Մեսիս վանքը
Տեղադրությունը
Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Հաթերք գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևելք, Թրղի գետի աջ կողմով ձգվող անտառապատ լեռնաշղթայի բարձրադիր մասում (Կարապետյան 1986, 86):
Պատմական ակնարկ
Վանքի մասին ստույգ տեղեկությունները բացակայում են։ Վանքի պատերին և տարածքում կան մի շարք արձանագրություններ, սակայն, դրանց թերի պահպանված լինելու պատճառով՝ տեղեկատվությունն ամբողջական չէ: Հստակ չի ստուգաբանվում նաև վանքի անվանումը: Մակար Բարխուդարյանցը հիշատակում է վանքը Մասիս կամ Մսիս անվամբ, ինչը ժողովրդական անվանումն է (Բարխուտարեանց 1895, 202): Հաթերքցիներն այն կոչում են Մեսիս:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Հուշարձանախումբը կազմված է եկեղեցուց, գավթից, երկհարկ մատուռից, ինչպես նաև պարսպապատերից, որոնց կից պահպանվել են սենյակների ավերակներ (նկ. 1): Համալիրի պատերի մեջ տեսանելի են որպես շինաքար օգտագործված վաղ խաչքարեր և խաչաքանդակ սալեր. երևույթ, որ հատկապես տարածված էր 13-րդ դարում։
Եկեղեցին միանավ թաղածածկ շինություն է, ունի երկու մուտք՝ արևմուտքից, որ բացվում է գավթի մեջ և հյուսիսից, որ բացվում է դեպի մատուռը (նկ. 2): Եկեղեցու խորանը կտրվածքում թեթևակի կորություն ունի, ավանդատներ չունի (նկ. 3): Միակ լուսամուտը արևելյան ճակատին է (նկ. 4): Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է անտաշ ու կոպտատաշ քարերով, կրաշաղախով (նկ. 5): Համալիրի կառուցման ամենահավանական ժամանակը 12-13-րդ դարերն են։
Ներսից եղել է ծեփված՝ հետքերը երևում են ավագ խորանի հատվածում: Արևմտյան մուտքի բարավորը կազմել են սրբատաշ մի քանի քարերով, որոնց վրա փորագրված է եղել չորս տողանոց շինարարական արձանագրությունը: Ցավոք պահպանված հատվածներից կարելի է միայն դատել, որ այն վերաբերում է եկեղեցու կառուցմանը (Կարապետյան 1986, 87):
Հաջորդ կառույցը երկհարկ մատուռն է (նկ. 6), որը հետագայում կցվել է եկեղեցուն հյուսիսից, թերևս գավթի հետ միաժամանակ։ Կառուցված է շինարարական նույն տեխնիկայով և ոճով, ինչ եկեղեցին: Առաջին հարկը հատակագծում ուղղանկյուն է և ունի արևմուտք-արևելք ձգվածություն: Վերջինիս մուտքը, որին իբրև բարավոր է ծառայում 12-13-րդ դարերին բնորոշ զարդաձևերով անարձանագիր մի խաչքար, արևմուտքից է՝ միանավ եկեղեցու մուտքի կողքին։ Մատուռի երկրորդ հարկը խիստ ավերված է։ Եկեղեցական կառույցներին կից նոր մատուռներ հիմնելը լայնորեն տարածված էր հատկապես 13-րդ դարի երկրորդ կեսին (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 30)։
Եկեղեցուն արևմուտքից հարել է քառակուսի հատակագիծ ունեցող գավիթը: Այն կառուցված է նույն կերպ, ինչ եկեղեցին և մատուռ-դամբարանը: Ներկայումս գավիթը ծածկ չունի: Այն ունի երկու մուտք. առաջինը և գլխավորը հարավային ճակատի արևմտյան անկյան մոտ է, իսկ երկրորդը՝ հյուսիսային ճակատի արևելյան անկյան մոտ (նկ. 7, 8): Գլխավոր մուտքի անկյունաքարերից մեկի վրա կա 12-13-րդ դարերին բնորոշ գրչությամբ հինգ տողանոց ընդարձակ արձանագրություն (նկ. 9). ‹‹Ես Աբուհսրամ միաբանեցա/ ս[ուր]բ ուխտիս եւ միաբանքս խոստ/ացան ի տարումն :Ա: աւր պատար/ագ իմ եղբաւրն Հազարոյ. անխ/ափան կատարեն›› (Կարապետյան 1986, 87): Մեսիս վանքում էր գտնվում և Վերին Խաչենի իշխան Գրիգոր Ա Ծարեցու (իշխել է մոտ 1224-1260 թվականներին, տե՛ս Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 30) մի կարևոր արձանագրություն, որից պահպանվել էր․ «Ես Գրիգոր՝ որդի Դոփին և Հասանայ, որ տ[է]ր էի Չարաբերդոյ, Ականաբերդոյ, Ճխընկանից։ ։Յ։ (30) ամի Չարաբերդ տաճկին էր։ Ես զաւրութեամբ Ա[ստուծո]յ պահեցի զԱկանա…» (Հ. Պետրոսյանի դաշտային օրագրից)։ Ցավոք, 2020 թվականի մեր այցելության ժամանակ արձանագրասալը գտնել չհաջողվեց։
Գավթի հարավային կողմում՝ մի քանի մետր հեռու, պահպանվել է նաև երկու մասի բաժանված մի հսկա խաչքար հետևյալ արձանագրությամբ. ‹‹ՈԾԴ (1205) ես Գորգ կան(գ)նեցի խաչս եղբաւր իմոյ Իշխանիկի›› (Կարապետյան 1986, 87): Սա վանքի ամենահին թվակիր արձանագրությունն է: Հաջորդ երկու խաչքարերը 1247 թվականի են. ‹‹Թ[վին] ։ՈՂԶ։ (1247) ես Խա… (յիշե)ցէք›› (նկ. 10) և ‹‹Թի(ւ) ։ՈՂԶ։ (1247) ես Զաիր…›› (Կարապետյան 1986, 88): Գավթի պատերի մեջ նույնպես ագուցված են մի շարք խաչքարեր (նկ. 11-13)։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Վանքը Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, այն կիսաքանդ էր արդեն 19-րդ դարում:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895-Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
- Կարապետյան 1986-Կարապետյան Ս., Հաթերքի պատմաճարտարապետական հուշարձանները, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, N 5:
- Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009- Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Փրինթինֆո։
Մարտակերտի շրջան
Արցախ