Կոլխողաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1), հին թաղամասի և գերեզմանոցի միջնամասում։

Նկ․ 1 Եկեղեցին հյուսիս-արևմուտքից, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ

Կոլխոզաշեն գյուղը նախկինում կոչվել է մի շարք այլ անվանումներով՝ Բուրուտես, Մեշադիշեն, Մուշադեշեն, Մաշադիշեն, Մաշադի Շեն և այլն: Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ նախկին սրբավայրի տարածքում։

Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ «Մաշադի շեն․ հիմնուած է մի ձորի երկու լանջերին, որ գտնուում է Մսմնայ գիւղի արեւելեան կողմում․ բնակիչք բնիկ․ հողն բէկական եւ բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն անվնաս, երկար կեանք 75-80․ եկեղեցին Սբ․ Աստուածածին, քարուկիր․ քահանայ մի։ Ծուխ 120․ ար․ 510․ իգ․ 433» (Բարխուտարեանց 1895, 108)։

Սբ․ Աստվածածին եկեղեցու կառուցման վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Եկեղեցու պատերին՝ մասնավորապես մկրտության ավազանի խորշի մեջ և եզրերին  ագուցված ավելի վաղ ժամանակաշրջանի խաչքարերը փաստում են այստեղ առնվազն զարգացած միջնադարից գոյություն ունեցած սրբավայրի մասին (նկ․ 2, 3, 4, 5)։

Նկ․ 2 Մկրտության ավազանը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 5 Մկրտության ավազանախորշում ագուցված խաչքարը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 3 Մկրտության ավազանախորշի ձախակողմյան խաչքարը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 4 Մկրտության ավազանախորշի աջակողմյան խաչքարը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2021թ․։

Ավազանախորշի մեջ ագուցված խաչքարը վերաբերում է 12-13-րդ դարերին, հորինվածքի ստորին մասում արցախայան խաչքարերին բնորոշ պատկերաքանդակ է՝  ձախից պատկերված է ռազմիկը, աջից մատռվակը՝ գինու սափորով և գավաթով: Մատռվակը գավաթը մեկնում է ռազմիկին:

20-րդ դարի կեսերին Ամարասի վանքից այստեղ է տեղափոխվել և եկեղեցու արևմտյան պատին հենված պահպանվել է Ղազար կազմողի կողմից 11-րդ դարում կերտված գեղաքանդակ խաչքարը (նկ․ 6, խաչքարի մասին ավելի մանրամասն տես՝ Ամարասի վանքի խաչքարերը, սբ. Գրիգորիսի «տապանաքարն» ու արձանագրությունները)։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական կրաքարով, ավազաքարով  և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն որմնասյուները, կամարաքարերը, որմնախորշերի, դռների և լուսամուտների շրջանակները, անկյունաքարերը։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից զույգ որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 7)։

Արևելքից խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են։ Խորանը կիսաշրջանաձև  է, ունի բարձր բեմ, իսկ կենտրոնական հատվածում  դեպի դուրս նեղացող փոքրիկ լուսամուտ (նկ․ 8)։ Հյուսիսային պատին՝ ավանդատանը կից, կամարակապ որմնախորշի մեջ մկրտության ավազանն է։ Մուտքն ի սկզբանե եղել է հարավային և հյուսիսային ճակատների կենտրոնական հատվածից։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է այլ նշանակությամբ, փակվել են դռները և հյուսիսային արևմտակողմ լուսամուտը լայնացվել է և գործածվել որպես դուռ։

Նկ․ 6 Ամարասի վանքից տեղափոխված խաչքարը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Լուսավորվել է արևելյան ճակատից բացված երեք, ինչպես նաև արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներից բացված հետագայում ձևափոխված, փոքրացված կամ փակված մեկական մեծ լուսամուտներով (նկ․ 9, 10, 11)։ Եկեղեցու հյուսիսային պատին ագուցված սալի վրայի արձանագրությունը հայտնում է, որ այն վերանարոգվել է բաքվեցի Թայվակենովի կողմից (նկ. 12):

Նկ․ 7 Եկեղեցու ներսը հյուսիս-արևմտյան անկյունից, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 9 Եկեղեցու հյուսիսային ճակատը և մուտքը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 11 Եկեղեցին հյուսիս-արևելքից, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 8 Եկեղեցու խորանը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 10 Եկեղեցու հարավային ճակատը և փակված մուտքը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 12 Եկեղեցու նորոգման արձանագրությունը՝ լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Սբ․ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է 2006 թվականին Կոլխոզաշենի բնակիչներ Ռուզան, Արևիկ և Մհեր Ղազարյանների կողմից, որի հիշատակագրությունը փակցված է արևմտյան ճակատի լուսամուտի վերնամասում։ Մուտքի վերնամասում տեղադրվել է նոր արձանագիր բարավոր, որի վրա փորագրված է «:ՇԽ:»՝ այսինքն Ամարասից բերված խաչքարի թվականը՝ 1091 (նկ․ 13)։

Վերանորոգվել և բարեկարգվել է նաև եկեղեցու հյուսիսային բակը, որտեղ կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ Մովսես Կաղանկատվացու այն վկայության, ըստ որի այստեղ գիշերել է Վաչագան Բարեպաշտ թագավորը (նկ․ 14-16)։

2020 թվականի պատերազմի ժամանակ հուշարձանը չի վնասվել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների հետևանքով Արցախն ամբողջությամբ բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, գյուղի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց։ Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են:

Նկ․ 13 Մուտքի նորակերտ բարավորը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 15 Նորակերտ խաչքարը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 14 Եկեղեցու հյուսիսային բակը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 16 Նորակերտ խաչքարի արձանագրությունը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Գրականություն

  1. Բարխուտարեանց  1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Կոլխողաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Կոլխողաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Կոլխողաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ