Ստեփանակերտի «թուր-խաչ» խաչքարը

Տեղադրությունը

Ստեփանակերտի «թուր-խաչ» խաչքարը գտնվում է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ մայարաքաղաքի Եղբայրական գերեզմանոց-հուշահամալիրի 2020 թվականի ավելացված հատվածում (նկ. 1)։

Նկ. 1 Ստեփանակերտի «թուր-խաչ» խաչքար, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Հուշահամալիրը հիմնադրվել է 1945 թվականին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհերի։ 1991 թվականից հետո, երբ տարածքն անցել է Լեռնային Ղարաբաղի հայկական իշխանությունների փաստացի վերահսկողության տակ, հուշահամալիրը շարունակել է գործել և ընդլայնվել։ Համալիրի նորագույն հատվածը զինվորական գերեզմանոցն է, որտեղ ամփոփված են Արցախյան Ազատագրական պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունները։ Այն համալրվել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի հուղարկավորման համար նախատեսված նոր հատվածով։

«Հաղթելու ենք» «թուր-խաչ» խաչքարը պատրաստվել է խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի կողմից դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո պիտի հանգրվաներ Արցախում, որպես հաղթանակի նշան։ Պատերազմից հետո երկար ժամանակ մնալով խաչքարագործ վարպետի բակում միայն 2022 թվականին տեղադրվեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց-հուշահամալիրի տարածքում։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

«Թուր-խաչեր» կամ «սահմանային խաչեր» խաչքարերը ժամանակակից խաչքարային մշակույթում բացառիկ և նոր երևույթ են և սկզբունքորեն կապված են Արցախի ազատագրական պայքարի հետ (նկ. 2, 3): Հարկ է նկատել, որ եթե միջնադարյան վարպետները իրենց արձանագրություններում խաչը որպես հաղթանակի զենք կամ նշան բնութագրելով, խուսափել են խաչին զենքի կամ թրի տեսք տալ, այս խաչքարերի դեպքում մենք հստակ տեսնում ենք, որ խաչը վեր է ածվել թրի: Սա մի նոր երևույթ է, որը ինչ-որ չափով շեղում է քրիստոնեական ընդհանուր գաղափարախոսությունից, քանի որ խաչը՝ որը միտված է ապագային, երբեք չի պատկերվել որպես թուր կամ զենք: Այս խաչքարերի օրինակով մենք այսօր կարող ենք խոսել խաչքարերի նոր գործառույթի մասին, որը դասական խաչքարը չի ունեցել:

Նկ. 2 Առաջաձորի «թուր-խաչ» խաչքար, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 3 «Թուր-խաչ» խաչքար տեղադրված 7-րդ պաշտպանական շրջանում, լուս. Վ. Համբարձումյանի։

«Հաղթելու ենք» խաչքարի հորինվածքում հանդես է գալիս թուրը, որը կարծես քառաթև թուր լինի, այսինքն մենք չենք տեսնում սովորական թուր, որն ունի դաստակ, հորիզոնական բաժանարար և սայր. վարպետը՝ Վարազդատ Համբարձումյանը, կարծես փորձել է պատկերել նրա ուժն ու զորությունը բոլոր ուղղություններով: Երկրորդ կարևոր բաղադրիչը վահանն է՝ տեղադրված խաչից ներքև, որպես պաշտպանության նշան (նկ. 4, 5)։ Նշենք, որ նման խաչեր վարպետի կողմից ավելի վաղ կանգնեցվել են Վարանդայում (Ֆիզուլի), Ներքին Ճարտարում, Սպիտակ Շենում, Մարտակերտում, Մատաղիսում, Տոնաշենում (Եղակիր), Ջրականում (Ջաբրայիլ) և այլուր:

Նկ. 4 Ստեփանակերտի «թուր-խաչ» խաչքար, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 5 Ստեփանակերտի «թուր-խաչ» խաչքար, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

2025 թ․ հուլիսի արբանյակային լուսանկարներով Ստեփանակերտի «թուր-խաչ» խաչքարը դեռևս կանգուն էր (նկ. 6)։ Նշենք, որ Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիրը: Այս թեմայով ավելի մանրամասն տես՝ Ստեփանակերտի հուշահամալիրը վտանգի տակԱդրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը, Ստեփանակերտի եղբայրական գերզմանոցը շարունակվում է պղծվել:

Նյութը պատրաստվել է խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի անմիջական մասնակցությամբ:

Նկ. 6 «Թուր-խաչ» խաչքարը 2025թ․ հուլիսի արբանյակային լուսանկարներով։

Ստեփանակերտի «թուր-խաչ» խաչքարը
Ստեփանակերտի «թուր-խաչ» խաչքարը
Ստեփանակերտ
Արցախ