Տողի Անապատի սբ․ Վարդան եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանում, Տող գյուղի արևմտյան մասում, թեք լանջի վրա (նկ․ 1)։ 2021 թվականի հոկտեմբերից Տող գյուղը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Նկ. 1 Անապատ եկեղեցին հարավ-արևելքից, 2015, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Անապատ եկեղեցու կառուցման մասին հիմնական տեղեկությունը հաղորդում է գյուղի բնակչության մոտ պահպանված մի ավանդություն, համաձայն որի` «իշխանների սերունդներից մի մարդ բռնությամբ մահմեդականություն ընդունեց, իսկ հետո ապաշխարեց և ի նշան ճշմարիտ ջերմեռանդության, կառուցեց Սուրբ Ստեփանոս և Կուսանաց անապատ եկեղեցիները» (Ջալալեանց 1858, 260)։ Ըստ Սեդրակ Բարխուդարյանի, եկեղեցին կոչվել է սուրբ Վարդան (ԴՀՎ 5, 174)։
Ճարտապետական – հորինվածքային քննություն
Միանավ ուղղանկյուն սրահ է, դահլիճը արևելյան կողմից պսակում են խորանը և նրան հյուսիսից ու հարավից կից երկու ավանդատները։ Թաղակապ ծածկը հենված է աղոթասրահի երկայնական պատերի որմնամույթերից սկզբնավորվող աղեղնաձև կամարների վրա: Տանիքը արտաքուստ հողածածկ է։ Եկեղեցու արևմտյան պատն ամբողջությամբ և հյուսիսային պատը մասամբ գտնվում են հողի մեջ (նկ․ 2)։
Նկ․ 2 Եկեղեցին հյուսիսից, լուս․ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ –ի էլեկտրոնային շտեմարանից։
Մուտքը բացվում է հարավից, լուսավորությունը ստանում է չորս փոքր լուսամուտներից, որից երեքը բացվում են արևելյան, մեկն՝ հյուսիսային կողմից։ Մուտքի բարավորին մի խաչքարի վրա պահպանվել է եկեղեցու միակ արձանագրությունը ՝ «Խաչս Վարդան» (Բարխուտարեանց 1895, 51)։ Եկեղեցու ներսում պահպանվել են մի քանի տապանաքարեր, որոնք մեծամասամբ ծածկված են հողով (նկ․ 3)։ Դրանցից մեկը Մելիք Բախտամի տապանաքարն է։ Նա վախճանվել է 1787 թվականին, ինչպես տապանաքարի արձանագրությունն է հայտնում, թունավորվելով Իբրահիմ խանի կողմից (ԴՀՎ 5, 178)։ Եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանատունը, որի տապանաքարերի մեծ մասը թվագրվում է 19-20-րդ դարերով (նկ․ 4)։
Նկ. 3 Եկեղեցին ներսից, 2016, լուս․ Ս․ Դանիելյանի։
Նկ. 4 Գերեզմանոցից մի հատված, լուս․ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ –ի էլեկտրոնային շտեմարանից։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Եկեղեցին ռազմական գործողությունների ընթացքում չի տուժել։
Մատենագրական քննություն
Անապատ եկեղեցուն անդրադարձել է Մ․ Բարխուդարյանը՝ նշելով «․․․եկեղեցու մեջ գտնվում է Մելիք Բախտամի գերեզմանը, որ ծածկված է հողով։ Եկեղեցու մոտ նշմարվում են խուցերի և կացարանների բակեր և բեկորներ, որոնց մասին պատմում են թէ կուսանոց եղած է անապատում․․․» (Բարխուտարեան 1895, 51)։ Նույն հեղինակի վկայությամբ Տող ավանում մի արծաթյա խաչ էր պահվում, որի վրա արձանագրված է․ «Յիշատակ է Մելիք Եսայի(ու) որդի Սափարի բէկին, որ ետ Դողա Կուսանաց անապատին ․ սա է Յակովբ հայրապետին և Թէոդորոսի մասունք․․․» (Բարխուտարեանց 1985, 49)։
Կուսանաց անապատի տեղադրության, ճարտարապետության, պատմության հարցերին անդրադարձել է Շ․ Մկրտչյանը (Մկրտչյան 1985, 95)։
Գրականություն
1․Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
2․ ԴՀՎ 5- Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Բարխուդարյան Ս․, Երևան, 1982։
3․Ոսկեան Հ․,Արցախի վանքերը, Վիեննա, 1953։
4․Մկրտչյան 1985-Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
5․ Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս Բ, Տփխիս։
Տողի Անապատի սբ․ Վարդան եկեղեցին
Արցախ