Մյուրիշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում (նկ․ 1)։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 34 կմ հեռավորության վրա։

Մյուրիշենը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ․ 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, 2022, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Մ․ Բարխուդարյանցը, խոսելով գյուղի մասին, նշում է, որ «Մյուրիշենի բնակիչք բնիկ են, հողն բէկական։ Եկեղեցին Ս․ Աստուածածին, քարուկիր, թաղակապ, քահանան գալիս է Ավտուռից։ (Բարխուտարեանց 1895, 127):  Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության՝ այն կառուցվել է 1869 թվականին։

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում։ Ունի 12 մետր երկարություն, 6․34 մետր լայնություն, 5․5 մետր բարձրություն։

Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ սրահ է, որն արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով (նկ․ 2, 3)։ Թաղը հենված է որմնասյուներից բարձրացող սլաքաձև որմնակամարների և խորանի որմնակամարի վրա։ Բեմը չի պահպանվել։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Խորանի ու սրահի հյուսիսային և հարավային պատերին կան եկեղեցական պարագաների պահպանման համար նախատեսված պատրհաններ։ Խորանի հարավային պատին ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար՝ հարուստ պատկերաքանդակներով (նկ․ 4)։

Նկ․ 2 Եկեղեցին ներսից, 2022, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 3 Եկեղեցին ներսից, 2022, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 4 Եկեղեցու ներսում ագուցված խաչքար, 2022, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Ունի հարավային ճակատից բացվող մուտք (նկ․ 5), որի բարավորի վրա պահպանվել է  շինարարական արձանագրությունը․ «1869/: Այս եկէղէցիս շընէցինք/ Մուրուշինին պոլոր ժղօվըր/թը՝ մեծ և փոքր: Սապապ տ[ա]ռի/՝ շինէցինք․ ես Ասրի քոխա Միրզայ/ Օսեփօվ Իշխանեան» (նկ․ 6)։

Եկեղեցին լուսավորվում է չորս փոքր լուսամուտներից, որից երկուսը բացվում են հարավային, մեկն՝ արևմտյան և մեկն՝արևելյան ճակատներում։

Եկեղեցու տանիքը  խորհրդային տարիներին պատվել է մետաղյա թիթեղով և  օգտագործվել է որպես պահեստ։

Նկ․ 5 Եկեղեցու մուտքը, 2022, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 6 Եկեղեցու բարավորը, 2022, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցին գտնվում էր բավարար վիճակում։ 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու:

Մյուրիշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Մյուրիշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Մյուրիշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ