Բանաձորի սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սուրբ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1, 2, 3) գտնվում է Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում։
նկ. 1 Եկեղեցին հյուսիս – արևմուտքից, 2018, լուս․ Գ․Բուդաղյանի։
նկ. 2 Եկեղեցին արևելքից, 2018, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 3 Եկեղեցին արևմուտքից, 2018, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Բանաձոր գյուղը գտնվում է Հադրութի շրջանում, Հադրութ քաղաքից դեպի հարավ –արևելք՝ մոտ 22 կմ հեռավորության վրա։ Ըստ Մակար Բարխուդարյանի. «Բանաձորի բնակիչք բնիկ են․․․» (Բարխուտարեանց 1895, 65):
1991 թվականի մայիսին խորհրդային բանակի և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների ՝ ՕՄՕՆ –ի կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում Բանաձորն ամբողջությամբ հայաթափվել է, այնուհետև հրկիզվել։ Ազատագրվել է 1993 թվականի ամռանը, բանաձորցիները կրկին վերադարձել և վերականգնել են գյուղը։ 2020 թվականի հոկտեմբերին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով, երկու զույգ մույթերով եռանավ սրահ է, որն արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Խորանի աջ և ձախ կողմերում են գտնվում երկու ավանդատները։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով, կամարները սրբատաշ են։ Ունի 18 մետր երկարություն, 11 մետր լայնություն։
Եկեղեցու մուտքն ունեցել է արձանագիր բարավոր, ըստ որի՝ եկեղեցին կառուցվել է 1639 թվականին, սակայն հարավային պատի և մուտքի փլման հետևանքով բարավորն անհետացել է։ Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին գտնվում էր կիսավեր վիճակում (նկ․ 4, 5)։ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։
նկ. 4 Եկեղեցին ներսից, 2018, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 5 Եկեղեցին ներսից, 2018, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
2. Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Բանաձորի սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ