տանիքը պատվել է նոր ասբեստե ծածկով (նկ. 9): Այն ներկայումս կիսաքանդ է:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գյուղը դարձել է սահմանամերձ, քանի որ գյուղից 600-800 մետր հեռավորության վրա են գտնվում թշնամու դիրքերը: Գյուղը նշանառության տակ է ադրբեջանական դիրքերից, նշանառության տակ են նաև եկեղեցին և սրբատեղին:

Նկ. 9 Եկեղեցու տանիքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Գրականություն

Եկեղեցու, սրբատեղիի և խաչքարերի մասին մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի տեղեկությունների և մեր թիմի կողմից արված լուսանկարների վրա։

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, Արօր։
Վերին Սզնեքի սբ. Հակոբ եկեղեցին, սրբատեղին, խաչքարերը
Վերին Սզնեքի սբ. Հակոբ եկեղեցին, սրբատեղին, խաչքարերը
Վերին Սզնեք
Արցախ