Եղցի (Քիլիսա) գյուղի եկեղեցին
Տեղադրությունը
Եղցի գյուղատեղին գտնվում է Արցախի Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանում, Տրտու գետի միջին հոսանքի ձախակողմյան ձորակի միջնահովտում, ծովի մակերևույթից 1620 միջին բարձրության վրա, գյուղատեղիի կենտրոնական մասում (նկ․ 1):
Yeghtsi-church
նկ. 1 Եղցի (Քիլիսա) գյուղատեղին և եկեղեցին, 2018 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։
Պատմական ակնարկ
Գյուղի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն, հայտնի չէ նաև պատմական անունը։ Տեղանունը Եղցի է անվանակոչվել Քարվաճառի վերաազատագրումից հետո։ Ըստ երևույթին, 19-րդ դարավերջին գյուղում հաստատված քրդերը, ելնելով կանգուն պահպանված եկեղեցու առկայությունից, գյուղն անվանել են Քիլիսա։ Դատելով եկեղեցու ճարտարապետական և շինարարական լուծումներից, հավանաբար կառուցվել է 17-րդ դարի սկզբին։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին կառուցվել է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով (նկ․ 2)։ Թաղակապ ծածկով միանավ բազիլիկ է (արտաքին չափերը՝ 14,15x7,80 մետր)։ Կիսաբոլորակ թաղածածկը հենված է երկու զույգ որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 3)։ Արևելյան կողմից կիսաշրջանաձև խորանը հյուսիսից ու հարավից ունի ավանդատներ (նկ․ 4)։ Ներսում, հյուսիսային պատում գտնվում մկրտության ավազանախորշը։ Ավանդատներն ունեն ուղղանկյուն հատակագիծ և չունեն լուսամուտներ։ Եկեղեցու սրահի լուսավորությունը լուծվել է արևելքից, հարավից և արևմուտքից բացված թվով չորս փոքրիկ լուսամուտներով։ Միակ մուտքը բացված է հարավից (նկ․ 5)։
նկ. 2 Եկեղեցին հարավ-արևմուտքից, 2018 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։
նկ. 4 Ներսույթը արևմուտքից, 2018 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։
Եկեղեցու առավել ընդգծված հատվածը շքամուտքն է, որի շրջանակի և բարավորի համար գործածվել են 11-րդ (ձախինը) և 13-րդ (վերինը և աջինը) դարերին վերաբերվող երեք խաչքարեր (նկ․ 6)։ Կողային երկու խաչքարերը կրում են արձանագրություններ։ Կողային ձախ խաչքարի պատվանդանին կարդում ենք․ «Ես՝ Հասան Սակռի որ[դի], կան(գն)եցի ս(ուր)բ նշ/անս բարեխաւս ի(ն)ձ եւ իմ ն(ն)ջեցե(լոցն)» ։
Մյուս խաչքարի ստորին հատվածում թվակիր արձանագրությունն է, որտեղ կարդում ենք․ «Ի թվիս հայոց ՈՂԵ (1246)/ էր, ես՝ Գրիգոր դարբ/ոյն, կա(ն)գնեցի զխաչս / ինձ [եւ ա]մու[սնոյ ի]մոյ (Կարապետյան 2019, 380)։
Ամբողջական և բեկորատված խաչքարեր են օգտագործվել նաև լուսամուտների վերնամասերում և կողերին։ Եկեղեցու շուրջը եղել է գերեզմանատուն, որից գրեթե ոչինչ չի պահպանվել, բացառությամբ հարավային բակում առկա մեկ տապանաքարի։ Մնացյալ գերեզմանային հուշարձանների և խաչքարերի բեկորները տեսանելի են 20-րդ դարի երկրորդ կեսին կառուցված գյուղական տների պատերում և շրջակայքում։
Եկեղեցուց մոտ 20 մ հյուսիս մի ժայռազանգվածի վրա պահպանվել են տասնյակ խաչաքանդակներ (Կարապետյան 2019, 380-384)։
Եկեղեցու հյուսիսային պատը ծածկված է հողով և ձուլված թեք լանջին։ Ծածկը արևմտյան հատվածը մասամբ քանդված է։
նկ. 3 Ներսույթը արևելքից, 2018 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։
նկ. 5 Եկեղեցու հատակագիծը, չափ․ Ս․ կարապետյանի, 1993 թ․։
նկ. 6 Եկեղեցու շքամուտքը, 2018 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել:
2020 թվականի դեկտեմբերին Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական օկուպացիայից հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են:
Գրականություն
Կարապետյան 2019- Կարապետյան Ս., Մռավականք, Երևան։
Եղցի (Քիլիսա) գյուղի եկեղեցին
Արցախ