Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Խրամորթի սբ. Աստվածածին եկեղեցին

Գտնվում է Խրամորթ գյուղից մոտ 1 կիլոմետր հարավ–արևմուտք, Շիկաքար ամրոցի հարավ–արևելյան ժայռազանգվածի բլրի վրա, Հին Խրամորթ գյուղատեղիի արևելյան եզրամասում (նկ․ 1, 2)։

Նկ. 1 Եկեղեցին հյուսիսից, 2011, լուս․ Հ. Պետրոսյանի

Նկ. 2 Եկեղեցին հարավ – արևմուտքից, 2021, լուս․Մ․ Վանյանի:

Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Արևելյան կողմում կիսակլոր խորանն է,  որի աջ  և ձախ կողմերում գտնվում են երկու ավանդատները։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող երկայնական և լայնակի կամարների վրա (նկ․ 3)։ Տանիքը երկթեք է և հողածածկ։ Կառուցված է տեղական կիսամշակ կրաքարով և կրաշաղախով։ Լուսամուտների, մուտքի եզրաքարերը, կամարները, բեմառեջքը սրբատաշ  քարերից են։ Միակ մուտքը բացվում է հարավից (նկ․ 4 ), լուսավորությունը ստանում է թվով յոթ լուսամուտներից։ Եկեղեցին ունի 16,9 մետր երկարություն, 6, 73 մետր լայնություն։ Մուտքի ճակատակալի վրա պահպանվել է եկեղեցու կառուցման տարեթիվը՝ 1800 թվական։ Սակայն հարավային պատին արտաքուստ  ագուցված 12-13-րդ դարերին բնորոշ խաչքարը վկայում է այստեղ ավելի վաղ շրջանի կառույցի առկայության մասին։ Եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանատունը՝ 19-րդ դարի արձանագիր տապանաքարերով, որոնց մի մասն աչքի են ընկնում գեղեցկահյուս զարդաքանդակներով (նկ․ 5)։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին հուշարձանը վնասվել է, հրազենի հետքեր կան նաև հարավային պատին ագուցված խաչքարի վրա։

Նկ. 3 Եկեղեցին ներսից, 20121, լուս․ Մ․ Վանյանի:

Նկ. 4 Եկեղեցու մուտքը, 2021, լուս․ Մ․ Վանյանի:

Նկ. 5 Գերեզմանոցը, 2021, լուս․ Մ․ Վանյանի:

Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Խրամորթի սբ. Աստվածածին եկեղեցին
Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Խրամորթի սբ. Աստվածածին եկեղեցին
Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Խրամորթի սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ