Սթունիսի երկրորդ եկեղեցին
Տեղադրություն
Պատմական Սթունիս գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Ղուշչի (Տանձուտ) գյուղից 2 կմ հարավ՝ Աղավնագետի աջ վտակ Սթունիսի ձախ ափին, նրա հարավ-արևելյան ձորալանջին: Սթունիսը առաջին անգամ հիշատակվում է Տաթևի վանքին հարկատու գյուղերի թվում, իսկ 19-րդ դարում այստեղ բնակություն են հաստատում քրդերը, որոնք գյուղը անվանում են Սադինլար (Կարապետյան 1999, 139): 1990-ական թվականներից ի վեր գյուղն անբնակ է: Եկեղեցին գտնվում է գյուղի բարձրադիր հատվածում՝ շրջապատված ավերակ տներով (նկ. 1):


նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Մ. Խումարյանի։
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին եռանավ բազիլիկ է, գլանաձև թաղերով, որոնք առնված են երկթեք տանիքի տակ: Աղոթասրահն արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և դրան հարավից ու հյուսիսից կից մեկական ավանդատներով: Պատերը շարված են կոպտատաշ մեծ ու փոքր քարերով և կրաշաղախով: Պատերի մեջ թե' դրսից և թե' ներսից ագուցված են տարբեր դարաշրջանների տապանաքարերի, խաչքարերի ու քանդակազարդ քարերի բեկորներ: Իր հատակագծով և ծավալատարածական հորինվածքով նման է Միրիկի, Հակի, Հերիկի եկեղեցիներին և սրանց պես 17-րդ դարի կառույց է: Եկեղեցու ներսում՝ մուտքի մոտ գտնվող սյուներից մեկի վրա, առկա է հայերեն վնասված արձանագրություն: Եկեղեցին ներսից սվաղված է: Եկեղեցու միակ մուտքը գտնվում է հարավային կողմում (նկ. 2): Բարավորին չունի արձանագրություն: Արևմտյան, հարավային և արևելյան ճակատներում բացված են մեծ ուղղանկյուն լուսամուտներ (նկ. 3): Դա թերևս կատարվել է 19-րդ դարում կամ չի բացառվում նաև խորհրդային տարիներին, երբ եկեղեցին, ինչպես և մյուս գյուղերի հայկական եկեղեցիները, վերածվել է պահեստի:

նկ. 2 Եկեղեցու գլխավոր մուտքը, լուս. Մ. Խումարյանի։

նկ. 3 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս. Մ. Խումարյանի։
Եկեղեցու նկարագրությունը կատարվել է հիմնվելով Մերուժան Խումարյանի կողմից 2020 թվականի նոյեմբերին Սթունիս գյուղի և մասնավորապես եկեղեցու տարածքում արված տեսանյութի հիման վրա (տեսանյութ 1, 2):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել:
2020 թվականի դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական օկուպացիայից հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են:
Գրականություն
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
Սթունիսի երկրորդ եկեղեցին
Արցախ