Մոխրաթաղ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի արևմտյան հատվածում (նկ․ 1), գյուղի հին թաղամասի կենտրոնում։

Նկ. 1 Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ

Մոխրաթաղ գյուղը գտնվում է Մարտակերտ քաղաքից 4 կմ արևմուտք, Հին Մոխրաթաղ գյուղատեղիից շուրջ 2 կմ հյուսիս-արևելք։ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1883 թվականին, Մոխրաթաղ գյուղի հասարակության և շուշեցի Մեսրոպ Թառումյանի միջոցներով։ Ըստ եկեղեցու տարածքում պահպանված խաչքարերի և բեկորների (նկ․ 2), կարելի է եզրակացնել, որ ներկայիս շինությունը կառուցվել է ավելի հին սրբատեղիի տարածքում։ Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․

« ՆՈՐ-ՄՈԽՐԱԹԱՂ. Հիմնուած է Կուսապատի հիւսիսային կողմում, տեսարանն զմայլելի (դաշտահայեաց) սեռի վերայ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90-100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 11 մետր։ Քահանայ մի։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Ես Շուշուայ քաղաքի բնակիչ Մեսրոպ Թառումեանս կառուցի ծախիւք իմօք յանուն Աստուածամօր վասն անյիշատակ հանգուցեալ եղբարցն իմոց Աբրահամայ, Գրիգորի եւ որդւոյն իմոյ Աստուածատրի Մ. Թառումեանց ի 1883 ամի»։ Ծուխ 85. ար. 394. իգ. 349» (Բարխուտարեանց 1895, 218-219)։

Նկ. 2 Եկեղեցու ներսում պահպանված 12-13-րդ դարերի խաչքարը, լուս. Հ. Պետրոսյանի:

Մակար Բարխուդարյանցը տեղեկություն է փոխանցում, որ եկեղեցու կառուցման մեջ իր մասնակցությունն է ունեցել գյուղի հասարակությունը, և եկեղեցու շինարարությունը հասցրել է մինչև թաղակապի հատվածին։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Ուղղանկյուն հատակագծով 15,2 x 8,3 մետր արտաքին չափերով և 8 մետր բարձրությամբ միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են միայն ճարտարապետական տեսանկյունից առավել պատասխանատու հատվածները՝ մուտքի, լուսամուտների շրջանակները, անկյունաքարերը, կամարները։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից երեքական որմնակամարների, ինչպես նաև պատկից զույգ որմնասյուների և կամարների վրա։ Արտաքուստ ունի երկթեք տանիք (նկ․ 3)։

Տանիքն ի սկզբանե եղել է կղմինդրապատ ծածկով, որը հետագայում փոխարինվել է ասբեստով։ Արևելքից ունի կիսաշրջանաձև խորան և բարձր բեմ (նկ. 4)։ Խորանի կենտրոնական հատվածում արտաքուստ խաչաձև հորինվածքով դեպի ներս լայնացող փոքրիկ լուսամուտն է։ Խորանի կողային պատերին նախատեսված եկեղեցածիսական իրերի համար որպես պահոցներ կառուցված են ուղղանկյունաձև խորշեր։

Հյուսիսային պատին, իր ավանդական տեղում կամարակապ շրջանակով, ուղղանկյունաձև որմնախորշի մեջ՝ մկրտության ավազանն է (նկ. 5)։

Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Լուսավորվել է արևմտյան, հարավային և արևելյան ճակատներից բացված յոթ լուսամուտներով։

Նկ. 3 Եկեղեցին հարավ-արևմուտքից, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 4 Եկեղեցու խորանը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 5 Մկրտության ավազանը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է ակումբի, իսկ հետագայում օգտագործվել որպես պահեստ։ Այդ պատճառով շինությունը որոշակի փոփոխության է ենթարկվել։ Արևմտյան ճակատից քանդվել է լուսամուտը, բացվել է մեծ մուտք, որը նախատեսված է եղել փոքր գյուղատնտեսական տեխնիկայի մուտք ու ելքի, ինչպես նաև հացահատիկ ամբարելու համար (նկ․ 6)։ Փակվել են հարավային ճակատի համեմատաբար լայն և ուղղանկյունաձև լուսամուտները։

Ընդհանուր առմամբ հուշարձանը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ծածկասալերի քայքայման և բացակայության պատճառով տանիքին ծառեր և թփեր էին աճել։

Սբ․ Աստվածածին եկեղեցին 2020 թվականի պատերազմի ժամանակ չի վնասվել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների հետևանքով Արցախն ամբողջությամբ բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։ Մոխրաթաղ գյուղի բնակչությունը բռնությամբ տեղահանվեց։ Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են:

Նկ. 6 Եկեղեցու ներսույթն արևելքից, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Մոխրաթաղ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Մոխրաթաղ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Մոխրաթաղ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ