Այգեստանի սբ․ Հարության եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Հարության եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Հադրութի շրջանում՝ Արևասար լեռան արևելյան հարավահայաց լանջին  գտնվող Հին Քոչբեկ գյուղատեղիում։

Նկ. 1 Եկեղեցին արևելքից, 2011, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 2 Եկեղեցին հարավից, 2011, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Այգեստան գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 2,5 – 3 կիլոմետր արևելք։ Ներկայիս գյուղը հիմնվել է 1960-1969 թվականներին,  երբ գյուղից մոտ 2 կիլոմետր հյուսիս գտնվող Հին Քոչբեկից բնակիչները տեղափոխվել են ավելի ցածրադիր հարթավայրային գոտի։ Հին Քոչբեկի հիմնադրման մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Գյուղացիների մոտ սերնդեսերունդ պահպանված ավանդազրույցներից մեկն ասում է, որ Քոչբեկի բնակիչներից մի քանի ընտանիք այստեղ են տեղափոխվել Ջրաբերդից։

1890 ական թվականներին այստեղ այցելած Մակար Բարխուդարյանցը նշում է, որ «․․․Քոչբեկի բնակիչները բնիկ են, հողն բեկական։ Եկեղեցին սբ․ Հարութիւն, քահանան գալիս է Հադրութից» (Բարխուտարեանց 1895, 46)։

Ըստ մուտքի բարավորի վրա պահպանված արձանագրության սբ․ Հարության եկեղեցին կառուցվել է 1741 թվականին։

1991 թվականի վերջերին գյուղի մի հատվածը գրավվել է ադրբեջանցիների կողմից, 1992 թվականի հունվարի 9-ին գյուղն ամբողջությամբ գրավելու նպատակով ադրբեջանական զորքի գրոհն ավարտվեց անհաջողությամբ, որից հետո հայկական ուժերը ազատագրեցին ամբողջ գյուղը։ Հետպատերազմյան շրջանում  Քոչբեկը վերանվանվել է Այգեստան։

2020 թվականի հոկտեմբերից Այգեստանը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Ուղղանկյուն միանավ սրահ է, արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան։ Սբ․ Հարություն եկեղեցու ներքին ճարտարապետական  առանձնահատկություն է  մեկ ավանդատան առկայությունը, որը տեղադրված է խորանի հյուսիսային կողմում։

Կառուցված է հիմնականում կոպտատաշ քարերից, արևմտյան պատուհանի, մուտքի  եզրամասերը, բարավորը՝ սրբատաշ կրաքարից։ Միակ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ․ 3)։ Լուսավորությունը ստանում է  արևելյան, հարավային և արևմտյան կողմերից բացվող մեկական պատուհաններից։ Ներքուստ թաղածածկ է, արտաքուստ ունի երկթեք, հողածածկ տանիք։ Տեղանքի թեքության պատճառով հյուսիսային պատն ամբողջությամբ և արևմտյան պատի մի հատվածը գտնվում են հողի մեջ (նկ․ 4)։

Նկ. 3 Եկեղեցու մուտքը, 2018, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 4 Եկեղեցին հարավ-արևմուտքից, 2018, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Ունի 13, 5 մետր երկարություն, 6,3 մետր լայնություն, 4,5 մետր բարձրություն։

Մուտքի բարավորի վրա պահպանվել է եկեղեցու շինարարական արձանագրությունը․«Յ[ի]շ[ատա]կ է  Ս[ուր]բ Յարութ/ե[ա]ն եկեղեցիս Մէլիք/ Եկանին կողագից Կոզալի[ն]/, որդ[ի] Արամբէկ[ի]ն, Իսայիբեկին:/ Թվ[ին] ։ՌՃՂ։ շինվեցաւ. օվ/ կարթա՝ Ա[ստուա]ծ ողորմի ասի: Հայր» (նկ․ 5)։ Արձանագիր են նաև մուտքի սրբատաշ քարերը (նկ․ 6)։ Եկեղեցուց հարավ տարածվում է հին գերոզմանատունը, տապանաքարերի մեծ մասը պահպանվել է (նկ․ 7):

Նկ. 6 Մուտքի արձանագիր քարերը, 2018, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 5 Եկեղեցու մուտքի արձանագիր բարավորը, 2011, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 7 Հին գերեզմանատունը, 2011, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Սբ․ Հարության եկեղեցին խորհրդային շրջանում օգտագործվել է որպես պահեստ, որի շնորհիվ պահպանվել է համեմատաբար բարվոք վիճակում։ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ռազմական գործողություններից չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։

Այգեստանի սբ․ Հարության եկեղեցին
Այգեստանի սբ․ Հարության եկեղեցին
Այգեստանի սբ․ Հարության եկեղեցին
Արցախ