Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի կենտրոնում (նկ. 1, 2):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիսց, լուս.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվականի շտեմարանի։

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը արևմուտքից, լուս.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվականի շտեմարանի։

Պատմական ակնարկ

Խաչենի Սբ․ Ստեփանոս եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Սեյտիշեն անվամբ: Գյուղի եկեղեցին հիշատակվում է Սբ․ Հովհաննես անվամբ: Ըստ Բարխուդարյանցի՝ եկեղեցին «…քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած» (Բարխուտարեանց 1895, 163): Բարխուդարյանցի կողմից հիշատակվող եկեղեցին փաստորեն վնասված էր և կրում էր Սբ․ Հովհաննես անունը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1901 թվականին և համաձայն արձանագրության կոչվում է Սբ․ Ստեփանոս: Եկեղեցու կառուցման մասին վկայում է հարավային մուտքի բարավորի ընդարձակ արձանագրությունը. «Տաճարս այս կառուցեալ է յընթացս 1900-1901 ամաց ի թագաւ/որու[թ]ե[ան] կայսեր ամ[ենայն] Ռուսաց Նիկողայոսի :Բ: և ի Հայրապետու[թ]ե[ան] Տ. Տ. Մկր/տչի Ա կաթուղիկոսի ամ[ենայն] Հայոց ծախիւք կօլլեժսկի Ասսեսօր և/ ասպետ Ներսէս բէգի Սարումեանց, յանուն Ս[ուրբ] Ստեփաննոսի նախա/վկային, ի յիշատակ բազմերախտ ծնողաց իւրոց Անդրէաս քահան/այի և Նանասիի Ասրումեանց և վաղաթառամ քերց իւրոց՝ Աննայի,/ Ռէյհանի և Մարիամայ, նաև ի յիշատակ իւր եւ կողակցի իւրոյ Ոսկիի/ և համայն նախնեաց իւրոց. և օծեալ է ի 5 մայիսի 1902 ամի» (նկ. 3): Հավանական է, որ հին եկեղեցին նորովի կառուցվել է Ներսես Սարումյանցի կողմից, ով հատուկ շեշտել է իր պաշտոնյա, այն է՝ «կօլլեժսկի ասսեսօր» (коллежский ассесор) լինելը: Այս պաշտոնը Ռուսական կայսրության տարածքում տարածված բարձր պաշտոններից էր՝ հատուկ ռոճիկով, կարգավիճակով և համազգեստով:

Նկ. 3 Եկեղեցու շինարարական արձանագրությունը, լուս.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվականի շտեմարանի։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Սբ․ Ստեփանոս եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է: Կառուցված է կոպտատաշ տեղական փոքր ու միջին չափերի քարերով, սրբատաշ քարից են պատուհանների շրջանակները և պատերի անկյունաքարերը: Եկեղեցին լուսավորվում է բոլոր ճակատներում բացված լայն լուսամուտներով՝ երկուական լուսամուտներ բացված են հարավային և հյուսիսային ճակատում, մեկական՝ արևմտյան և արևելյան: Ունի երկու ավանդատուն, փոքրիկ մկրտարան:

Եկեղեցու մոտ կան մի շարք խաչքարեր (նկ. 4), որոնք վերաբերում են 9-13-րդ դարերին և հուշարձանի մոտ տեղափոխվել են հարևան Ուլուբաբ տեղավայրի հանդամասերից (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=1015&act1=more&d=3&act=filter&mtype=12&fbclid=IwAR1Q_dk7OQ9lCemlGYR0vpqMKRK02G7fQzubkG-G1S66hzJGkoZV2-qrQtk ):

Նկ. 4 Եկեղեցու բակում տեղադրված խաչքարերը, լուս.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվականի շտեմարանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին ռազմական գործողություններից չի տուժել: Խորհրդային տարիներին այն գործել է որպես պահեստ: Եկեղեցին վերանորոգվել է 2007 թվականին (https://armenpress.am/arm/news/444482.html ): Այդ ժամանակ էլ եկեղեցու տանիքին կառուցվել է փոքրիկ զանգակատուն, իսկ տանիքը պատվել կղմինդրով (նկ. 5): 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից և եկեղեցու ներկա ճակատագիրն անհայտ է:

Նկ. 5 Եկեղեցու կղմինդրապատ տանիքը զանգակատնով, լուս.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվականի շտեմարանի։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  2. Վերաբացվել է ԼՂՀ Խաչենի սբ. Ստեփանոս եկեղեցին, https://armenpress.am/arm/news/444482.html։
  3. Խաչեն գյուղի Սբ. Ստեփանոս, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=1015&act1=more&d=3&act=filter&mtype=12&fbclid=IwAR1Q_dk7OQ9lCemlGYR0vpqMKRK02G7fQzubkG-G1S66hzJGkoZV2-qrQtk։
Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Արցախ