Ինը մաս անապատը

Տեղադրությունը Ինը մաս անապատը գտնվում է համանուն սարահարթի վրա, որը տարածվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Կուսապատ և Մոխրաթաղ գյուղերի միջև: Հուշարձանախումբը տեղակայված է Հին Մոխրաթաղ գյուղատեղիից 500 մետր դեպի արևելք, բլրի վրա՝ շրջապատված լեռներով, թավ անտառներով, դրանց միջով հոսող առուներով ու գետակներով: Այս բնական համակարգը պատնեշ է դարձել անապատի համար։ Ներկա՝ Ինը մասանց (կամ Անապատ) կոչվող եկեղեցին (նկ․ 1) գտվում է գյուղատեղիի հարավային եզրին՝ ձորաբերանի մոտ, ուր նկատելի են նաև այլ պաշտամունքային կառուցվածքների ավերակները (ԴՀՎ 5, 93)։ Համալիրն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Հին Մոխրաթաղ գյուղը ժամանակին եղել է խոշոր բնակատեղի և մելիքական նստավայր՝ ունենալով մինչև 700 տուն բնակչություն: Գյուղատեղիի և անապատի մասին պատմական տեղեկություններ քիչ են պահպանվել: Դրանց մասին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը՝ նշելով բնակատեղիի տեղադրության, այնտեղ պահպանված եկեղեցու, Մելիք Իսրայելյանների ապարանքի և իշխանական տան գերեզմանոցի մասին։ Հեղինակը գրում է նաև, որ իր այցելած ժամանակ գյուղատեղին արդեն լքված էր, իսկ բնակիչները տեղափոխվել էին Նոր Մոխրաթաղ (Բարխուտարեանց 1895, 216, 217)։ Ջալալյանցը նշում է Հին Մոխրաթաղում (որը նա Փոքր գյուղ է անվանում) երկու եկեղեցիների (Ինը մասանց, Աստվածածին) և Մելիք Ադամին պատկանող ապարանքի մասին (Ջալալեանց 1842, 180)։ Նրանց հաղորդմամբ Ինը մաս անապատը եղել է տեղացիների և շրջակա գյուղերի բնակիչների սիրված ուխտատեղին: Համալիրի անվան ծագման հետ կապված տեղեկություններ չկան, միայն ենթադրելի է, որ այն իր անունն ստացել է այնտեղ պահվող ինը մասունքների շնորհիվ։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ինը մաս անապատը տարբեր բնույթի շինությունների համալիր է եղել։ Այսօր պահպանվել են գլխավոր եկեղեցին, գավթի պատերը, տապանաքարեր, երկու տասնյակից ավելի արձանագրություններ և կոթողային այլ հուշարձաններ: Ենթադրվում է, որ տեղում եկեղեցի է եղել դեռևս 12-րդ դարում, ինչի մասին վկայում են գլխավոր եկեղեցու պատերին ագուցված` 12-13-րդ դարերին պատկանող խաչքարերը: Ներկա եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին, ինչի մասին վկայում է հյուսիսային պատի արձանագրությունը. «Ի 1881 ամի շինեցաւ Սուրբ ուխտս Ինն Մասանց տրոք ժողովրդոց ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց» (Բարխուտարեանց 1895, 217): Կառուցման երկրորդ արձանագրությունը գտնվում է խորանի ձախ կողմում՝ որմնասյան հարավային կողին․ «Շինեցաւ Ս[ուր]բ Ին Մասանց սեղանն ի տուրս Սհարխանումին վասն հոգոյ Յարու[թիւն]ի Բէկ Աթաբեկեանի, Կուսապատ գեղ, 1884 ամի» (Բարխուտարեանց 1895, 217): Արձանագրություն է պարունակում նաև մուտքի բարավորը (Քերոբյան 1984, 238) (նկ․ 2): Ներկա եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, արտաքին 8,0 x13,0 մետր չափերով դահլիճ է (նկ․ 3)։ Այն կառուցված է անմշակ և կոպտատաշ մշակում ունեցող քարերով։ Հիմնական շինանյութը կրաքարն է, օգտագործվել է նաև ավազաքար և գետաքար։ Եկեղեցու պատերի անկյունները, խորշերը, կամարները, ինչպես նաև բացվածքների շրջանակները կառուցվել են սրբատաշ կրաքարից։ Կառուցման այսպիսի եղանակ ենք հանդիպում նաև Արցախին հարևան Սյունիքի ճարտարապետական համալիրներում։ Շինությունները հիմնականում կառուցվել են կոպտատաշ մշակում ունեցող քարերով, իսկ կանոնավոր ձևի սրբատաշ քարերն օգտագործել են անկյուններում, կամարներում, գմբեթարդներում, թմբուկներում և կոնստրուկտիվ տեսակետից ավելի պատասխանատու տեղերում (Հասրաթյան 1973, 151)։ Միակ մուտքը բացված է եկեղեցու արևմտյան պատի հարավային անկյան կողմից՝ երկայնական առանցքից շեղված։ Այս կողմում՝ մուտքին կից բացված է նաև մեկ լուսամուտ։

Զարդանաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի կենտրոնում (նկ. 1): Պատմական ակնարկ Զարդանաշեն գյուղը հայտնի էր նաև Վերին Թաղավարդ անունով (Բալայան 2020, 424): Այս գյուղի եկեղեցու նկարագրությունը տալիս է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նորաշէն ժողովրդեան ծախքով, քարուկիր եւ տակավին առանց օծուելու, երկարութիւնն 18 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ, քահանայ մի…» (Բարխուտարեանց 1895, 91): Եկեղեցու կառուցման թվականը Մակար Բարխուդարյանցը չի հիշատակում: Զարդանաշեն գյուղի տարեցները բանավոր խոսքում նշում էին, որ գյուղի եկեղեցին կառուցել են Ներքին Թաղավարդի Սբ․ Աստվածածին եկեղեցու շինարարները (Բալայան 2020, 424): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցված է տեղական սպիտակ կրաքարով՝ փոքր ու միջին չափերի քարերով, կրաշաղախով: Սրբատաշ քարից են միայն անկյունաքարերը, գլխավոր մուտքը և պատուհանները: Եկեղեցու գլխավոր մուտքը հարավից է, այն կամարակապ է՝ ձևավորված կրկնակի կամարով (նկ. 2): Արևմտյան կողմում եկեղեցին ունի մի փոքր մուտք: Բարավորին փորագրված է երեք խաչ և կենտրոնում առանձնացված է շինարարական արձանագրությունը փորագրելու տեղը, սակայն, արձանագրություն չկա: Եկեղեցին ունի երեքական պատուհան հարավային և հյուսիսային ճակատներում (նկ. 3): Ներքուստ այն միանավ, թաղակապ շինություն է ավանդատներով (նկ. 4):

Ներքին Հոռաթաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Ներքին Հոռաթաղը համեմատաբար երիտասարդ բնակավայր է, որը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին և գործել մինչ խորհրդային կարգերի հաստատվելը։ Գյուղի մասին հակիրճ տեղեկություններ է փոխանցել Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ, որտեղ նշում է․ «Հոռաթաղ, որ կից է Կուսապատի այգիներին, թէպէտ կազմում է առանձին գիւղ, սակայն ծխաթիւն անբաժան է» (Բարխուտարեանց 1895, 155)։ Ըստ երևույթին գյուղի եկեղեցու հոգևորականն այստեղ էր գալիս հարևան Կուսապատից։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով 16․2×7․5 մետր չափերով և 9․6 մետր բարձրությամբ եռանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական դեղնավուն կրաքարով և կրաշաղախով։ Ամբողջապես երեսպատված է կիսամշակ և սրբատաշ քարերով։ Թաղածածկը հենված է 8 պատկից և 4 առանձին սյուների և դրանցից բարձրացող կամարների վրա (նկ․ 2, 3)։ Արտաքուստ ունի դեպի հյուսիս և հարավ նվազող երկթեք տանիք։ Արևելքից խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են։ Ունի կիսաշրջանաձև խորան և բարձր բեմ։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան մեկական պահարան-խորշեր։

Նոր տվյալներ Ծովատեղ գյուղի Կարմիր եկեղեցու վերաբերյալ

Տեղադրությունը Կարմիր եկեղեցի համալիրը, որը հայտնի է նաև Մելիք Փաշայանների դամբարան անունով, գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի արևելյան կողմում՝ հին գերեզմանոցի տարածքում, մի բլրի վրա (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Մեր կայքն արդեն ներկայացրել է այս հետաքրքիր հուշարձանը (Կարմիր եկեղեցին (Մելիք Փաշայանների դամբարանը)): Ներկա քննությունը, հաշվի առնելով հուշարձանում իրականացված պեղման աշխատանքները, նոր հանգամանքներ է պարզում: Պատմական ակնարկ Հուշարձանի մասին տեղեկություններ են պահպանվել Սարգիս Ջալալյանցի, Մակար Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի աշխատություններում (Ջալալեանց 1858, 333-334; Բարխուտարեանց 1895, 106-107; Լալայան 1897, 49-50)։ Համաձայն Ս․ Ջալալյանցի՝ Ծովատեղ գյուղի «յարևելս կոյս ի վերայ փոքրիկ բլրոյ գոն խիտ առ խիտ շիրիմք, յորոց միջի գտանի քառախորան սագաշեն եկեղեցի, յորոց երեքն են ընդ երկրաւ, իսկ մին կիսով չափ ի վեր քան զմակերևոյթ հողոյ, … ըստ որում ի նոսա են գերեզմանք Մելիքաց բազմաց, ընդ որո և շիրիմք մելիք Փաշայի և Սահակ եպիսկոպոսի,․․․» (Ջալալեանց 1858, 333)։ Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ «Այս անուամբ է կոչուում Մէլիք Փաշաեանցների դամբարանն, որ կայ գիւղիս արևելեան կողմում, ոչ այնքան հեռի, մի բլրակի վերայ։ Դամբարանիս շուրջն հանգիստներ են հնուց խիտ առ խիտ ամփոփուած, որի մէջ կան և խաչազարդ տապանաքարեր։ Դամբարանս ստորերկրեայ է և բաղկացած չորս պատկից մատուռներից, որոց Ա-ն մեծ, Բ-ն միջակ մատուռներ են։ Գ-ն եկեղեցի է, Դ-ն փոքր մատուռ է։ Լայնութիւնից լայնութիւն պատկից մատուռներս հաղորդակցութիւն ունին միմեանց միջնադռներով։ Ա-ն մեծ մատուռն վնասուած է գագաթնագիծ ճեղքուածքով, որի հարաւային պատն և դուռնն միայն են երևում. քանզի ստորերկրեայ են բոլոր մատուռներս» (Բարխուտարեանց 1895, 107): Այսպիսով, եթե Սարգիս Ջալալյանցը խոսում է մեկ քառախորան եկեղեցու մասին, որի միայն մեկ խորանը «կիսով չափ բարձր է հողի մակերևույթից», իսկ «երեքը հողի տակ են», ապա Մակար Բարխուդարյանցը նշում է ՝ «Դամբարանս ստորերկրեայ է և բաղկացած չորս պատկից մատուռներից, որոց Ա-ն մեծ, Բ-ն միջակ մատուռներ են։ Գ-ն եկեղեցի է, Դ-ն փոքր մատուռ է»։ Եկեղեցու կառուցման արձանագրությունը տեղում չի պահպանվել։ ժամանակին այն տեսել են Սարգիս Ջալալյանցն ու Մակար Բարխուդարյանցը։ Ս․ Ջալալյանցը գրում է. «Ի դրան եկեղեցուաց ։ՋԾԵ։ թուին Ես Պետրոս եպիսկոպոս յիշատակ է եկեղեցի զվանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց» (Ջալալեանց 1858, 333)։ Այսինքն, ըստ Սարգիս Ջալալյանցի, եկեղեցին կառուցվել է 1506 թվականին, և այն կառուցել է Պետրոս եպիսկոպոսը: Ըստ Մակար Բարխուդարյանցի ընթերցման եկեղեցին կառուցվել է 1621 թվականին Դավիթ եպիսկոպոսի կողմից. «Թվ. :ՌՀ: Դաւիթ եպիսկոպոս. յիշատակ է եկեղեցի վանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց» (Բարխուտարեանց 1895, 108)։ Բարխուդարյանցին կրկնում է Երվանդ Լալայանը՝ բառացիորեն մեջբերելով Բարխուդարյանցի ընթերցածը (Լալայան 1897, 149): Այսպիսով, Մակար Բարխուդարյանցն ու Երվանդ Լալայանը եկեղեցու կառուցման թիվ են նշում 1621 թվականը։ Նշենք, որ եկեղեցու խորանի հյուսիսային ու հարավային կողմերում տեղադրված խաչքարերի արձանագրություններն ունեն 1576 և 1586 թվականները (նկ. 2, 3):

Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Աշան գյուղում՝ Հին Աշան գյուղատեղիում (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Աշան գյուղը գտնվում է Մարտունի քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք։  Ըստ Մ․ Բարխուդարյանցի․ «․․․բնակչաց կէս մասն բնիկ են, իսկ մնացեալ մասն տեխափոխուած են Ջրաբերդից» (Բարխուտարեանց 1895, 121)։ Սբ․ Աստվածածին եկեղեցին, դատելով հարավից բացված շքամուտքի ծավալային լուծումից և հարուստ քանդակներից (նկ. 2), որոնք համեմատելի են Հերհերի, Ծակուռիի Ծաղկավանքի, Երից Մանկանց տաճարների շքամուտքերի հետ, այն ակնհայտորեն 17-րդ դարի կառույց է: Շքամուտքի բարավորը հարդարված է չորս ռելյեֆ խաչերի համադրությամբ կազմված հորինվածքով: Բարավորից վերև ագուցված են խաչերով և վեցակող շրջանակների մեջ ներառված վեցաթև աստեղերով հարդարված սալեր: Հետագայում բարավորի ձախ անկյունում փորագրվել է եկեղեցին սալելու մասին արձանագրությունը (նկ. 3). «Յ[իշատա]կ [է] զ[այ]ս եկ[ե]ղ[եցոյ]ն քարէ յադակն Նանսի տէր Աւաքից, 1896» (արձանագրությունը հրատարակվում է առաջին անգամ): Եկեղեցին սալելու արձանագրությունը շփոթության մեջ է գցել որոշ հետազոտողների, որոնք այն համարել են 19-րդ դարի կառույց:

Ավդուռ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Ավդուռ գյուղում (նկ․ 1, 2)։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Խանցք գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Սբ. Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խանցք գյուղի կենտրոնում (նկ. 1): Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Համաձայն արևմտյան մուտքի բարավորի վրա փորագրված շինարարական արձանագրության (նկ. 2)՝ եկեղեցին 1673 թվականին կառուցել են Աղվանից Պետրոս կաթողիկոսը և իր ընտանիքի անդամները, ովքեր Խանցք գյուղից էին. «Ի :ՌՃԻԲ: թվին ես Պետրոս կաթողիկոս Աղուանից ի գեղջէս Խանցքայ, հայրն իմ Մանկասար, մայրն Ադխանն և աւաք եղբայրն իմ Իշխանն եւ իւր որդիքն Ովանէսն, Պապաջանն և իւր թոռ Մանկասարն և տատ Խաթունն շինեցաք զեկեղեցիս յիշատակ մեզ և ննջեցելոց մերոց» (ԴՀՎ 1982, 143, Բարխուտարեանց 1895, 159): Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարից, կոպտատաշ մեծ ու փոքր քարերով, կրաշաղախով: Սրբատաշ են միայն մուտքն ու եզրաքարերը, լուսամուտները (նկ. 3-5)։ Այն ուղղանկյուն միանավ կառույց է, ներքուստ՝ թաղածածկ (նկ. 6): Թաղը հենվում է կառույցի պատերի, խորանի կամարակապի և թաղակիր կամարների վրա: Աբսիդը կիսարջան է, գմբեթարդով, կից ունի հյուսիսային և հարավային մեկական ավանդատուն: Բեմի բարձունքը չի պահպանվել. այն այժմ աղոթասրահի հատակի հետ ունի նույն մակարդակը: Միակ մուտքն արևմտյան կողմից է: 19-րդ դարում եկեղեցու լուսամուտները լայնացվել են:

Մոխրաթաղ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի արևմտյան հատվածում (նկ․ 1), գյուղի հին թաղամասի կենտրոնում։ Պատմական ակնարկ Մոխրաթաղ գյուղը գտնվում է Մարտակերտ քաղաքից 4 կմ արևմուտք, Հին Մոխրաթաղ գյուղատեղիից շուրջ 2 կմ հյուսիս-արևելք։ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1883 թվականին, Մոխրաթաղ գյուղի հասարակության և շուշեցի Մեսրոպ Թառումյանի միջոցներով։ Ըստ եկեղեցու տարածքում պահպանված խաչքարերի և բեկորների (նկ․ 2), կարելի է եզրակացնել, որ ներկայիս շինությունը կառուցվել է ավելի հին սրբատեղիի տարածքում։ Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ « ՆՈՐ-ՄՈԽՐԱԹԱՂ. Հիմնուած է Կուսապատի հիւսիսային կողմում, տեսարանն զմայլելի (դաշտահայեաց) սեռի վերայ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90-100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 11 մետր։ Քահանայ մի։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Ես Շուշուայ քաղաքի բնակիչ Մեսրոպ Թառումեանս կառուցի ծախիւք իմօք յանուն Աստուածամօր վասն անյիշատակ հանգուցեալ եղբարցն իմոց Աբրահամայ, Գրիգորի եւ որդւոյն իմոյ Աստուածատրի Մ. Թառումեանց ի 1883 ամի»։ Ծուխ 85. ար. 394. իգ. 349» (Բարխուտարեանց 1895, 218-219)։ Մակար Բարխուդարյանցը տեղեկություն է փոխանցում, որ եկեղեցու կառուցման մեջ իր մասնակցությունն է ունեցել գյուղի հասարակությունը, և եկեղեցու շինարարությունը հասցրել է մինչև թաղակապի հատվածին։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով 15,2 x 8,3 մետր արտաքին չափերով և 8 մետր բարձրությամբ միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են միայն ճարտարապետական տեսանկյունից առավել պատասխանատու հատվածները՝ մուտքի, լուսամուտների շրջանակները, անկյունաքարերը, կամարները։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից երեքական որմնակամարների, ինչպես նաև պատկից զույգ որմնասյուների և կամարների վրա։ Արտաքուստ ունի երկթեք տանիք (նկ․ 3)։ Տանիքն ի սկզբանե եղել է կղմինդրապատ ծածկով, որը հետագայում փոխարինվել է ասբեստով։ Արևելքից ունի կիսաշրջանաձև խորան և բարձր բեմ (նկ. 4)։ Խորանի կենտրոնական հատվածում արտաքուստ խաչաձև հորինվածքով դեպի ներս լայնացող փոքրիկ լուսամուտն է։ Խորանի կողային պատերին նախատեսված եկեղեցածիսական իրերի համար որպես պահոցներ կառուցված են ուղղանկյունաձև խորշեր։ Հյուսիսային պատին, իր ավանդական տեղում կամարակապ շրջանակով, ուղղանկյունաձև որմնախորշի մեջ՝ մկրտության ավազանն է (նկ. 5)։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Լուսավորվել է արևմտյան, հարավային և արևելյան ճակատներից բացված յոթ լուսամուտներով։

Լուսաձորի (Մեհտիշեն) Սբ․ Հովհաննես եկեղեցին

Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի կենտրոնում (նկ. 1): Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Գյուղի և եկեղեցու մասին որոշ տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանան գալիս է Պալլուճայից» (Բարխուտարեանց, 1895, 156): Եկեղեցու մասին Բարխուդարյանցի հիշատակությունից բացի այլ տեղեկություն չունենք: Գյուղի եկեղեցին կառուցվել է թերևս 19-րդ դարի վերջերին: Այն հիշատակվում է 1901 թվականին Արցախի թեմի փաստաթղթերում (Բալայան, 2020, 66-67): Արցախի Հանրապետության տեղեկատվական շտեմարանում եկեղեցին նշված է որպես Սբ․ Աստվածածին: Նշենք, որ գյուղում այլ եկեղեցի չկա: Գյուղի եկեղեցին Արցախի թեմի կայքում ևս նշված է որպես Սբ․ Հովհաննես (https://artsakhdiocese.am/churches/gortsox/gortsogh-vanqer-yekeghetsiner/askerani-shrjan): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սբ․ Հովհաննես եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է (նկ. 2): Կառուցված է կոպտատաշ միջին ու փոքր չափերի կրաքարով, սրբատաշ քարից են պատուհանների շրջանակները և պատերի անկյունաքարերը, հարավային ճակատում բացվող շքամուտքը (նկ. 3): Թաղը հենվում է պատերի և պատկից սյուներից բարձրացող ընդգված սլաքաձև կամարների վրա: Եկեղեցին լուսավորվում է բոլոր ճակատներում բացված վեց լայն լուսամուտներով: Աբսիդը կիսաշրջան է, ունի երկու ավանդատուն, հյուսիսային պատում մկրտության ավազանն է (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=695&act1=more&act=filter&mtype=12&searchword=%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80):  

Այգեստան (Բալուջա) գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

 Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի հարավային հատվածում (նկ․ 1), հին թաղամասի կենտրոնում։ Պատմական ակնարկ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1839 թվականին, սակայն 1850 թվականին նույն եկեղեցու տեղում վերակառուցվել է ներկայիս եկեղեցին։ Հին եկեղեցու շինարարության մասին պատմող արձանագրությամբ մուտքի բարավորը 1850 թվականին ագուցվել է նորաշեն եկեղեցու հյուսիսային պատին։ Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցը, ով այլ մանրամասների թվում նշում է․ «Եկեղեցին նորաշէն, Սուրբ Աստուածածին, համակ սրբատաշ կրաքարով շինուած հասարակութեան ծախքով կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի մի կլոր գմբէթ ժողովրդեան աղօթած տեղից վերև, մի քարացեալ օձ ներքուստ հարաւային որմի վերայ երկու լուսամուտների մօտ, 20 մետր 10 սանթիմ երկարությիւն, 11 մետր 45 սանթիմ լայնութիւն․ քահան․ մի» (Բարխուտարեանց 1895, էջ 155)։ Հավանական է, որ կլոր գմբեթի տակ հետազոտողը նկատի է ունեցել զանգակատունը: Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Արցախի ուշ շրջանի քիչ թվով եկեղեցիներից մեկն է, որ ամբողջապես կառուցված է սրբատաշ քարերով։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից երկու զույգ մույթերի, որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 2, 3)։ Արտաքուստ ունի երկթեք տանիք։ Արևելքից խորանը կիսաշրջանաձև է, ունի բարձր բեմ, կից երկու ավանդատներ: Խորանի կենտրոնական հատվածում  տեղադրված է դեպի դուրս նեղացող փոքրիկ լուսամուտ։

Ներքին Սզնեքի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Համաձայն այժմ բակում ընկած մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1849 թվականին և կոչվել է Սուրբ Աստվածածին. «Այս է Աստ[ու]ածածնի/ Ս[ու]րբ եկեղէցիս Սէազ/նեքու. յիշատակ էլի/կըն շինէցին։ Թվին/ :ՌՄՂԸ: էր» (նկ․ 2)։ «Յիշատակէլի/կըն շինեցին» հասկանում ենք, որ «հիշվածները շինեցին»: Հնարավոր է, որ եղել է և մի այլ արձանագրություն, ուր  նշվել են եկեղեցին կառուցողների անունները: Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են պահպանվել Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունում, ուր հեղինակը նշում է․ «Ներքին Սզնեք գիւղ. հիմնուած է մօտ Վերին Սզնէքին, հողն, բերքերն և այլն նոյն․ եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ երեք։ Ծուխ 92․ ար 377․ իգ․ 350» (Բարխուտարեանց 1895, 99)։ Եկեղեցու շուրջը, հիմնականում հարավային բակում գտնվում է ուշ միջնադարյան փոքրիկ գերեզմանոցը, որտեղ եկեղեցու հարավային պատին կից պահպանվել են մի քանի ուղղանկյունաձև տապանաքարեր, որոնք պատկանել են գյուղի հոգևորականներին։ Տապանաքարերից ամենահինն ունի հետևյալ արձանագրությունը. «Այս է տապան զարկար| Յովհանէսի որդի Տ[է]ր| Զաքարային, թվ[ին] :ՌՄՂԷ: (1848 թ․)»։ Սա ցուցում է, որ ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է արդեն իսկ ձևավորված գերեզմանոցի տարածքում (նկ․ 3)։ Այստեղ են գտնվում նաև եկեղեցու վերջին քահանաներ Հովհաննես Մանգասարյանի (1889 թ․) և Ղևոնդ Տեր Հովհաննեսյան-Մանգասարյանի (1901 թ․) շիրմաքարերը (նկ․ 4, 5)։

Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի կենտրոնում (նկ. 1, 2): Պատմական ակնարկ Խաչենի Սբ․ Ստեփանոս եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Սեյտիշեն անվամբ: Գյուղի եկեղեցին հիշատակվում է Սբ․ Հովհաննես անվամբ: Ըստ Բարխուդարյանցի՝ եկեղեցին «…քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած» (Բարխուտարեանց 1895, 163): Բարխուդարյանցի կողմից հիշատակվող եկեղեցին փաստորեն վնասված էր և կրում էր Սբ․ Հովհաննես անունը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1901 թվականին և համաձայն արձանագրության կոչվում է Սբ․ Ստեփանոս: Եկեղեցու կառուցման մասին վկայում է հարավային մուտքի բարավորի ընդարձակ արձանագրությունը. «Տաճարս այս կառուցեալ է յընթացս 1900-1901 ամաց ի թագաւ/որու[թ]ե[ան] կայսեր ամ[ենայն] Ռուսաց Նիկողայոսի :Բ: և ի Հայրապետու[թ]ե[ան] Տ. Տ. Մկր/տչի Ա կաթուղիկոսի ամ[ենայն] Հայոց ծախիւք կօլլեժսկի Ասսեսօր և/ ասպետ Ներսէս բէգի Սարումեանց, յանուն Ս[ուրբ] Ստեփաննոսի նախա/վկային, ի յիշատակ բազմերախտ ծնողաց իւրոց Անդրէաս քահան/այի և Նանասիի Ասրումեանց և վաղաթառամ քերց իւրոց՝ Աննայի,/ Ռէյհանի և Մարիամայ, նաև ի յիշատակ իւր եւ կողակցի իւրոյ Ոսկիի/ և համայն նախնեաց իւրոց. և օծեալ է ի 5 մայիսի 1902 ամի» (նկ. 3): Հավանական է, որ հին եկեղեցին նորովի կառուցվել է Ներսես Սարումյանցի կողմից, ով հատուկ շեշտել է իր պաշտոնյա, այն է՝ «կօլլեժսկի ասսեսօր» (коллежский ассесор) լինելը: Այս պաշտոնը Ռուսական կայսրության տարածքում տարածված բարձր պաշտոններից էր՝ հատուկ ռոճիկով, կարգավիճակով և համազգեստով: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սբ․ Ստեփանոս եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է: Կառուցված է կոպտատաշ տեղական փոքր ու միջին չափերի քարերով, սրբատաշ քարից են պատուհանների շրջանակները և պատերի անկյունաքարերը: Եկեղեցին լուսավորվում է բոլոր ճակատներում բացված լայն լուսամուտներով՝ երկուական լուսամուտներ բացված են հարավային և հյուսիսային ճակատում, մեկական՝ արևմտյան և արևելյան: Ունի երկու ավանդատուն, փոքրիկ մկրտարան: Եկեղեցու մոտ կան մի շարք խաչքարեր (նկ. 4), որոնք վերաբերում են 9-13-րդ դարերին և հուշարձանի մոտ տեղափոխվել են հարևան Ուլուբաբ տեղավայրի հանդամասերից (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=1015&act1=more&d=3&act=filter&mtype=12&fbclid=IwAR1Q_dk7OQ9lCemlGYR0vpqMKRK02G7fQzubkG-G1S66hzJGkoZV2-qrQtk ): Վիճակը պատերազմից առաջ և հետո Եկեղեցին ռազմական գործողություններից չի տուժել: Խորհրդային տարիներին այն գործել է որպես պահեստ: Եկեղեցին վերանորոգվել է 2007 թվականին (https://armenpress.am/arm/news/444482.html ): Այդ ժամանակ էլ եկեղեցու տանիքին կառուցվել է փոքրիկ զանգակատուն, իսկ տանիքը պատվել կղմինդրով (նկ. 5): 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից և եկեղեցու ներկա ճակատագիրն անհայտ է: Գրականություն Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու: Վերաբացվել է ԼՂՀ Խաչենի սբ. Ստեփանոս եկեղեցին, https://armenpress.am/arm/news/444482.html։ Խաչեն գյուղի Սբ. Ստեփանոս, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=1015&act1=more&d=3&act=filter&mtype=12&fbclid=IwAR1Q_dk7OQ9lCemlGYR0vpqMKRK02G7fQzubkG-G1S66hzJGkoZV2-qrQtk։

Շոշի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Շոշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է գյուղամիջում (նկ. 1, 2):

Շոշի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Շոշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան եզրամասում, որի շուրջը տարածվում է հին ու նոր գերեզմանոցը: 44-օրյա պատերազմից հետո Շոշը հայտնվել է օկուպացիոն սահմանի վրա։ Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն միանավ սրահ է։ Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, սրբատաշ են միայն մուտքի և լուսամուտների եզրաքարերը, ինչպես նաև պատերի անկյունաքարերը։ Շինության միակ մուտքը  հարավային կողմից է (նկ. 1, 2, 3, 4)։ Այն ներքուստ թաղակապ է, ունի ցածրիկ բեմ և երկու ավանդատուն (նկ. 9):  Պատերին կան ագուցված 17-18-րդ դարերի փոքրիկ խաչքարեր և տապանաքար (նկ. 5, 6, 7, 8): Եկեղեցու շքամուտքի վերնամասի արձանագրությունը հայտնում է․ (նկ. 10). ‹‹Յիշատակ կառուցեց ս[ու]րբ/ եկեղեցիս շուշվեցի Բաղ/դասար ս[ա]ր[կաւա]գն Աբարեանց/ ու իր ընկեր Առուսդամ Գափ/իեան Խառադեա[ն]ց. 1918 թ./, որ (է) ցորնի փո[ւ]թ էր 20 ր[ուբլի]››: Ավագ խորանի աջակողմյան արձանագրությունը հայտնում է (նկ. 11).  ‹‹Յիշատակ կառու/ցեց եկեղեցիս շուշ/վեցի Բաղտասարը, հոգւ[ո]ցն փրկութեան/՝ իր և իր կին Մարգա/րիտի Աբարեանց, 1915 թ.»:

Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին

Գտնվում է Հին Թաղավարդ գյուղատեղում, հայկական վերահսկողության ներքո, ներկա սահմանից 40 մետր հեռավորության վրա: Կառուցման հավանական ժամանակը` 17-րդ դար: Միանավ թաղակապ սրահ է, միակ արևմտյան մուտքով: Արևելյան խորանն ուղղակյուն է, աղոթասրահից անջատվում է ճակատները սրբատաշ քարերով իրականացված թաղակիր կամարով: Խորանի հարավային և հյուսիսային պատերում բացված են մեկական ուղղանկյուն նիշաներ: Մուտքից պահպանվել են սրբատաշ բարավորն ու հյուսիսային եզրաքարերը: Եկեղեցին իրականացված է արտաքինից խոշոր, ներսից` միջին չափերի կապտատաշ քարերով և կրաշաղախով: Արևմտյան ճակատի շարվածքում` հիմքին մոտ դրված գլաքարի վրա պահպանվել են գծային խաչապատկերներ:  Քանդակներ և արձանագրություններ չկան: Եկեղեցին Թաղավարդի և հարևան գյուղերի բնակչության համար եղել է հայտնի ուխտատեղի, շրջակա ծառերի վրա կախված են մատաղացու կենդանիների վերջույթներն ու գլուխները: Մոմավառությունը եկեղեցում շարունակվում է և այսօր:   Ըստ Թաղավարդի ներկա բնակիչների եկեղեցին ադրբեջանական օդուժի կողմից ռմբակոծվել է 2020թ. նոյեմբերի 10-ին` գիշերը ժամը 1-ին: Արդյունքում եկեղեցին վեր է ածվել ավերակների: Եկեղեցու մատույցներում և շրջակայքում զոհվել են 12 զինվորականներ:  

Ղայբալուշեն

Ղայբալուշենը գտնվում է Կարկառի ձախ վտակի (Ղայբալու կամ բուն Կարկառ) ձախ ափի թեքադիր լանջին, Շուշիի հյուսիս-արևմտյան կիրճի ստորոտում: 18-20-րդ դարերում Շուշիի հետ կապվել է Երևանյան դարպասներից դեպի Խաչեն տանող բանուկ ճանապարհով, գետնանցման վրա կառուցված է միաթռիչք կամուրջ (ներկա կառույցի հավանական ժամանակն է` 17-18-րդ դարեր): 1919 թվականին Շուշիի թուրքերի կազմակերպած կոտորածներից հետո, որին զոհ է գնացել գյուղի բնակչության գերակշիռ մասը, գյուղը լքվել է: Տեղում պահպանվել էին 17-րդ դարում կառուցված և 19-րդ դարում փոփոխությունների ենթարկված սուրբ Աստվածածին եկեղեցին (այն միանավ թաղածածկ սրահ է` երկթեք տանիքով, միակ հարավային մուտքով, արևելյան խորանուվ, կից հյուսիսային ու հարավային ավանդատներով, հյուիսային պատի արևելյան մասում ներկառուցված մկրտության ավազանով), կից գերեզմանոցը, կամուրջը, մի քանի ջրաղացների ավերակներր:  Ղայբալուշենի եկեղեցու շքամուտքի բարավորի արձանագրությունն ու Քրիստոսի արևային պատկերաքանդակը, վերին ջրաղացի արձանագրությունները Շուշիի ադրբեջանցիների կողմից ջնջվել են մինչև 1988 թվականը:    Պատերազմի ընթացքում հուշարձանը հրետակոծվել է, արդյունքում եկեղեցու արևմտյան պատի ճաքն ավելի է լայնացել, տեղաշարժվել են հարավ-արևելյան գետնախարսխի քարերը, ճաքեր են առաջացել արևելյան խորանի և ավանդատների տարբեր հատվածներում: Հուշարձանն այսօր գտնվում է անմիջապես սահմանի վրա և հատուկ վերահսկման կարիք ունի:   

Փիրումաշենի եկեղեցին

Գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում, գյուղից մոտ 0,5 կմ հարավ-արևմուտք, Ստեփանակերտ – Հադրութ մայրուղու աջ եզրին, ներկա սահմանին կից: Այն միանավ թաղածածկ սրահ է, արևելյան կիսաշրջան աբսիդով և կից ավանդատներով: Իրականացված է միջին չափերի կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Աչքի է ընկնում քանդակազարդ շքամուտքը, իրականացված սպիտակ կրաքարի և սև ավազաքարի սրբատաշ խոշոր բլոկների համադրությամբ: Շքամուտքի ծավալային ու քանդակային լուծումները ցուցում են 17-րդ դարը: Բացառված չէ, որ այն վերակառուցվել է տեղում եղած ավելի վաղ` 12-13-րդ դարի հիմքի վրա, նկատի ունենալով պատերի մեջ ագուցված 12-13-րդ դարերի տապանաքարերն ու խաչքարերը: Կառույցը 2012-2014 թթ. ամբողջությամբ վերականգնվել է:   Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չի վնասվել: Պահանջվում է հատուկ հսկողություն, քանի որ կից մայրուղին օգտագործվում է նաև Շուշի գնացող ադրբեջանական շարասյուների կողմից:  

Կոլխողաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1), հին թաղամասի և գերեզմանոցի միջնամասում։ Պատմական ակնարկ Կոլխոզաշեն գյուղը նախկինում կոչվել է մի շարք այլ անվանումներով՝ Բուրուտես, Մեշադիշեն, Մուշադեշեն, Մաշադիշեն, Մաշադի Շեն և այլն: Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ նախկին սրբավայրի տարածքում։ Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ «Մաշադի շեն․ հիմնուած է մի ձորի երկու լանջերին, որ գտնուում է Մսմնայ գիւղի արեւելեան կողմում․ բնակիչք բնիկ․ հողն բէկական եւ բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն անվնաս, երկար կեանք 75-80․ եկեղեցին Սբ․ Աստուածածին, քարուկիր․ քահանայ մի։ Ծուխ 120․ ար․ 510․ իգ․ 433» (Բարխուտարեանց 1895, 108)։ Սբ․ Աստվածածին եկեղեցու կառուցման վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Եկեղեցու պատերին՝ մասնավորապես մկրտության ավազանի խորշի մեջ և եզրերին  ագուցված ավելի վաղ ժամանակաշրջանի խաչքարերը փաստում են այստեղ առնվազն զարգացած միջնադարից գոյություն ունեցած սրբավայրի մասին (նկ․ 2, 3, 4, 5)։

Խնածախ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Խնածախի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1)։ 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայից և հայերի բռնի տեղահանումից հետո այն գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Պատմական ակնարկ Ըստ Մ. Բարխուդարյանցի՝ Խնածախ գյուղի բնակիչները 1686 թվականին եկել են Մեծ-Սիւնեաց (այժմ՝ Սյունիքի մարզ) Խնածախ գյուղից (Բարխուտարեանց 1895, 152-154): Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին, ավելի ստույգ՝ 1894 թվականին, տեղի բնակիչների ծախսերով (Բարխուտարեանց, 1895, 226)։ Ծնունդով այս գյուղից է եղել նաև ինքը՝ Մակար Բարխուդարյանցը։ Ինչպես հիշատակում է Մ. Բարխուդարյանցը, 19-րդ դարում այստեղ էին պահվում երկու գրչագրեր՝ մեկ գրչագիր ճաշոց և մեկ գրչագիր ավետարան՝ գրված թղթի վրա։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին եռանավ ուղղանկյուն սրահ է: Թաղը հենվում է հատույթում խաչաձև սյուների և որմնասյուների  վրա բարձրացող կիսաշրջան և սլաքաձև կամարների վրա (նկ. 2)։ Կառուցված է տեղական կրաքարով: Հուշարձանի չափերն են՝ 18 մետր երկարություն և 10 մետր լայնություն: Մուտքերի և պատուհանների շրջանակները, ինչպես նաև սյուները՝ սրբատաշ են։ Երկթեք տանիքն անկախության տարիներին վերանորոգվել է և պատվել կղմինդրով: Գլխավոր սրբատաշ ու քանդակազարդ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 3)։ Ունի մուտք նաև արևմուտքից, նույնպես սրբատաշ, բայց առանց հատուկ հարդարանքների: Առանձնանում է շքամուտքի (հարավային մուտքի) վերնամասի գունային լուծումը՝ կարմրա-դարչնագույն ետնախորքի վրա սպիտակ և դարչնագույն սեղանաձև սալիկներով կազմված աստղատեսք վարդյակ, նրանից վերև տեղադրված խաչային հորինվածք և շրջանաձև վարդյակ  (նկ. 4): Ամենայն հավանականության այս ողջ հարդարանքը վերցված է ավելի հին, հավանաբար 13-րդ դարի ինչ-որ կառույցից: Հորինվածքի եզրերին ագուցված սրբատաշ սալերն ամենայն հավանականության նախատեսված են եղել արձանագրությունների համար, բայց այդպես էլ մնացել են առանց գրությունների: