Մեծիրանից Սբ․ Հակոբավանքը
Տեղադրությունը
Հակոբավանքը գտնվում է Արցախի պատմական Մեծիրանք (կամ Մեծառանք) գավառում՝ Խաչենագետի աջ ափից ոչ շատ հեռու, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազկի վրա (նկ․ 1)։
Վանքն ունի արևելքից արևմուտք ձգված, ուղղանկյունաձև գլխավոր հատակագիծ (նկ․ 2)։ Ամբողջ տարածքը պարագծված է պարիսպներով։ Համալիրի կազմում ընդգրկված են ինչպես պաշտամունքային (արևմտյան և արևելյան եկեղեցիները, արևմտյան եկեղեցու գավիթը), այնպես էլ՝ բնակելի և տնտեսական շենքեր։ Վերջիններս խմբավորված են արևմուտքում՝ դարպասի շուրջը և արևելքում, իսկ եկեղեցիները կից են հյուսիսային պարսպին։
Պատմական ակնարկ
Հակոբավանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի անվանումը ծագում է Մծբինի հռչակավոր հայրապետ Սբ․ Հակոբի անունից, որի մասունքը (աջը) պահվել է այստեղ։
Հակոբավանքը եղել է հայտնի ուխտատեղի, եպիսկոպոսանիստ, որոշ ժամանակ նաև կաթողիկոսանիստ։ Վանքի մասին մատենագրական աղբյուրներում տեղեկությունները սակավաթիվ են։ Պատմական վկայություններ են պարունակում տարածքում պահպանված արձանագրությունները, որոնցում հիշատակություններ կան վանքը կառուցողների և շինությունների հետագա վերակառուցումների մասին։ Արձանագրություններից ամենահինը փորագրված է մի խաչքարի պատվանդանի վրա, որը հետագայում տեղադրվել է փոքր եկեղեցու պատի մեջ որպես շինաքար և վերաբերում է :ՅԲ: (853) թվականին (Պետրոսյան, Երանյան 2022, 28)։ Վանքի արևելյան եկեղեցու հարավային պատին այլ արձանագրությունների շարքում պահպանվել է եկեղեցու վերանորոգման հիշատակությունը. «ՈԿԱ (1212) թիւ, ես Խո/րիշահ, ամուսին/ Վախտա[ն]գա, տ[է]ր Խաչե/նոյ, դուստր մեծին Սա/րգսի, քոյր Զաքարի և Իւան/ոյ, վերըստին շինեցի զեկ/եղեցիս Մեծարանից ի փրկութիւն հոգոյ իմոյ…» (ԴՀՎ 5, 12) (նկ․ 3): Արձանագրությունից պարզ է դառնում և վանքի ներկայիս վիճակն էլ ցուցում է, որ վերջինս վերակառուցվել է՝ ներառյալ և երկու եկեղեցիները: Ընդ որում լայնորեն վերօգտագործվել են խաչքարեր, արձանագրակիր սալեր, տապանաքարեր: Հակոբավանքը մի քանի անգամ է վերակառուցվել նաև 17-18-րդ դարերում։ Այդ մասին են վկայում «Նորոգեցաւ ի թուին հայոց։ ՌՃԽ (1691), ձեռամբ Գրիգոր եպիսկոպոսին» արձանագրությունը (ԴՀՎ 5, 11), ինչպես նաև վանքի բնակելի խցերից մեկի՝ 1725 թվականին վերաբերող շինարարական վկայագիրը։ Նշված վավերացումները, ինչպես նաև Հակոբավանքի պահպանված իրավիճակը, հնարավորություն է տալիս խոսել համալիրի կառուցման հիմնական ժամանակափուլերի մասին՝ 9-րդ դարի սկզբներից մինչև 18-րդ դարի վերջ։ Հիմնական կառուցումներն իրականացվել են 12-13-րդ դարերում (Մկրտչյան 1985, 25)։ Հակոբավանքը նաև եղել է Խաչենի ուսումնական ու գրչական կարևոր կենտրոններից մեկը։ Այդ մասին են վկայում վանքում կազմված մի քանի ձեռագիր ավետարանների հիշատակագրությունները (Ոսկեան 1953, 90: Մինասյան 2015, 22-23):
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Հակոբավանքի եկեղեցիները միանավ, թաղածածկ կիսաշրջանաձև խորաններով կառույցներ են։ Արևելյան եկեղեցին ունի երկարավուն և ինքնատիպ հորինվածք՝ (7,80 x 3,20 մետր չափեր)։ Կառույցը հյուսիսային կողմից, ողջ երկարությամբ ունի չորս՝ մոտավորապես քառակուսի հատակագծով մատուռներ, որոնցից երեքը բացվում են դեպի աղոթասրահ, իսկ չորրորդ՝ արևելյան ավանդատունը մուտք ունի խորանի տակից։ Բեմը ներառում է նաև կամարակապ դամբարան-մասունքարան: Այս հանգամանքներով պայմանավորված՝ եկեղեցու բեմը սովորականից բարձր է կառուցված (նկ․ 4)։ Այստեղ կարելի է բարձրանալ միայն հարավային կողմի աստիճաններով։ Եկեղեցու արևմտյան պատին, ինչպես նշեցինք, ունի 1212 թվականի վերանորոգման արձանագրություն (ԴՀՎ 5, 12)։ Եկեղեցու միակ՝ արևմտյան մուտքը բացվում է դեպի այս կողմում կառուցված սրահ։ Վերջինս հարավային կողմում, առջևի պատի փոխարեն ունի եռակամար սյունաշար: Ընդ որում երկու սյուները և դրանք իրար ու պատերի հետ կապող կամարները սրբատաշ են՝ մինչդեռ համալիրի բոլոր շինությունները հիմնականում կոպտատաշ քարով են իրականացվել (նկ. 5)։ Այսպիսի եռակամար բացվածքով սրահներ ունեն նաև Կոշիկ անապատը, Դադիվանքը, Տաթևի վանքը։ Հակոբավանքի սրահն աչքի է ընկնում բազմաթիվ խաչքարերի, տապանաքարերի և վիմագիր սալաքարերի օգտագործմամբ։ Յուրօրինակ բազմագույն պատկեր է ներկայացված՝ վարդագույն խաչքարերի, մոխրագույն տապանաքարերի, կապտավուն պատերի, կաթնագույն վիմագիր սալերի և նարնջագույն կրաքարի վրա քանդակված արևի ժամացույցի համադրությամբ (նկ․ 6)։ Խոշոր, կանոնավոր հարդարված տապանաքարերի արձանագրություններից երևում է, որ այստեղ թաղված են «Ոհանէս… Առըստակէս… Սիմէոն» կաթողիկոսները (նկ․ 7) և «Սիմէոն, Վարդան» եպիսկոպոսները (Բարխուտարեանց 1895, 171)։ Սրանք էլ խոսում են այն մասին, որ 15-րդ դարում Մեծառանից վանքը եղել է կաթողիկոսանիստ։ Այդ մասին Ոսկյանը նշել է, որ «բայց դարեր վերջ է, որ Ս․ Յակոբի վանքը քաղաքական պարագաներու հետեւանքով քան թէ ուրիշ պատճառներով կըլլայ Աղուաններու կաթողիկոսներու աթոռը եւ անկէ կը կառավարէին իրենց հօտը» (Ոսկեան 1953, 88):
Եռակամար սրահի հյուսիսային ամբողջ երկարությամբ ձգվում է արևմտյան եկեղեցին (նկ․ 8)։ Այն նույնպես պարզ, միանավ, ուղղանկյուն (8,00 մ x 3,4 մետր) թաղածածկ դահլիճ է։ Արևելյան կողմում աղոթասրահն ավարտվում է կիսաշրջանաձև՝ բավական խորադիր աբսիդով, որի մեջ կառուցված է բարձր բեմ, դեպի ուր՝ հարավային և հյուսիսային կողմերից տանող աստիճաններ կան։ Եկեղեցին հարավային մուտքով կապված է եռակամար սրահին, իսկ արևմտյան բացվածքով միացած է գավիթ-ժամատանը։ Եռակամար սրահն ընդհանուր է երկու եկեղեցիների համար և իր բարձրությամբ հավասար է նրանց։ Սրահը դարձել է եկեղեցիների ծավալային հորինվածքի օրգանական մասը, իսկ սրահի եռակամար ճակատը՝ եկեղեցիների գլխավոր ճակատը (նկ․ 9)։ Այս լուծումը շատ ինքնատիպ է և Հակոբավանքի ծավալատարածական հորինվածքի առանձնահատկություններից է։
Եկեղեցու գավիթն անսյուն, խաչվող կամարներով կառուցվածք է՝ համարյա քառակուսի (7,00 մ X 7,6 մետր) սրահով։ Ներսից հյուսիսային և հարավային կողապատերի հարթությունները ջլատված են որմնամույթերով։ Բացի արևելյան լայն բացվածքից, գավիթը մուտք ունի նաև հարավարևմտյան մասում։ Լուսամուտները երեքն են, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան կողապատերում։ Հյուսիսային պատը խուլ է, այն միաժամանակ հանդիսանում է պարսպապատի հավելվածը։ Գավթի պատի մեջ ագուցված մի խաչքարի արձանագրությունն ունի 1212 թվականը, իսկ երկրորդ եկեղեցու հարավային մուտքի ճակատաքարի վիմագիրը՝ 1293 թվականը։ Վանքի տարածքից հայտնաբերվել և ընդօրինակվել են թվով 41 մեծ ու փոքր արձանագրություններ (ԴՀՎ 5, 11-22)։
Գավիթը ծառայել է որպես տապանատուն․ այդ են վկայում հատակին առկա տապանաքարերը։
Վանքի տարածքում առկա, խաթարված և կիսավեր բնակելի և տնտեսական կառուցվածքները վկայում են Հակոբավանքի մեծաթիվ միաբանության մասին։ Վանականների կացարանները տեղաբաշխված են համալիրի արևելյան ցածրադիր մասում։ Ըստ արձանագրությունների և ոճական առանձնահատկությունների` դրանք կառուցվել են 17-18-րդ դարերում։ Բնակելի մասը բաղկացած է մի շարք սենյակներից, որոնք համախմբված են մի ընդհանուր միջանցքի շուրջը։ Երկհարկ սենյակների հաջորդ խումբը, որոնց մի մասը ամբողջական տեսքով պահպանվում է, կառուցված է գլխավոր դարպասի աջ և ձախ կողմերում։ Դարպասից սկսած (ավելի քան 10 մետր)` միջանցքը ձգվում է թաղակապ շենքերի տակով։ Բնակելի սենյակները տաքացվել են պատերի մեջ կառուցված բուխարիներով (նկ․ 10)։
Վանքի սեղանատունը գտնվում է պարսպապատի հարավարևելյան անկյունում։ Այն արդեն փլված է, բայց կողապատերը դեռ պահպանվում են։ Սեղանատան հարավային մուտքը միաժամանակ ծառայել է իբրև պարսպի երկրորդ՝ օժանդակ դարպաս։
Հակոբավանքի հյուսիսարևմտյան կողմում, խիտ անտառի մեջ է գտնվում համալիրի աղբյուրը։
Վանքում կան նաև շատ խաչքարեր։ Գավթի հյուսիսային պատին կից խաչքարը, համաձայն արձանագրության, կանգնեցվել է 1223 թվականին, իսկ հարավայինը` մեկ տարի անց՝ 1224 թվականին։ Չորս խաչքար էլ օգտագործված է միջանցքի արևմտյան լուսամուտի կողապատերում (նկ․11) ։ Դրանք նույնպես զարդաքանդակված, վիմագրված են։
Հակոբավանքի շինությունները կառուցվել են կոպտատաշ քարով՝ կրաշաղախով, միջնադարում լայն կիրառություն ստացած «միդիս» եղանակով։ Հարդարանքը զուսպ է, պարզ անպաճույճ ոճով։ Ավելի սրբատաշ և տրամատավորված մշակում ունեն քիվերը, դռների, լուսամուտների, պատուհանների, բուխարիների երեսակալները, կամարները, բեմաճակատները։ Նշելի է նաև, որ Հակոբավանքի հատակագծային և ծավալատարածական լուծումները նման են Արցախին հարևան, Սյունիքում կառուցված Որոտնավանքին։ Որոտնավանքում ևս հատակագիծն ունի արևելքից արևմուտք ձգվածություն և կառույցները տեղադրված են նույն ուղղությամբ, մեկը մյուսին կից (Մնացականյան 1960,75)։ Նման են նաև եկեղեցիների, գավթի, սրահի հորինվածքային լուծումները։ Տարբերությունն այն է միայն, որ Որոտնավանքի Սբ․ Ստեփանոս եկեղեցին ավանդատներ ունի ոչ միայն հյուսիսային կողմում, այլև մեկ ավանդատուն կա նաև հարավում (Հասրաթյան 1992, 84)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Խորհրդային շրջանում Հակոբավանքը լքված, բուսականությամբ պատված և ավերակված վիճակում էր։ 2013 թվականին այստեղ իրականացվել են պեղման և մաքրման աշխատանքներ (Հնագիտական արշավախմբի ղեկավար՝ Գագիկ Սարգսյան, ճարտարապետ՝ Սամվել Այվազյան)։
Պեղումների շնորհիվ հուշարձանախումբն ազատվել է փարթամ աճած և շինությունները վտանգող բուսականությունից։ Պաշտամունքային և արևելյան կողմի բնակելի շինություններն ու մուտքի շրջակայքի կառույցները մաքրվել են փլատակներից և կուտակված հողից։ Այս՝ հիմնականում մաքրման աշխատանքները հնարավորություն են տվել չափագրել համալիրը։ Հակոբավանքում մաքրման աշխատանքները վերսկսվել են 2023 թվականի հուլիսին (արշավախմբի ղեկավար՝ Վ․ Սաֆարյան)։ Դրանք իրականացվել են վանքի հարավ-արևելյան, հյուսիս-արևմտյան և հարավային հատվածներում։ Մաքրման և պեղման աշխատանքների իրականացումը հնարավոր պետք է դարձներ մեկ այլ՝ Հակոբավանքի վերականգնման ծրագրի իրականացումն ու շինությունների ամրացումը, քանի որ վանքը գտնվում է վթարային վիճակում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո վանքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Գրականության ցանկ
1․ Բարխուտարյանց 1895 - Մակար եպիս․ Բարխուտարեանց, Արցախ, տպարան «Արոր», Բաքու։
2․ ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982:
3․ Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատ․, Երևան։
4․ Ոսկեան 1953 - Ոսկեան Հ․, Արցախի վանքերը, Վիեննա։
5․ Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ, «Հայաստան» հրատ․, Երևան:
6․ Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
7․ Մինասյան 2015 - Մինասյան Թ., Արցախի գրչության կենտրոնները, «Նաիրի» հրատ., Երևան:
8․ Պետրոսյան, Երանյան 2022 - Պետրոսյան Հ․, Երանյան Ն․, Արցախի կոթողային մշակույթը, Երևան։
Մարտակերտի շրջան
Արցախ