Թաղոտի սբ․ Հովհաննես եկեղեցին

Տեղադրությունը

Թաղոտ գյուղը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում, այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից (նկ․ 1)։ Թաղոտը և շրջակայքը հարուստ են պատմական հուշարձաններով։ Գյուղի հյուսիս-արևմտյան եզրին կանգուն վիճակում պահպանվել է սբ․ Հովհաննես  եկեղեցին (նկ․ 2)։

նկ. 1 Գյուղի ընդհանուր տեսքը հյուսիսից, 2013թ., լուս․ Ս․ Դանիելյանի։

նկ. 2 Եկեղեցին հարավ-արևմուտքից, 2016թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։

Պատմական ակնարկ

Թաղոտը Արցախի հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղերից է։ Գյուղի կյանքն առավել ակտիվացավ 18-րդ դարի սկզբին՝ Սյունիքի Դարպաս (այն ժամանակ՝ Աղվերծ) գյուղից Խոջա Ղազարի և համագյուղացիների այստեղ հաստատվելուց հետո։ Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանցը նշել է․ «Թաղոտ գիւղ. հիմնուած է Դող աւանի հարաւային կողմում, Մոխրենիսի ձորից հոսող առուի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք տեղափոխուած են Մեծ Սիւնեաց Դարաբաս գիւղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Յովհաննէս, քարուկիր. քահանայ երեք։ Ծուխ՝ 70, ար.՝ 256՝, իգ.՝ 219 (Բարխուտարեանց 1895, 73)։

Սբ․ Հովհաննես եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ այն 19-րդ դարասկզբի շինություն է։ Գրավոր աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է 1841 թվականից։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է (չափ․ 13,9x8մետր), կառուցված տեղական կոպտատաշ կրաքարով և ավազաքարով (նկ․ 3, 4)։ Սրբատաշ են միայն անկյունաքարերն ու կամարաքարերը։ Երկլանջ տանիքը հենված է հարավային և հյուսիսային պատերին։ Միակ մուտքը հարավից է։ Լուսավորվում է  արևելքից երեք և մյուս ճակատներին բացված մեկական  լուսամուտներից: Հարավային լուսամուտը խորհրդային տարիներին քանդվել և լայնացվել է (նկ․ 5)։ Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են։ Ներսում, հյուսիսային պատի խորշի մեջ, ավանդատանը մոտ պահպանվել է մկրտության ավազանը

նկ. 3 Եկեղեցու ներսը դեպի արևելք, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ շտեմարան։

նկ. 4 Եկեղեցու ներսը դեպի արևմուտք, ԱՀ ԿԳՄՍՆ շտեմարան։

նկ. 5 Եկեղեցու հարավային ճակատը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ շտեմարան։

Եկեղեցու հարավային ճակատին, մուտքից վեր՝ քիվի անմիջապես տակ պահպանվել է մի նվիրատվական քառատող արձանագրություն (նկ․ 6). «Հիշատակ է. այս [շուրջ]ջառս ընծա/եց Սուրբ Հովհաննէս եկեղեցի Թաղոդ գեղջ/ Յովակիմի Անդոնե(ա)ն Կարապետեանց/ 1896 թ» ։

Եկեղեցու հարավային պատի տակ, միմյանց մոտ պահպանվել են մի քանի տապանաքար, որոնցից երկուսն ունեն արձանագրություն (նկ․ 7)։ Արձանագրությունները հետևյալն են․

«[Այս] է տ(ա)պ(ա)ն Եղիազարի որդի Հախնազարին, թվ(ին) ՌՃՁ (1731)»։

«Այս է տապան տ(է)ր Միլիքսեթ(ի) որդ(ի) տ(է)ր Քասպարին, թվ(ին) ՌՃՂ (1741)։

(Աբրահամյան, 2021, 61,62 )։

Եկեղեցու արևելյան կողմում, հիմնապատին հենված պահպանվել է երկատված սակայն ամբողջական գեղաքանդակ մի խաչքար:

նկ. 6 Նվիրատվական արձանագրությունը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ շտեմարան։

նկ. 7 Հարավային պատին կից տապանաքարերը, 2013 թ․, լուս․ Ս. Դանիելյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցին չէր գործում, տանիքի կղմինդրածածկը չէր պահպանվել։ Այդ իսկ պատճառով տանիքին ծառեր և բուսականություն էին աճել։ Թեև նախքան 2020 թվականի պատերազմը և պատերազմի ընթացքում եկեղեցին ամբողջապես կանգուն էր, հետպատերազմական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Բարխուտարեանց  1895    -  Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
  2. Աբրահամյան 2021 – Աբրահամյան Է, Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները, Վարձք, թիվ 15:
Թաղոտի սբ․ Հովհաննես եկեղեցին
Թաղոտի սբ․ Հովհաննես եկեղեցին
Հադրութի շրջան
Արցախ