Հարարի սբ․ Ստեփանոս եկեղեցին
Տեղադրություն
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Հարար գյուղում, որը Խաչգետիկ և Աղավնատուն գյուղերի հետ մտնում է Աղավնատուն գյուղական համայնքի մեջ: Հարար գյուղը գտնվում է Հակարի գետի ձախ կողմում, 1180-1280 մետր բարձրության վրա (Կարապետյան 1999, 179):

Պատմական ակնարկ
Հարար գյուղի մասին գրավոր վկայություններ ունենք սկսած 17-րդ դարից: Գյուղը հիշատակվում է տեղում ստեղծված ձեռագիր մատյանների հիշատակարաններում, որտեղ որպես ձեռագրերի ստեղծման վայր նշվում է գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին: Հարարի մասին հաջորդ հիշատակումները վերաբերում են 19-րդ դարին: Ըստ այդմ՝ գյուղի բնակչության մեծ մասը հայեր էին: Գյուղը զգալի տուժել է 1905 թվականի հայ-թաթարական բախումների ժամանակ և հատկապես 1918 թվականին: Սկսած 1930-ական թվականներից գյուղն արդեն հայաթափվել էր և տեղում բնակություն էին հաստատել թրքախոս քրդերը և ադրբեջանցիները (Կարապետյան 1999, 179-180):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է գյուղի արևելյան ծայրում, թեք լեռնալանջին, այն կիսավեր է (նկ. 1):

նկ. 1 Եկեցեղու ընդհանուր տեսքը, լուս. Զ. Ըռքոյանի։
Կառուցված է անմշակ քարերով և կրաշաղախով: Եկեղեցին կառուցվել է 16-17-րդ դարերում՝ ավելի հին եկեղեցու տեղում, այն չունի շինարարական արձանագրություն: Նույն եկեղեցին 1841 թվականի և հետագա վավերագրերում հիշատակվում է սուրբ Հռիփսիմե անվամբ (Կարապետյան 1999, 182): Այժմ կանգուն են եկեղեցու հարավային և մասամբ արևմտյան պատերը, նշմարվում է խորանի հատվածը (նկ. 2) Ըստ հատակագծի՝ եկեղեցին միանավ է (նկ. 3), եղել է թաղածածկ, միակ մուտքը հարավից է: Եկեղեցին չունի ավանդատներ: Մուտքին իբրև բարավոր ագուցված է խաչազարդ երեսով տապանաքար (նկ. 4): Մուտքին կից ագուցված է խաչքար (նկ. 5), որի վրա նկատվում են խիստ եղծված արձանագրության հետքերը. «…|կա|նգնեցի զխ(ա)չս բարեխ(աւ)սութիւն | մաւր իմոյ թու|…ե… » (Կարապետյան 1999, 183):

նկ. 2 Եկեղեցու խորանի հատվածը, լուս. Զ. Ըռքոյանի:

նկ. 4 Եկեղեցու մուտքը, լուս. Զ. Ըռքոյանի։

նկ. 3 Եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էջ 182։

նկ. 5 Եկեղեցու մուտքի մոտ ագուցված խաչքարը, լուս. Զ. Ըռքոյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Արդեն 19-րդ դարավերջին եկեղեցու շենքը գտնվում էր քայքայված վիճակում: Եկեղեցու շատ քարեր, ինչպես նաև գյուղի հայկական գերեզմանոցի տապանաքարերի զգալի մասը խորհրդային տարիներին գյուղում բնակություն հաստատած թրքախոս քրդերը և ադրբեջանցիները օգտագործել են տարբեր շինությունների կառուցման համար:
2020 թվականի դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ դեռ փաստագրված չեն:
Գրականություն
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
Քաշաթաղի շրջան
Արցախ