Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին
Գտնվում է Հին Թաղավարդ գյուղատեղում, հայկական վերահսկողության ներքո, ներկա սահմանից 40 մետր հեռավորության վրա: Կառուցման հավանական ժամանակը` 17-րդ դար:
Ա. Նկարագրությունն ու վիճակն ըստ 2002 թվականի դիտումների
Միանավ թաղակապ սրահ է, միակ արևմտյան մուտքով: Արևելյան խորանն ուղղակյուն է, աղոթասրահից անջատվում է ճակատները սրբատաշ քարերով իրականացված թաղակիր կամարով: Խորանի հարավային և հյուսիսային պատերում բացված են մեկական ուղղանկյուն նիշաներ: Մուտքից պահպանվել են սրբատաշ բարավորն ու հյուսիսային եզրաքարերը: Եկեղեցին իրականացված է արտաքինից խոշոր, ներսից` միջին չափերի կապտատաշ քարերով և կրաշաղախով: Արևմտյան ճակատի շարվածքում` հիմքին մոտ դրված գլաքարի վրա պահպանվել են գծային խաչապատկերներ: Քանդակներ և արձանագրություններ չկան:
Եկեղեցին Թաղավարդի և հարևան գյուղերի բնակչության համար եղել է հայտնի ուխտատեղի, շրջակա ծառերի վրա կախված են մատաղացու կենդանիների վերջույթներն ու գլուխները: Մոմավառությունը եկեղեցում շարունակվում է և այսօր:
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/186482481_202275125054245_4926915212212555781_n.jpg)
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/187309632_4029027990521395_4610291249726042902_n.jpg)
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/186532567_463461618216259_941024818079773749_n.jpg)
Բ. Վիճակն Արցախյան երկրորդ պատերազմից հետո
Ըստ Թաղավարդի ներկա բնակիչների եկեղեցին ադրբեջանական օդուժի կողմից ռմբակոծվել է 2020թ. նոյեմբերի 10-ին` գիշերը ժամը 1-ին: Արդյունքում եկեղեցին վեր է ածվել ավերակների: Եկեղեցու մատույցներում և շրջակայքում զոհվել են 12 զինվորականներ:
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/186884579_301179741584076_4503579544774880494_n.jpg)
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/186486159_316233913431813_6870545404658894816_n.jpg)
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/186472653_914170899421615_6700700484449927513_n.jpg)
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/186910157_252815229924538_8114372265691705834_n.jpg)
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/186508028_220671709519013_4460520029248397358_n.jpg)
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/187342452_354744992728496_1158082764506568211_n.jpg)
Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին
Արցախ