Հարթագոմերի եկեղեցին
Տեղադրություն
Հադրութի Խծաբերդ գյուղից 3,5 կմ հյուսիս արևելք, Հարոս լեռան հարավային լանջին՝ Եղցուն Ձոր հանդամասում է գտնվում Հարթագոմեր կոչվող գյուղատեղին։
Պատմական ակնարկ
Գյուղատեղին բնակեցված է եղել մինչ 18-րդ դարի սկիզբը։ Բնակիչները 18-րդ դարի սկզբին տեղափոխվել են Շուշիի գավառ և հիմնել Քարինտակ գյուղը։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Եղցուն Ձորի եկեղեցին գտնվում է գյուղատեղիի կենտրոնում, կիսավեր վիճակում (նկ․ 1)։ 16-17-րդ դարի հուշարձան է, կառուցված տեղական կրաքարով և կրաշաղախով (նկ․ 2)։ Միանավ թաղակապ սրահ է (չափերը՝ 7,1x5,2 մետր)։ Պատերը պահպանվել են 4-5 մետր բարձրությամբ։ Թաղածածկը փլված է՝ բացառությամբ խորանի գմբեթարդից։ Խորանն ունի կիսաշրջանաձև հորինվածք։ Խորանում, արևելքից բացված կենտրոնական լուսամուտին զուգահեռ նույն ուղղությամբ, պատի մեջ ագուցված են փոքրիկ խաչքարեր, որոնցից յոթն ամբողջական վիճակում տեղում պահպանված են (նկ․ 3)։ Մուտքն արևմուտքից է, լուսավորությունը կատարվել է արևելքից և արևմուտքից բացված մեկական փոքրիկ լուսամուտներով (նկ․ 4, 5, 6):
նկ. 3 Եկեղեցու ներսը արևմուտքից, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
նկ. 5 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիս-արևմուտքից, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
նկ. 2 Եկեղեցին հարավից, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
նկ. 4 Խորանում ագուցված խաչքարերը, լուս․ monuments.nk.am կայքից։
նկ. 6 Եկեղեցու մուտքը ներսից, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո։
Եկեղեցին պատերազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Գրականություն
- Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
- Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, «Արցախ», Բագու, 1895։
Հարթագոմերի եկեղեցին
Արցախ