Այգեստան (Բալուջա) գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

 Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի հարավային հատվածում (նկ․ 1), հին թաղամասի կենտրոնում։

Նկ․ 1 Եկեղեցին հարավ-արևմուտքից, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

Պատմական ակնարկ

Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1839 թվականին, սակայն 1850 թվականին նույն եկեղեցու տեղում վերակառուցվել է ներկայիս եկեղեցին։ Հին եկեղեցու շինարարության մասին պատմող արձանագրությամբ մուտքի բարավորը 1850 թվականին ագուցվել է նորաշեն եկեղեցու հյուսիսային պատին։

Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցը, ով այլ մանրամասների թվում նշում է․ «Եկեղեցին նորաշէն, Սուրբ Աստուածածին, համակ սրբատաշ կրաքարով շինուած հասարակութեան ծախքով կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի մի կլոր գմբէթ ժողովրդեան աղօթած տեղից վերև, մի քարացեալ օձ ներքուստ հարաւային որմի վերայ երկու լուսամուտների մօտ, 20 մետր 10 սանթիմ երկարությիւն, 11 մետր 45 սանթիմ լայնութիւն․ քահան․ մի» (Բարխուտարեանց 1895, էջ 155)։ Հավանական է, որ կլոր գմբեթի տակ հետազոտողը նկատի է ունեցել զանգակատունը:

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Արցախի ուշ շրջանի քիչ թվով եկեղեցիներից մեկն է, որ ամբողջապես կառուցված է սրբատաշ քարերով։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից երկու զույգ մույթերի, որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 2, 3)։ Արտաքուստ ունի երկթեք տանիք։

Արևելքից խորանը կիսաշրջանաձև է, ունի բարձր բեմ, կից երկու ավանդատներ: Խորանի կենտրոնական հատվածում  տեղադրված է դեպի դուրս նեղացող փոքրիկ լուսամուտ։

Նկ․ 2 Ներսը՝ հարավ-արևմուտքից, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

Նկ․ 3 Ներսը՝ հյուսիս-արևելքից, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

Հյուսիսային պատին՝ ավանդատանը կից, կամարակապ որմնախորշի մեջ մկրտության ավազանն է։

Միակ մուտքը բացված է հարավային ճակատի կենտրոնական հատվածից փոքր ինչ  դեպի արևմուտք (նկ․ 4)։ Լուսավորվել է արևմտյան, հարավային և արևելյան ճակատներից բացված վեց լուսամուտներից, որոնցից հարավային ճակատի երկու լուսամուտներն ունեն ավելի մեծ չափեր։

Եկեղեցու ճարտարապետական հարդարանքը զուսպ է։ Միակ գեղարվեստական ձևավորված հատվածը մուտքի ավելի բաց գույն ունեցող և հովհարաձև շրջանակով բարավորն է, որի ճակատին արձանագրված է․

«Ի 1850/ թիւականին շինուվ/եց ս[ուր]բ Ա[ստուածա]ծին եկեղեցին՝ յիշատակ/ Բալլուջու հասարակութենը, եւ/ աշխա[տաւ]որ շիննութե[ա]ն՝ ուստա/ Գրիգոր Յակօբեանց» (նկ․ 5)։

Նկ․ 4 Եկեղեցու մուտքը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

Նկ․ 5 Բարավորին փորագրված շինարարական արձանագրությունը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է այլ նշանակությամբ։ Քանդվել է Մակար Բարխուդարյանցի հիշատակած զանգակատուն-ռոտոնդան։ Արցախի անկախության տարիներին եկեղեցին սկսել է  գործել։ Երկթեք կտուրին դրվել է  նոր, մետաղյա կառուցվածքով զանգակատուն։

Սբ․ Աստվածածին եկեղեցին 2020 թվականի պատերազմի ժամանակ չի վնասվել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների հետևանքով Արցախն ամբողջությամբ բռնազավթվել Ադրբեջանի կողմից։ Այգեստան գյուղի բնակչությունը բռնությամբ տեղահանվել է։ Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Այգեստան (Բալուջա) գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Այգեստան (Բալուջա) գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Այգեստան (Բալուջա) գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ