Լուսաձորի (Մեհտիշեն) Սբ․ Հովհաննես եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի կենտրոնում (նկ. 1): Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:
Պատմական ակնարկ
Գյուղի և եկեղեցու մասին որոշ տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանան գալիս է Պալլուճայից» (Բարխուտարեանց, 1895, 156): Եկեղեցու մասին Բարխուդարյանցի հիշատակությունից բացի այլ տեղեկություն չունենք: Գյուղի եկեղեցին կառուցվել է թերևս 19-րդ դարի վերջերին: Այն հիշատակվում է 1901 թվականին Արցախի թեմի փաստաթղթերում (Բալայան, 2020, 66-67):
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտեմարանում եկեղեցին նշված է որպես Սբ․ Աստվածածին: Նշենք, որ գյուղում այլ եկեղեցի չկա: Գյուղի եկեղեցին Արցախի թեմի կայքում ևս նշված է որպես Սբ․ Հովհաննես (https://artsakhdiocese.am/churches/gortsox/gortsogh-vanqer-yekeghetsiner/askerani-shrjan):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Սբ․ Հովհաննես եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է (նկ. 2): Կառուցված է կոպտատաշ միջին ու փոքր չափերի կրաքարով, սրբատաշ քարից են պատուհանների շրջանակները և պատերի անկյունաքարերը, հարավային ճակատում բացվող շքամուտքը (նկ. 3): Թաղը հենվում է պատերի և պատկից սյուներից բարձրացող ընդգված սլաքաձև կամարների վրա: Եկեղեցին լուսավորվում է բոլոր ճակատներում բացված վեց լայն լուսամուտներով: Աբսիդը կիսաշրջան է, ունի երկու ավանդատուն, հյուսիսային պատում մկրտության ավազանն է (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=695&act1=more&act=filter&mtype=12&searchword=%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես գյուղի ակումբ, ապա և պահեստ, արևմտյան կողմից ավելացվել է կցակառույց (նկ. 4): Եկեղեցին վերանորոգվել է 2019 թվականին արմատներով լուսաձորցի Լևոն և Ալբերտ Սարգսյանների կողմից, ինչի մասին ցուցում է եկեղեցու հարավային ճակատին փակցված ցուցանակը (https://www.youtube.com/watch?v=J_Q5uzh7L6c):
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
- Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան:
- Լուսաձորի սուրբ Աստվածածին, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=695&act1=more&act=filter&mtype=12&searchword=%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80։
- Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու զանգերը կրկին ղողանջեցին, https://www.youtube.com/watch?v=J_Q5uzh7L6c
- Ասկերանի շրջան, https://artsakhdiocese.am/churches/gortsox/gortsogh-vanqer-yekeghetsiner/askerani-shrjan։
Լուսաձորի (Մեհտիշեն) Սբ․ Հովհաննես եկեղեցին
Արցախ