Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Շիկաքար-Քարագլխի բերդը

Շիկաքար-Քարագլխի բերդը գտնվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք, Շիկաքար լեռան արևելյան եզրին, եռանկյունաձև հրվանդանի վրա։ Խաչենի հնագույն նշանավոր բերդերից մեկն է: Շիկաքար-Քարագլուխը հայ ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկն է։ 9-րդ դարի սկզբին այն հայ իշխան Սահլ (Սահակ) Սմբատյանի կենտրոնավայրն էր։ Շիկաքարի ամրոցի իշխանն այնքան հռչակված էր, որ նրան հիշատակում են նաև ժամանակի արաբական աղբյուրները։ Նա էր Արցախի գավառներն ավերող Բաբեկի գերողը  և Եսայի իբն Մուսեի հետ Արցախյան քաղաքական կառույցի ստեղծողը (Ուլուբաբյան 1975, 64-71, Հակոբյան 2020, 176-177)՝ կառույց, որ գոյատևեց և պահպանեց արցախահայության գոյատևումն իր բնօրրանում մինչև նոր ժամանակներ։ Շիկաքար ամրոցը որպես Սահլ Սմբատյան իշխանի նստավայր է հիշատակում Մովսես Դասխուրանցին. «Ի լնուլ ՄՀ թուոյ Հայոց (821 թ.) ելին գաղտաբար ի Պարտաւայ արք ընտիրք ի տաճկաց և յաւարի առին զԱմարաս գաւառ և գերի առեալ իբրև ոգիս հազարս և ի Մեծիրանց սահմանի ամրացեալք ի տեղւոջն, որ կոչի Շիկաքար։ Յայնժամ արի և շքեղատեսակն Սահլի Սմբատեան Եռանշահիկն տէր քաջազօր եղբարբք իւրովք և զօրոքն իւրեանց ի լուսանալ առաւօտուն ի վերայ հարձակեալ առ հասարակ դիաթաւալ զնոսա ցիր և ցան կացուցանէին, և որպէս յառիւծու ժանեաց զգերեալսն ի բաց կորզէին (Կաղանկատուացի 1983, 326)։ 18-րդ դարի 20-ական թվականներին արցախահայության ազատագրական պայքարի կենտրոններից մեկն էլ դառնում է Շիկաքար-Քարագլուխը՝ Թարխան և Բաղի հարյուրապետների գլխավորությամբ։ Ընդ որում Քարագլուխը հիշատակվում է որպես նոր կառուցված ամրոց (Армяно-русские отношения 1967, 186, 188. Չոբանյան 1994)։ Կարելի է ենթադրել, որ այն վերակառուցվել է հենց Շիկաքար ամրոցի հիմքերի վրա։   19-րդ դարի կեսերին Սարգիս Ջալալյանցն այն հիշատակում է Չալաղանա անվամբ․ «Հայոց գյուղ է Քարագլուխը կառուցված Չալաղան բերդի կատարին։ Այստեղից ես դուրս գալով բարձրացա բերդը, որը 16 րդ դարում  կառուցել է հայազգի հզորացած Չալաղան իշխանը։ Բերդի երկու կողմում անհնար բարձր խորաձորեր են։ Այստեղ բնակվել է ինքը՝ Չալաղան իշխանը, ով բազմաթիվ լեռնականներ սրի քաշեց՝ նրանց ձեռքից շատ գերիներ ազատելով, ումից սարսափելով լեռնականները դադարեցրին իրենց համարձակ մուտք գործելն այս վայրեր»  (Ջալալյանց 1858, 525)։ Մակար Բարխուդարյանցը տեղում հավաքած վիմագրությունների հիման վրա ավելի ճշգրիտ տեղեկություններ է տալիս Քարագլուխ գյուղի մասին, նշում բերդի հիմնադրման, պատկանելության, և տեղադրման հետ կապված որոշակի մանրամասներ։ Ըստ նրա «Գիւղատեղիս հին ժամանակներում նշանաւոր բերդ եղած է։ Բնակչաց կեսն բնիկ են, իսկ միւս կեսն տեղափոխուած Մեծ Սիւնեաց Արաւիւս և Դարապաս գիւղերից ու Բարկիւշատից․․․» (Բարխուտարեանց 1895, 107)։ Իսկ բերդի մասին նա գրում է․ «Շիկաքար բերդը շատ հին է, ինչպես կարծում ենք, շինուած է Հայոց թագաւորներից և յետոյ ենթարկուած Աղվանից իշխանութեան։ Որպես ակներև է Քարագլխի հին հանգստարանի արձանագրութիւիցն՝ Հասան Մեծն բերդս տուած է Սմբատ անունով ոմն իշխանազնի, իբրև հայրենիք և գերեզմանատուն» (Բարխուտարեանց 1985, 272)։ Շիկաքար-Քարագլուխն իրարից բաժանում է Կարկառ և Խաչեն գետերի ներքնահովիտները և գերիշխում է Արցախայն տափաստանի վրա։ Ծովի մակերևույթից այն բարձր է 1011,5 մետր, իսկ տափաստանի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է ավելի քան 500 մետր։ Բերդը Խոխանաբերդի, Կաչաղակաբերդի և Նատարին բերդի հետ մի պաշտպանական օղակ էր կազմում։ Բարձունքից իշխելով շրջապատի վրա, բերդը հսկողության տակ է պահել դեպի Խաչենի իշխանության կենտրոն ձգվող Խաչենագետի հովիտը և նրանով անցնող այն կարևոր ճանապարհը, որ երկրամասի լեռնային մասը կապում է դաշտավայրի հետ։ Բերդից լավ դիտվում է նաև դաշտավայրից դեպի Կարկառ գետի հովիտը բարձրացող լեզվակը (նկ․ 1)։ Բերդի վերնամասը հարթ տափարակ է (նկ․ 2), որի արևելյան և հյուսիսային կողմերում անդնդախոր կիրճ է, հարավային մասն անտառապատ ժայռապատնեշներ (նկ․ 3)։ Այն արևելքից դեպի արևմուտք աստիճանաբար լայնանում է և կազմված է երեք հատվածներից. ծայրարևելյան գագաթնամաս` մոտ 25 մետր երկարությամբ (նկ․ 4), որտեղ արհեստականորեն ստեղծված շինություններ չկան, միջնամաս` միջնաբերդի հատվածը և արևմտակողմը, որտեղ տեղակայված են եղել հիմնական շինությունները (նկ․ 5): Ընդհանուր առմամբ բուն ամրոցակալ տարածքը զբաղեցնում է 8550 քառակուսի մետր (190 x 45 մետր): Բերդի տարբեր հատվածներում առ այսօր էլ պահպանվել են ամրոցապատերի հետքերը (նկ․ 6, 7)։ Ըստ Մ․ Բարխուդարյանի «Բերդս ունի երկու մուտք՝ արևելեան և արևմտեան կողմերից, դռների կողքերն ամրապնդուած են եղել քարուկիր պատերով, ինչպես նշմարվում է հետքերից» (Բարխուտարեանց 1895, 127)։

Վնեսա բերդը

Տեղադրությունը Վնեսա բերդը գտնվում է Հադրութի շրջանում, Տող-Հադրութ մայրուղուց երկու կիլոմետր հեռավորության վրա, Քյուրաթաղ գյուղից արևմուտք (նկ․ 1)։ Օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Բերդը համարվել է Դիզակի ժողովրդի ազատագրական պայքարի առաջնակարգ ամրոցը։ Նրա աշխարհագրական դիրքը հնարավորություն է տվել ազդանշանային կապ ապահովել մյուս բերդերի՝ Դիզափայտի, Քթիշի, Ղլեն քարի և Բրդահոնջի հետ, իսկ բերդի ուղեկալը հսկողության տակ էր պահում Արաքսից հյուսիս ընկած տափարակով կատարվող անցուդարձը։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Բերդը արևելյան, արևմտյան և հարավային կողմերով շրջապատված է ձորերով, իսկ արևմտյան մասով միանում է Վնեսա սարին։ Ունի 125 մետր երկարություն, 45 մետր լայնություն, 4-12 մետր բարձրություն։ Հուշարձանն ունի արևելք-արևմուտք ուղղվածություն։ Ամրոցապատերը տեղադրված են լեռան շրջագծով՝ հատակագծում ունենալով տեղանքից բխող անկանոն ուղղանկյան ձև (նկ․ 2)։ Առանձին հատվածներում պահպանվել են աշտարակների կիսակլոր հիմքերը (նկ․ 3)։ Արևմտյան հատվածում են եղել տեղադրված բերդի երկու ամենաբարձր աշտարակները, որոնց միջև եղել է դարպասը։ Ներկայումս գրեթե ամբողջական պահպանվել է 10-12 մետր բարձրություն ունեցող աշտարակներից մեկը (նկ․ 4)։ Պարսպի ներսի տարածությունը հարթ է և զբաղեցնում է բավական մեծ մակերես։ Այստեղ եղած  տարբեր շինությունների, մասին վկայում են դրանց, առ այսօր պահպանված հիմքերը և ավերակները (նկ․ 5, 6)։ Խոշոր աշտարակները, ինչպես նաև պարսպապատերի խոշորաքար պոլիգոնալ շարվածքը հիմք են տալիս սկզբնական կառույցը թվագրել 9-10-րդ դարերով։ Մակար Բարխուդարյանը Վնեսա բերդը նկարագրելիս գրում է․ «․․․ Ամրոցիս յատակն լի է բնակարանների քարուկիր բակերով. իսկ վերնամասում շինուած է իբրև միջնաբերդ մի փոքրիկ դղեակ, որի մէջ է քարուկիր շինուած մի ընդարձակ ջրաւազան, որի մէջ տակաւին կայ ջուր, բայց անմաքուր։ Աւանդաբար ասում են, որ սորա ջուրն խողովակներով բերուած է եղել բերդիս հարաւային կողմում եղած աղբիւրների ջրերից, որք կան ճանապարհի վերայ» (Բարխուտարեանց 1895, 55)։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ բերդը չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։ Գրականություն 1․ Բարխուտարեանց, 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։ 2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա–ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

Թաղավարդի Բերդահոնջ ամրոցը

Տեղադրությունը Հուշարձանը գտնվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից մոտ 2,5 կմ հարավ-արևելք, չորս կողմից առանձնացված մի ձվաձև լեռան վրա։ 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Պատմական ակնարկ Ամրոցի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ որևէ պատմական տեղեկություն հայտնի չէ։ Տարածքում պատահական գտածոները վերաբերում են 8-13-րդ դարերին։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Ժայռազանգվածը շրջափակված է 4-9 մետր բարձրության կրկնապարիսպներով և զբաղեցնում է մոտավորապես 2370 մ2 տարածք (նկ. 1-3)։ Կոպտատաշ քարերով կառուցված պարիսպներն ունեցել են աշտարակներ, որոնք ամբողջությամբ չեն պահպանվել։ Ամրոցի միակ մուտքը հյուսիս-արևելյան կողմից է, որտեղից անցում է կատարվում նախ պարսպի առաջին շարք, որից հետո՝ միջնաբերդ։ Պահպանվում են նաև այլ շինությունների հետքեր և ամրոցապատերի առանձին հատվածներ, ինչպես նաև շուրջ 5 մետր խորությամբ ջրամբարը։ Ջրամբարի և այն սնուցող աղբյուրների մասին վկայում է նաև Մ. Բարխուդարյանցը  (Բարխուտարեանց 1895, 135)։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո Նախքակն պատերազմը հուշարձանը կիսավեր վիճակում էր գտնվում, բացակայում էին պատերի և աշտարակների որոշ հատվածներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում Թաղավարդ գյուղի շրջակայքում թեժ մարտեր են ընթացել, իսկ գյուղի մեծ մասն այժմ գտնվում է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ։ Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես և դրանից հետո հուշարձանի վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։ Մատենագրական քննություն Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները շատ սակավ են։ Արդեն կիսաքանդ ամրոցի մասին տեղեկություններ են պահպանվել միայն Մ. Բարխուդարյանցի աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 134-135)։

Մելիք Բեգլարյաններ ամրոցը եվ ապարանքը

Տեղադրությունը Մելիք Բեգլարյանների ապարանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից մոտ 4 կմ արևմուտք, Հոռեկա վանքի դիմաց (նկ. 1)՝ անտառապատ բլրալանջի արևելահայաց և հյուսիսահայաց հատվածներում։ Պատմական ակնարկ Ապարանքը պատկանել է Գյուլիստան գավառի տիրակալ Մելիք Բեգլարյաններին։ Մոտակայքում է գտնվում նաև Հոռեկա վանքը և մելիքական գերեզմանատունը (նկ. 2)։

Հանդաբերդ

Տեղադրությունը Հանդաբերդի ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի (Քարվաճառի) շրջանի  Քնարավան գյուղից 1 կմ արևելք, Լև գետի աջ ափին: Գետափից բերդը բարձր է շուրջ 280 մետր, գտնվում է ծովի մակերևույթից 1665 մետր բարձրության վրա: Պատմական ակնարկ Համաձայն Մովսես Դասխուրանցու (Կաղանկատվացի)՝ բերդը կառուցվել է Առանշահիկ Սահլ Սմբատյան իշխանի որդի Ատրներսեհը` 9-րդ դարի երկրորդ քառորդում (Կաղանկատուացի 1983, 340): Թերևս ավելի վաղ շրջանում գոյություն ունեցող ամրոցն Ատրներսեհ իշխանի կողմից վերակառուցվել և ընդարձակվել է: Համաձայն Դադիվանքում պահպանված մի խաչքարի արձանագրության՝ 1142-1182 թվականներին ամրոցը պատկանել է Վերին Խաչենի իշխան Հասան Վախտանգյանին (ԴՀՎ 1982, 198): Ամրոցը Հանդաբերդ անվամբ հիշատակվում է նաև Կիրակոս Գանձակեցու մոտ (Գանձակեցի 1961, 322): Սկսած 13-րդ դարից՝ ամրոցը պատկանում էր Դոփյան իշխանական տանը: