Աղբաթխերտի եկեղեցին
Տեղադրությունը
Պատմական Աղբաթխերտ բնակավայրն ու եկեղեցին գտնվում են Աղավնո գետի վերնահովտում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակ գյուղից շուրջ 3 կմ հարավ (նկ․ 1), ծովի մակերևույթից 1550 մետր բարձրության վրա: 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:


Նկ․ 1 Ընդհանուր համայնապատկերը, լուս. Զ․ Ըռքոյանի։
Պատմական ակնարկ
Բնակավայրի անվան առաջին հիշատակությունը հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում, որտեղ այն Աղախիրդ կամ Աղախերդ անունով նշված է Տաթևին հարկատու գյուղերի ցանկում։ Սակայն ըստ Ալեքսան Յակոբեանի առկա է վրիպակ, ինչի պատճառով Աղահեճք գավառի վերջին գյուղը հանդիսացող Աղբաթխերտը նշվել է, որպես Աղահեջքին հաջորդող Հաբանդ գավառի առաջին գյուղ: (Հակոբյան 1982, 276)։ Հուշարձանի վերաբերյալ այլ պատմական տեղեկություններ հայտնի չեն։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Աղբաթխերտի եկեղեցին չունի հոգևոր կառույցին բնորոշ ծավալային լուծումներ։ Այն իրենից ներկայացնում է տեղական անմշակ քարից և կրաշաղախից շինված երկու կից սենյակներ, որոնց մուտքերը բացված են հարավային կողմից։ 150 սմ հաստությամբ պատերով կառույցը շրջապատված է պարսպապատերով (նկ․ 2)։ Դրանց եկեղեցիներ լինելու փաստը վկայում է արևելյան սենյակի հարավային պատի վրա առկա ինը տողանի արձանագրությունը (նկ. 3), որտեղ սենյակները կոչվում են Տիրամայր Աստվածածին և սուրբ Գրիգոր. «Կամաւն ա[ստուծո], ես Մանվէլ / ք[ա]հ[անա] ետոյ նորոգեցի զՏիր/այմայր Ա[ստուա]ծածին/ս եւ զս[ուր]բ Գր/իգորս, յիշ/ատակ հոգոյ իմոյ, հ/աւր իմո/յ՝ Կիրակոս ք[ա]հ[անային],/ մայր ի[մ] Մինային, եղբարց իմոց տ[է]ր տ[է]ր Տիրաց/ուի, Թաթէոսի. յիշեցէք ի Ք[րիստո]ս, եւ զձեզ յիշէ Ա[ստուա]ծ:/ Վարդան սպասաւոր՝ եկեղեցոյս ք[ա]հ[անայ. [յ]աղաւթ/ս յիշեցէք/ թվ[ին] :ՊԿԸ: (1419 թ.): Թաթոսս [յ]աղա[ւ]/թս յիշեցէք» (Հակոբյան 2009, 230)։

Նկ․ 2 Եկեղեցու հարավային պատը, լուս. Զ․ Ըռքոյանի։

Նկ․ 3 Եկեղեցուն վերաբերող արձանագրությունը, լուս. Զ․ Ըռքոյանի։
Եվս մեկ արձանագրություն առկա է նշվածից երեք քար վերև՝ «Պ[ա]ր[ոն] Ղաիջ՝ թ/ոռն պ[ա]ր[ոն] Հասան[այ]: Երկու արձանագրություններն էլ վերաբերում են 15-րդ դարին (Հակոբյան 2009, 231)։
Տարածքում՝ տապանաքարերի և խաչքարերի վրա առկա են մի շարք այլ արձանագրություններ (նկ․ 4, 5)։ Ուշագրավ է 1413 թ․ արձանագիր խաչքարը, որտեղ նշված է Աղբաթխէրտ տեղանունը (նկ․ 6)։ Հետաքրքիր է նաև 15-16-րդ դդ․ թվագրվող խաչքարը, որին աջ վերնամասին հետագայում կամարի տեսք են տվել (նկ․ 7)։ Այս ամենը վալյում են 15-16 դարերում բնակավայրի և նրա հոգևոր կենտրոնի ակտիվ կյանքի մասին:

Նկ․ 4 Օրորոցաձև տապանաքար, լուս. Զ․ Ըռքոյանի։

Նկ․ 6 Արձանագիր խաչքար, լուս. Զ․ Ըռքոյանի։

Նկ․ 5 Արձանագիր տապանաքար, լուս. Զ․ Ըռքոյանի։

Նկ․ 7 Խաչքար, լուս Հ․ Աբրահամյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ և ընթացքում՝ 1989-1992 թվականներին, Իշխանասարից Բերձոր (Լաչին) ջրագիծ անցկացնելու պատրվակով ադրբեջանցիներն իրենց տեղից հեռացրել են խաչքարեր, տապանաքարեր, որմնաքարեր և վերածել կույտի (Հակոբյան 1982, 271)։ Հետագայում վիճակն առանձին փոփոխություններ չի կրել։
Մատենագրական քննություն
Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում Հակ գյուղի ներկայացման վերջում անդրադարձել է հուշարձանին, այն նույնացնելով «Ժամանակագրության» մեջ հիշատակված Աղվեսահաքի բնակավայրի հետ, իսկ «Աղվատխեր» անունը համարել է դրա քրդական տարբերակը (Կարապետյան 1999, 132)։
Հուշարձանին համեմատաբար ընդգրկուն է անդրադարձել Ալեքսան Հակոբյանը։ Վերջինս ներկայացրել է հուշարձանը, հրատարակել տարբեր տարիներին տարածքից հայտնաբերված արձանագրությունները, անդրադարձել տեղանվան հետ կապված խնդրին և այլն (Հակոբյան 1982, 270-280; Հակոբյան 2009, 228-232)։
Գրականություն
1․ Հակոբյան 1998 - Յակոբեան Ա, Հակարիի վերնահովտի նորայայտ վիմագրերը// Հանդէս ամսօրեայ. ՃԺԲ տարի, Վիեննա։
2․ Հակոբյան 2009 – Յակոբեան Ա., Հակարիի վերնահովտի նորահայտ վիմագրերը, Բ, Մերձավոր և Միջին արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. 27, Երևան:
3․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
Աղբաթխերտի եկեղեցին
Արցախ