Սթունիսի առաջին եկեղեցին
Տեղադրություն
Պատմական Սթունիս գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Ղուշչի (Տանձուտ) գյուղից 2 կմ հարավ՝ Աղավնագետի աջ վտակ Սթունիսի ձախ ափին, նրա հարավ-արևելյան ձորալանջին: Սթունիսն առաջին անգամ հիշատակվում է Տաթևի վանքին հարկատու գյուղերի թվում, իսկ 19-րդ դարում այստեղ բնակություն են հաստատում քրդերը, որոնք գյուղը անվանում են Սադինլար (Աբրահամյան 1942, 42): Սթունիսի հին եկեղեցին գտնվում է գյուղից շուրջ 800 մետր հյուսիս՝ Սթունիս վտակին ձախից միախառնվող մեկ այլ վտակի ձախ ափին: Այն թերևս 9-10-րդ դարերի կառույց է (Կարապետյան 1999, 139): Եկեղեցու մասին պատմական տեղեկություններ չկան:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին միանավ, թաղածածկ շինություն է՝ պայտաձև խորանով, չունի ավանդատներ (նկ. 1): Այն ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից (նկ. 2): Կառուցված է անմշակ և կիսամշակ քարերով միաստիճան որմնախարսխի վրա, պատերի անկյունային հատվածները քանդված են (նկ. 3, 4): Եկեղեցու չափերն են 8,40X6,10 մետր: Եկեղեցու հարավային մուտքի բարավորը սրբատաշ, միակտոր քար է, սակայն զուրկ է որևէ արձանագրությունից, զարդամոտիվներից (Կարապետյան 1999, 139): Հարավային մուտքի բարավորից անմիջապես վերև՝ պատի ամբողջ երկայնքով, գտնվում են փոքրիկ ուղղանկյուն անցքեր, ինչը ենթադրելի դարձնում, որ ժամանակին այս պատին կից կառույց է եղել: Անցքերից վերև՝ պատի կենտրոնում գտնվում է եկեղեցու հարավային թևի միակ լուսամուտը: Շինությունը ևս մեկ լուսամուտ ունի արևմտյան պատին՝ պարզունակ պայտաձև կամարունքով (նկ. 5):

նկ. 2 Եկեղեցու հարավային ճակատը, լուս. Մ. Խումարյանի։

նկ. 4 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս. Մ. Խումարյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:
2020 թվականի դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ դեռ փաստագրված չեն:

նկ. 1 Եկեղեցու հատակագիծը, Կարապետյանվ Ս․, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էջ 139։

նկ. 3 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս. Մ. Խումարյանի։

նկ. 5 Եկեղեցու արևմտյան ճակատի ընդհանուր տեսքը, լուսամուտը, լուս. Մ. Խումարյանի։
Գրականություն
- Կարապետյան 1999 -Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
- Աբրահամյան 1942 – Աբրահամյան Ա․, Ժամանակագրութիւն Ստեփաննոսի Օրբէլեանի, Երևան։
Քաշաթաղի շրջան
Արցախ