Խաչենի իսլամական դամբարանը

Տեղադրությունը

Խաչենի իսլամական դամբարանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Արմենակավան գյուղի վարչական սահմաններում՝ գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա: Խորհրդային տարիներին այդ տարածքները մտնում էին Աղդամի շրջանի Խաչեն-Դորբաթլու կամ Ջինլի գյուղի վարչական սահմանների մեջ (Կարապետյան 1999, 227, Քորթոշյան 2020, 36): Ներկայումս այդ տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ

Դամբարանի կառուցման, դրա հեղինակի և պատվիրատուի մասին հիմնական տեղեկությունը ստանում ենք հյուսիսային կողմում գտնվող մուտքից անմիջապես վեր փորագրված արաբերեն արձանագրությունից, որը թեև բազմիցս հրատարակվել է, սակայն գրեթե բոլոր հրատարակություններում կան տարընթերցումներ՝ կապված դամբարանի պատվիրատուի և ճարտարապետի անվան հետ: Այս փաստը մատնանշում էին խորհրդային տարիներին դամբարանը հետազոտած մասնագետները: Տարընթերցումների պատճառը, ինչպես նշում է Լ. Բրետանիցկին, այն է, որ այն փորագրվել է ոչ մասնագետ կամ էլ ոչ վարժ փորագրող վարպետի կողմից (Бретаницкий 1961, 238): Խորհրդային տարիներին հրատարակված աշխատանքներում դամբարանի ճարտարապետի անունը կարդացել են որպես Շահբենզեր, Շախենզի, անգամ Շախբեգոզար (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Նույն խնդիրը առկա է նաև պատվիրատուի հարցում, որի անունը կարդացվում է որպես Մուսա խոջայի որդի Կութլու, Մուսայի որդի Կատավա խոջա, Մուսայի որդի Կութլու Խվաջա (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Հստակ է կառուցման տարեթիվը՝ 1314 թվական:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Դամբարանը երկհարկ է՝ բաղկացած ստորգետնյա թաղման խցից և վերգետնյա աղոթասրահից։ Ներքուստ թե' թաղման խուցը և թե' նրանից վեր գտնվող սրահն ունեն խաչաձև հատակագիծ և ծավալ (նկ. 1)։  Աղոթասրահը դրված է եռաստիճան գետնախարսխի վրա, արտաքուստ բազմանիստ է (ունի 12 նիստ), ավարտվում է սրածայր վեղարով՝ ծավալային լուծումով խիստ մոտ ժամանակի քրիստոնեական կառույցների գմբեթներին։ Կառուցված է սրբատաշ դեղնավուն կրաքարով (նկ. 2)։

Նկ․ 1 Դամբարանի հատակագիծը, Կարապետյան Ս., Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, 2010, Երևան, էջ 7։

Նկ․ 2 Դամբարանի ընդհանուր տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նիստերի մեջ արտաքուստ բացված են խորշեր, որոնք ավարտվում են շթաքարե վերնամասով (նկ. 3), իսկ սլաքաձև կամարների շուրջ քանդակված են իրար հակադրվող խոտաճարակ ու գիշատիչ կենդանիներ (եղջերուներ, այծյամներ, ընձառյուծ, ցուլ, եղնիկին խեղդող ընձառյուծ, գիշատիչ արծվառյուծ և այլ առասպելական կենդանիներ): Քանդակներն արվել են սաղր ակոսներով, ապա հղկվել և ներկվել են մուգ կարմիր ներկանյութով (նկ. 4-6): Դամբարանի մուտքը գտնվում է հյուսիսային կողմում և ունի շատ հարուստ հարդարանք՝ երկրաչափական և բուսական բնույթի զարդաքանդակներով պատված վարդյակներ: Թաղման խուցն ունի խաչվող կամարներով ձևավորված ծածկ, իսկ աղոթասրահն ավարտվում է ստալակտիտային ոճավորմամբ պատված գմբեթով (նկ. 7-8): Դամբարանի հարավում գտնվող միհրաբը նույնպես ունի շատ ճոխ հարդարանք (Бретаницкий, 1961, 227-230, Бретаницкий, 1966, 188-191):

Նկ․ 3 Դամբարանի աղոթասրահի մուտքը և խորշերը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 5 Սլաքաձև կամարների շուրջ կենդանիների պատկերներից, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 7 Աղոթասրահի ստալակտիտային թաղը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 4 Սլաքաձև կամարների շուրջ կենդանիների պատկերներից, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 6 Սլաքաձև կամարների շուրջ կենդանիների պատկերներից, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 8 Աղոթասրահի ծածկը ներսից, լուս․ Հ. Պետրոսյանի։

Դամբարանին անդրադարձած բոլոր հետազոտողները փաստել են նրա ճարտարապետության և արտաքին տեսքի, զարդարանքի առնչությունները Անդրկովկասի քրիստոնեական ճարտարապետության հետ, ներկայացնելով դամբարանը որպես իսլամական և քրիստոնեական արվեստների, ոճերի յուրահատուկ մի խաչաձևում (Бретаницкий 1961, 227-228, 240): Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն անդրադարձել է դամբարանի ճարտարապետությանը և արտաքին տեսքին, ակնհայտ նմանություն է տեսնում այս դամբարանի և Եղվարդում գտնվող եկեղեցի-դամբարանի միջև (նկ. 9): Այս նմանությունը առաջինը նկատել էր արվեստաբան Տ. Ա. Իզմայլովան (Бретаницкий 1961, 228, 232, Бретаницкий 1966, 188):

1301 թվականին կառուցված Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցի-դամբարանի ճարտարապետն է Շահիկ վարդպետը (Ձեռագիր. վարպետ Շահիկ, 14-րդ դարի առաջին կես - Monument Watch), ինչի մասին է վկայում լուսամուտներից մեկի խոյակի վրայի արձանագրությունը. «Վ[ար]դ[պետ] Շահիկ» (նկ. 10) (Յովսեփեան 1921-1922, 184): Շահիկ վարդպետի կողմից է կառուցվել նաև Երևանի կենտրոնում վերջերս հայտնաբերված իսլամական դամբարանը, որը, ինչպես և Խաչենի դամբարանն է, ունի խաչաձև հատակագիծ, նույնական ստալակտիտային թաղերով պսակված խաչթևեր: Երևանի դամբարանի մուտքի վերին մասում ներքուստ փորագրված է հայերեն և պարսկերեն նույնաբովանդակ արձանագրությունը. «Շահ[ի]կ Վ[ար]դ[պետ] ։ՉԿԸ։ (1319 թ.)» (Քալանթարյան, Մելքոնյան 2005, 124): Լ. Բրետանիցկին, տալով Խաչենի դամբարանի նկարագրությունը, նշում է, որ դամբարանը ներքուստ պատված էր բազմագույն հախճասալերով (Бретаницкий 1961, 236): Ցավոք, հեղինակը չի տալիս դրանց նկարագրությունը կամ գոնե լուսանկարները: Ուշագրավ է, որ Երևանի իսլամական դամբարանը ևս ներքուստ պատված է եղել շքեղ հախճասալերով, որոնց բեկորները գտնվել են պեղումների ժամանակ (Քալանթարյան, Մելքոնյան 2005, 124): Հախճասալեր են ագուցված նաև Եղվարդի եկեղեցու թմբուկի վերին շարքում (նկ. 11): Սրանց մի մասը կրում է պարսկերեն արձանագրություններ-մեջբերումներ Ֆիրդուսու «Շահ Նամե» պոեմից: Պարսկերեն արձանագրությունները ընթերցել էր Լ. Գյուզալյանը (Гюзалян 1984, 158-159), ով նաև Խաչենի դամբարանի արձանագրության մեջ ճարտարապետի անունը ընթերցել է որպես Շախենզի (Бретаницкий 1966, 195): Եղվարդի շքաղյուսները պարսկական շողյուն խեցեղենի դասական օրինակներ են, դրանք հայտնի են նաև Դվինում, Անիում, Գառնիում, Տիկնունի ամրոցում, Վայոց Ձորի Սպիտակավոր վանքում, Կիրանց վանքում (Ժամկոչյան, Քալանթարյան 1971, 277-278, 280-281, Փոորմոհամմադի 2014, 138-139): Եղվարդի եկեղեցու և Խաչենի դամբարանի միջև եղած ակնհայտ նմանություններին (նկ. 12-14) անդրադառնալով՝ հուշարձանագետ Ս. Կարապետյանը ևս կարծում էր, որ դամբարանի ճարտարապետը պետք է լիներ հենց Շահիկը (Կարապետյան 1999, 227): Ր. Քորթոշյանը, զուգահեռներ տանելով Խաչենի և վարդպետ Շահիկի կողմից կառուցված մյուս շինությունների միջև, ինչպես նաև անդրադառնալով Երևանի դամբարանի պարսկերեն արձանագրությանը, կարծում է, որ Խաչենի արձանագրության մեջ ճարտարապետի անունը պետք է կարդալ հենց Շահիկ (Քորթոշյան 2020, 39):

Նկ․ 9 Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցու ընդհանուր տեսքը արևմուտքից, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 11 Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցու հախճասալերը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 13 Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցի. կենդանու պատկեր, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 10 Վարդպետ Շահիկի արձանագրությունը Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցու վրա, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 12 Գազանամարտի տեսարան Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցուց, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ․ 14 Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցի. երկրորդ հարկի մուտքից վերև գտնվող կենդանիների պատկերներ, լուս. Հ. Պետրոսյանի։

Խոսելով կենդանիներով հորինվածքների մասին՝ շատ հեղինակներ զուգահեռներ էին տանում սասանյան գեղարվեստական մետաղի, ինչպես նաև Աղթամարի սուրբ Խաչ տաճարի պատկերաքանդակների հետ, միևնույն ժամանակ ուղղակի կապ տեսնելով սելջուկյան արվեստի հետ: Այս հարցում սովորաբար որպես զուգահեռներ և փոխազդված օրինակներ են  բերվում Փոքր Ասիայի իսլամական մի շարք դամբարանները, որոնցում կար հայկական և վրացական ճարտարապետության ակնհայտ ազդեցություն, և Անդրկովկասի երկհարկ եկեղեցի-դամբարանները (Бретаницкий 1961, 232-234): Հավելենք նաև, որ գազանամարտը, կենդանավազքի պատկերումը Արևելքում շատ սիրված էին և մենք ունենք դրանց արտացոլումը նաև խեցեղենի վրա, օրինակ՝ դրոշմազարդ կարասների վրայի պատկերները (Պետրոսյան 1988, 54): Գազանամարտը թերևս հիշեցնում էր ապրելու համար կռիվը, մահը հաղթահարելուն ուղղված հավերժ պայքարը (Պետրոսյան 2014, 306-307):

Խոսելով ստալակտիտային թաղի, գմբեթարդի մասին՝ դամբարանի ճարտարապետությանը անդրադարձած հեղինակները զուգահեռներ և համեմատական էին անցկացնում Հայաստանում և Արցախում գտնվող գավիթների հետ (Бретаницкий 1966, 194-195):

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Խորհրդային տարիներին շրջակա ադրբեջանական գյուղերի բնակիչները դամբարանի ներսում թողել իրենց անունները փաստող գրությունները, ինչը երևում է նաև խորհրդային տարիներին արված լուսանկարներում: Դամբարանն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, գտնվում էր անխաթար և անվնաս վիճակում: Արցախի համապատասխան կառույցների կողմից նրա շրջակայքը պարբերաբար մաքրվել է, կագնեցվել է հատուկ ցուցանակ։

Գրականություն

  1. Ժամկոչյան 1971-Ժամկոչյան Ա., Քալանթարյան Ա., Եղվարդի Աստվածածին եկեղեցու հախճասալերը, Պատմա-բանասիրական հանդես, N 4, էջ 277-281:
  2. Կարապետյան 1999-Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  3. Կարապետյան 2010-Կարապետյան Ս., Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան:
  4. Յովսեփեան 1921-1922-Յովսեփեան Գ., Ազիզբէկենք եւ նրանց շինարարական գործը, Բանբեր Հայաստանի Գիտական ինստիտուտի, գիրք Ա եւ Բ, էջ 177-206:
  5. Պետրոսյան 1988-Պետրոսյան Հ., Գառնին IX-XIV դարերում, Երևան:
  6. Պետրոսյան 2014-Պետրոսյան Հ., Հայաստանի ուշ միջնադարյան (15-18-րդ դարեր) տապանաքարային պատկերաքանդակի պատճառաբանական, պատկերագրական և իմաստաբանական քննության փորձ, Բանբեր Մատենադարանի, N 21, Երևան, էջ 301-309:
  7. Փոորմոհամմադի 2014-Փոորմոհամմադի Փարիսա, XIII-XIV դարերի հայ-իրանական մշակութային հարաբերությունների պատմությունից, Բանբեր հայագիտության, N 1, էջ 136-148:
  8. Քալանթարյան 2005-Քալանթարյան Ա., Մելքոնյան Հ., Հնագիտական աշխատանքները Հայաստանում 1990-2003 թվականներին, Երևան:
  9. Քորթոշյան 2020-Քորթոշյան Ր․, Խաչեն-Դորբատլիի դամբարանի արաբերեն արձանագրությունը, Վարձք, N 14, էջ 36-40:
  10. Гюзалян 1984-Гюзалян Л., Иранские средневековые изразцы на купольном барабане Богородицы в Егварде, Պատմա-բանասիրական հանդես, N 2, էջ 153-174.
  11. Бретаницкий 1961-Бретаницкий Л., Крупкин Э., Мамиконов Л., Мавзолей в сел. Хачен-Дорбатлы, Советская археология, N 4, с. 227-244.
  12. Бретаницкий 1966-Бретаницкий Л., Зодчество Азербайджана XII-XV вв. и его место в архитектуре Переднего Востока, Москва.
  13. Неймат 2011-Неймат М., Корпус эпиграфических памятников Азербайджана, т. V, Баку.
Խաչենի իսլամական դամբարանը
Խաչենի մահմեդական դամբարանը
Խաչենի մահմեդական դամբարանը
Արցախ