Հղցկոտի կամուրջը
Տեղադրությունը
Հղցկոտի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի տարածքում՝ գյուղից մոտ 300 մետր հարավ, Հղցկոտ գետի վրա, Ավետարանոցից դեպի «Փափա դեռ» գյուղատեղի, Քիրս և անտառամիջյան հանդամասերը տանող հին ճանապարհի վրա։
Ավետարանոց գյուղը 2020 թվականից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Պատմական ակնարկ
Արցախի ձորակներն ու անտառները լիքն են տարբեր չափերի գետերով։ Տարբեր բնակավայրեր իրար կապելու համար այս գետերի վրա հաճախ էին կամուրջներ կառուցվում։ Շատ հաճախ այս կամուրջների կառուցման մասին պատմական տեղեկությունները բացակայում են։
Ելնելով ճարտարապետական առանձնահատկություններից, Ս. Կարապետյանը Հղցկոտի կամուրջը թվագրում է 17-18-րդ դարերով (Կարապետյան 2009, 78)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Կամուրջը միաթռիչք է, ունեցել է քարաշեն ցածր բազրիքներ։ Կառուցված է գետաքարերով՝ կրաշաղախի կիրառմամբ։ Կամուրջը կրող կամարի եզրաքարերը սրբատաշ են։ Սրբատաշ քարերից մի քանիսը բացակայում են։
Կամրջի երթևեկելի մասը մասամբ վերակառուցվել ու ամրացվել է խորհրդային տարիներին։
Թռիչքի բարձրությունը ջրի մակարդակից՝ մոտ 4,25 մետր, երկարությունը՝ 5,5 մետր, անցուղու լայնությունը՝ 4,35 մետր (նկ. 1, 2)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
2020 թվականի պատերազմից առաջ կամուրջը գործածվել է գյուղամիջյան ճանապարհի վրա։ Պատերազմի ընթցքում և դրանից հետո հուշարձանի վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։
Գրականություն
Կարապետյան 2009 - Կարապետյան Ս., Արցախի Կամուրջները, Երևան։
Ասկերանի շրջան
Արցախ