Ծաղկաբերդ-Վանոցայի իսլամական դամբարանները

Տեղադրություն Վանոցայի իսլամական դամբարանները (նկ. 1), որոնք թվով երկուսն են,  գտնվում են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղից ոչ հեռու: Խորհրդային տարիներին ընդգրկված էին Ադրբեջանական ԽՍՀ Լաչինի շրջանի Ջիջիմլի գյուղի վարչական սահմանների մեջ: Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Ջիջիմլի անունով հայտնի է երկու գյուղ և դամբարանները գտնվում են Վերին կամ Մեծ  Ջիջիմլի գյուղի վարչական սահմաններում: Այս գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 800 մետր հեռավորության վրա: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վկայությամբ Վերին կամ Մեծ Ջիջիմլի գյուղը համապատասխանում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած պատմական Վանոցա բնակավայրին, որը թերևս արդեն 18-րդ դարի երկրորդ կեսին հայաթափ է եղել (Կարապետյան 1999, 184-185): Պատմական ակնարկ Դամբարանների մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Անգամ նրանց թվագրությունը մոտավոր է և տարբեր հեղինակների մոտ տարբեր: Համարվում է, որ ութանկյուն, վրանաձև դամբարանը կառուցվել է 14-16-րդ դարերում, իսկ եկեղեցաձև դամբարանը 13-14-րդ դարերի կառույց է: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Դամբարանները իրենց ճարտարապետական ոճի, տեսքի համար մշտապես գրավել են տարբեր հետազոտողների ուշադրությունը: Դրանցից առաջինն ունի ութանիստ հատակագիծ (նկ. 2) և ծավալ (նկ. 3)։ Արտաքին ճակատներում նիստերը թեթևակի կոր են և արտացոլում են վրանատիպ ծավալը (նկ. 4)։ Կառույցն ավարտվում է կոնաձև գմբեթով։ Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով: Միակ մուտքը հյուսիսային կողմից է, բարավորին թերևս պատկերված է ոճավորված առյուծ (նկ. 5), պատկերներ կան նաև մուտքի երկու կողմերում: Ոճավորված ցլի կամ խոյի գլուխ պատկերված է մուտքից անմիջապես վերև: Պատկերներից մեկի մոտ՝ ստորին հատվածում առկա է շատ ոճավորված արաբերեն արձանագրություն: Հակոբ Սիմոնյանի՝ դամբարաններին նվիրված հոդվածում, կարծիք է հայտնվում, որ գրված է Յուսուֆ (Симонян 2001, 95): Երկրորդ դամբարանը  խաչաձև է (նկ. 8), արտաքինից քառանկյուն, բոլորաձև թմբուկով (նկ. 9): Ուշագրավ է թմբուկը, որը զարդարված է զույգ կիսասյուների վրա դրված կամարներով (նկ. 10): Դամբարանի ներսում անցումը գմբեթին կատարված է առագաստների միջոցով (նկ. 11):  Մուտքը հյուսիսից է, հարավում գտնվող միհրաբը շատ համեստ է: Բոլոր հետազոտողները, խոսելով հատկապես երկրորդ դամբարանի մասին, ակնհայտ կապ էին տեսնում հայկական և վրացական ճարտարապետության կամ էլ ավելի չեզոք բնութագրմամբ՝ Անդրկովկասի քրիստոնեական ճարտարապետության հետ: Ընդ որում երկրորդ եկեղեցին հաճախ համեմատում էին և տիպաբանորեն կապում 13-14-րդ դարերում Հայաստանում, որոշ առումներով նաև Վրաստանում տարածված երկհարկ եկեղեցի-դամբարանների հետ: Որպես համեմատություն բերելով Եղվարդի սուրբ Աստվածածին, Նորավանքի սուրբ Աստվածածին և այլ եկեղեցիները: Վերլուծելով դամբարանի արտաքին տեսքը հետազոտողներն այն ներկայացնում էին որպես մահմեդական և քրիստոնեական ճարտարապետական ոճերի յուրահատուկ սինթեզ, խոսում սելջուկյան արվեստի խնդրի մասին (Бретаницкий 1966, 130, Мамедов 1976, 41-44, Усейнов, Бретаницкий, Саламзаде 1963, 97-101, 168-170): Ուշագրավ է, որ ոչ մի հետազոտող չէր բացառում նաև ուղղակի կապը հայկական փոքրիկ եկեղեցիների, մատուռների հետ և նաև կարծիք էր հայտնվում, որ հատկապես երկրորդ դամբարանը պետք է կառուցած լինեին հայ վարպետներ (Щеблыкин 1943, 85-87):   Ճարտարապետ Ա. Սալամզադեն այն դասում է ութանիստ դամբարանների տիպին, որոնք չունեն ակնհայտ աշտարակաձևություն: Նման տիպի դամբարաններին բնորոշ է վրանատիպ լինելը, ինչը քոչվոր ցեղերի ավանդական շարժական բնակարանը քարով մարմնացնելու միտման արդյունք է (Бретаницкий 1966, 128-130): Դամբարանի  ստորին ութանիստ հատվածը զգալիորեն մեծ է նեղացող վերին ութանիստ հատվածից, որն իր հերթին նեղանում է և հիմք ծառայում փոքրիկ սրածայր գմբեթի համար (նկ. 6): Դամբարանը լուսավորվում է վերին, նեղացող հատվածում գտնվող փոքրիկ պատուհաններով: Հետազոտող Մամեդովը ուշադրություն հրավիրելով դամբարանի այս, ինչպես նաև արտաքին տեսքի մի շարք այլ գծերի վրա, ակնհայտ կապ էր տեսնում քոչվորական վրանի, նրա կառուցվածքային բաղադրիչների հետ (Мамедов 1976, 40-42): Նույնպիսի բացատրություն կարող ենք տեսնել դամբարանի զարդաքանդակների հետ, որտեղ արևային պատկերները, ցլի պատկերը և այլն ևս բնորոշվում են որպես քոչվորական մշակույթի սիմվոլներ: Նույն Մամեդովը արձանագրում է, որ առաջին վրանաձև դամբարանի միհրաբն (նկ. 7) իր զարդարանքի մասնիկներով հեռավոր նմանություն ունի Անդրկովկասի որոշ քրիստոնեական կառույցների բեմերի հետ (Мамедов 1976, 39-40):

Խաչենի իսլամական դամբարանը

Տեղադրությունը Խաչենի իսլամական դամբարանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Արմենակավան գյուղի վարչական սահմաններում՝ գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա: Խորհրդային տարիներին այդ տարածքները մտնում էին Աղդամի շրջանի Խաչեն-Դորբաթլու կամ Ջինլի գյուղի վարչական սահմանների մեջ (Կարապետյան 1999, 227, Քորթոշյան 2020, 36): Ներկայումս այդ տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Դամբարանի կառուցման, դրա հեղինակի և պատվիրատուի մասին հիմնական տեղեկությունը ստանում ենք հյուսիսային կողմում գտնվող մուտքից անմիջապես վեր փորագրված արաբերեն արձանագրությունից, որը թեև բազմիցս հրատարակվել է, սակայն գրեթե բոլոր հրատարակություններում կան տարընթերցումներ՝ կապված դամբարանի պատվիրատուի և ճարտարապետի անվան հետ: Այս փաստը մատնանշում էին խորհրդային տարիներին դամբարանը հետազոտած մասնագետները: Տարընթերցումների պատճառը, ինչպես նշում է Լ. Բրետանիցկին, այն է, որ այն փորագրվել է ոչ մասնագետ կամ էլ ոչ վարժ փորագրող վարպետի կողմից (Бретаницкий 1961, 238): Խորհրդային տարիներին հրատարակված աշխատանքներում դամբարանի ճարտարապետի անունը կարդացել են որպես Շահբենզեր, Շախենզի, անգամ Շախբեգոզար (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Նույն խնդիրը առկա է նաև պատվիրատուի հարցում, որի անունը կարդացվում է որպես Մուսա խոջայի որդի Կութլու, Մուսայի որդի Կատավա խոջա, Մուսայի որդի Կութլու Խվաջա (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Հստակ է կառուցման տարեթիվը՝ 1314 թվական: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Դամբարանը երկհարկ է՝ բաղկացած ստորգետնյա թաղման խցից և վերգետնյա աղոթասրահից։ Ներքուստ թե’ թաղման խուցը և թե’ նրանից վեր գտնվող սրահն ունեն խաչաձև հատակագիծ և ծավալ (նկ. 1)։  Աղոթասրահը դրված է եռաստիճան գետնախարսխի վրա, արտաքուստ բազմանիստ է (ունի 12 նիստ), ավարտվում է սրածայր վեղարով՝ ծավալային լուծումով խիստ մոտ ժամանակի քրիստոնեական կառույցների գմբեթներին։ Կառուցված է սրբատաշ դեղնավուն կրաքարով (նկ. 2)։