Բերդավանք եկեղեցին

Տեղադրությունը

Բերդավանքը գտնվում է Հադրութի շրջանի Ղուչիլար գյուղում (նկ․ 1, 2)։

Նկ. 1 Եկեղեցին հյուսիսից, 2016, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 2 Եկեղեցին ներսից, 2016, լուս․ Գ․Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Ղուչիլար գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 6-7 կիլոմետր հարավ-արևելք Վելիջան իշխանի կամ Ցորաբերդից արևելք բերդասարի հարավահայաց լանջին։ Ըստ Մ․ Բարխուդարյանի՝ «․․․բնակիչք գաղթած են Ղարադաղից, եկեղեցին՝ Բերդավանք, քարուկիր, քահանան գալիս է Նորաշէնից» (Բարխուտարեանց 1895, 43)։

Ամբողջությամբ հայերով բնակեցված գյուղը աստիճանաբար հայաթափվել է 1930-ական թվականների վերջերին, որից հետո դարձել է ադրբեջանական անասնապահների բնակատեղին։ Ազատագրվել է 1993 թվականի օգոստոսին։

2020 թվականի հոկտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսակլոր խորանով, որի աջ ու ձախ կողմերում գտնվում են մեկական պատուհաններ (նկ․ 3)։ Թաղածածկ է, երկթեք տանիքով։ Կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Լուսավորությունը ստանում էր արևելյան և արևմտյան կողմերում բացվող երկու լուսամուտներից (նկ․ 4)։

Նկ. 3 Եկեղեցին ներսից, 2016, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ. 4 Եկեղեցին արևելքից, 2016, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Մուտքն ամենայն հավանականությամբ բացվում էր հյուսիսային կողմից, որը հյուսիսային պատի մի հատվածի փլման արդյունքում չի երևում (նկ․ 5)։ Եկեղեցու շուրջը պահպանված շինությունների և պարսպապատերի հետքերը փաստում են, որ այստեղ նախկինում վանք է եղել։

Նկ. 5 Եկեղեցին հյուսիսից, 2016, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Եկեղեցին գտնվում էր կիսավեր վիճակում։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

 

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 – Բարխուտարենաց Մ․, Արցախ, Բագու, 1895։

Բերդավանք եկեղեցին
Բերդավանք եկեղեցին
Հադրութի շրջան
Արցախ