Շալվայի սբ․ Պողոս-Պետրոս եկեղեցին
Տեղադրությունը
Շալվա գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Բերձորից 53 կմ հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ափին։ Գյուղի հարավային հատվածում է գտնվում 17-18-րդ դարերի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին (նկ․ 1, 2)։
![SHALUA, EKEKHECI POKHOS-PETROS](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/SHALUA-EKEKHECI-POKHOS-PETROS.jpg?v=1620746725)
![Նկ․ 1 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին արևմուտքից, լուս. https://mapio.net/pic/p-44981882/ կայքէջից։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/001-14.jpg?v=1620416777)
Նկ․ 1 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին արևմուտքից, լուս. https://mapio.net/pic/p-44981882/ կայքէջից։
![Նկ․ 2 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին հարավից, լուս. https://mapio.net/pic/p-44981882/ կայքէջից։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/002-14.jpg?v=1620416776)
Նկ․ 2 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին հարավից, լուս. https://mapio.net/pic/p-44981882/ կայքէջից։
Պատմական ակնարկ
Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցու մասին պատմական տեղեկություններ չկան։ Առաջին անգամ եկեղեցուն անդրադարձ է կատարվում «Դիվան հայ վիմագրության» աշխատության 5-րդ պրակում, որտեղ նշվում է, որ «Շալվա գյուղում կա մի թաղակապ եկեղեցի, որի պատերի մեջ օգտագործված են բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր» (ԴՀՎ 1982, 195) (նկ․ 3, 4):
![Նկ․ 3 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին արևելքից, լուս. Ս․ Կարապետյանի, «Հայկական պատմական հուշարձաններ» կայքէջ։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/003-17.jpg?v=1620416778)
Նկ․ 3 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին արևելքից, լուս. Ս․ Կարապետյանի, «Հայկական պատմական հուշարձաններ» կայքէջ։
![Նկ․ 4 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցու խորանի լուսամուտը արտաքինից, լուս. Ս․ Կարապետյանի, «Հայկական պատմական հուշարձաններ» կայքէջ։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/004-13.jpg?v=1620416779)
Նկ․ 4 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցու խորանի լուսամուտը արտաքինից, լուս. Ս․ Կարապետյանի, «Հայկական պատմական հուշարձաններ» կայքէջ։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Եկեղեցին կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Կառույցը թաղածածկ, արևելյան կողմում խորանով և զույգ ավանդատներով միանավ բազիլիկ է: Ունի մեկ մուտք արևմտյան կողմից և չորս պատուհան՝ երեքը արևելյան, և մեկը արևմտյան կողմից: Աղոթասրահի հյուսիսային պատի վրա առկա է մկրտության ավազանի համար նախատեսված խորշ։ Կառույցն ունի արտաքին չափերի 13,50x8,45 մետր հարաբերակցություն (Կարապետյան 1999, 165) (նկ․ 5)։ Պատերի մեջ օգտագործել են բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնց վրա պահպանվել են 17-րդ դարի (1611, 1629, 1651 թվականներ) երեք արձանագրությունները:
![Նկ․ 5 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 166։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/005-1.png?v=1620416780)
Նկ․ 5 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 166։
![Նկ․ 6 Եկեղեցու մուտքից ձախ կանգնեցված խաչքարը, լուս․ Դ․ Դավթյան։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/05/006-1-scaled-e1620317769921.jpeg?v=1620416782)
Նկ․ 6 Եկեղեցու մուտքից ձախ կանգնեցված խաչքարը, լուս․ Դ․ Դավթյան։
Մատենագրական քննություն
«Դիվան հայ վիմագրության» աշխատության 5-րդ պրակում ս․ Պողոս-Պետրոս եկեղեցուց ներկայացված է երեք արձանագրություն (ԴՀՎ 1982, 195): Հետազոտող Ս․ Կարապետյանը, բացի հուշարձանը նկարագրելուց, նույնպես անդրադարձել է արձանագրություններին և որոշ ճշտումներ մտցրել (Կարապետյան 1999, 165)։
Գրականություն
1․ ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Երևան։
2․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
Քաշաթաղի շրջան
Արցախ