Տողի մելիքական ապարանք

Տեղադրություն

Ապարանքը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնական մասում: 

Պատմական ակնարկ

Համաձայն ապարանքի ընդունարանի երկրորդ հարկի շքամուտքի ամբողջ ճակատով փորագրված արձանագրության՝ ապարանքը ՌՃՁԶ (1737) թվականին կառուցել է Դիզակի մելիքության հիմնադիր Մելիք-Եգանը, ով 18-րդ դարի առաջին կեսի հայ քաղաքական կյանքի ամենանշանավոր գործիչներից էր (նկ. 1): Արձանագրությունը նաև մանրամասն տեղեկություններ է հաղորդում ժամանակի քաղաքական իրադարձությունների և Մելիք-Եգանի գործունեության մասին, ներկայացնում է իրեն տրված մելիքական իրավունքները  (Փափազյան 1985, 76-77):

 

նկ. 1 Ընդունարանի մուտքի արձանագրությունը, լուս. Ս․ Դանիելյանի:

Ճարտարապետական-հորինվածքային քննություն 

Տողի մելիքական ապարանքը Արցախի նմանօրինակ հուշարձանների շարքում ստույգ թվագրված ամենավաղ կառույցներից է։ 

Ապարանքի նախնական հորինվածքի մեջ մտնող շինություններից պահպանվել են գլխավոր մուտքը, երկու թաղածածկ սենյակ, երկհարկանի ընդունարանը, գլխատունը, ձիանոցը և կից այլ տնտեսական նշանակության սենյակների ու ապարանքը բոլորող պարսպապատի որոշ հատվածներ (նկ. 2):

 

նկ. 2 Տողի մելիքական ապարանքի չափագրություն-վերակազմություն, Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2001, էջ 31, նկ. 6:

Հետազոտական տեսանկյունից մեծ արժեք ունի հատկապես ընդունարանը, որն ինքնատիպ է ոչ միայն իր բազմաբովանդակ շինարարական արձանագրությամբ և դրա մեջ շինության բնույթի («թանապա» - հյուրասրահ-ընդունարան) հիշատակությամբ, այլև հորինվածքով: Այն թեթևակի շեղված քառանկյուն հատակագծով, թաղակապ, երկթեք ծածկով դահլիճ է: Դահլիճի շարունակությունն է կազմում ավելի ուշ շրջանում ավելացրած թաղածածկ նախասրահը` արդեն նշված ընդարձակ արձանագրությամբ (նկ. 3):

 

նկ. 3 Մելիք-Եգանի ընդունարանը, լուս․ Ս․ Դանիելյանի:

Հուշարձանի տարածքը 2009-2011 թվականներին ենթարկվել է հնագիտական հետազոտության, որի արդյունքում վավերացվել են կիսաքանդ և ամբողջական տարբեր կառույցներ` այդ թվում՝ գլխատան մի դահլիճը, ձիանոցը, տնտեսական նշանակության որոշ կառույցներ, ինչպես նաև արժեքավոր հնագիտական նյութեր, որոնց շարքում՝ հասարակ, ջնարակապատ և հախճապակե խեցեղենից տարբեր անոթներ և ճրագներ, մետաղե առարկաներ և այլն (Ժամկոչյան, Բաբայան 2015, 152-162): Այս նյութերը, թեև քանակով մեծ չեն, բայց կարևոր տեղեկություն են հաղորդում տարածաշրջանի բնակչության արհեստային արտադրանքի և կենցաղավարման մասին (նկ. 4, 5):

 

նկ։ 4 Գտածոներ մելիքական ապարանքի պեղումներից, Տողի հնագիտական արշավախմբի 2011 թվականի հաշվետվություն:

նկ. 5 Գտածոներ մելիքական ապարանքի պեղումներից, Տողի հնագիտական արշավախմբի 2011 թվականի հաշվետվություն:

Պեղումներից հետո ապարանքը մասնակիորեն վեարկանգնվել և ամրակայվել է, ներառվել «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի կազմում, բացվել է նաև թանգարան (նկ. 6): 

 

նկ. 6 Տողի Մելիքական ապարանք արգելոցի օդային լուսանկարը, 2017 թ., լուս․ Ա․ Մկրտչյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանի շենքերի մի մասը հատկապես վերջին տարիներին վերականգնված էին, իսկ մի մասը, թեև կիսաքանդ, սակայն ամրակայված վիճակում էր: Թանգարանի վերածված ընդունարանն ամբողջությամբ վերականգնված էր: Պատերազմի ընթացքում, բնակչության կողմից գյուղը լքելուց հետո թանգարանում են մնացել բոլոր ցուցանմուշները: Դատելով տարածված տեսանյութերից՝ հուշարձանի արտաքին տեսքը պատերազմի ընթացքում և դրանից հետո չի խաթարվել:

Մատենագրական քննություն

Ապարանքի մասին առաջին գրավոր տեղեկությունները ստանում ենք 19-րդ դարի կեսերին այստեղ այցելած Սարգիս արք. Ջալալյանցից (Ջալալեանց 1858, 259-260) և նույն դարի վերջերին Մակար եպիս. Բարխուդարյանցից (Բարխուտարեանց 1895, 77-84): Ապարանքի կառուցապատման ժամանակաշրջանի, պատմական միջավայրի, ինչպես նաև որոշ գործառութային հարցերի պարզաբանման համար շատ արժեքավոր է Հ. Փափազյանի «Մելիք Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը» հոդվածը (Փափազյան 1985, 75-78), իսկ ճարտարապետական առանձնահատկությունների քննությունը հանգամանորեն ներկայացված է Ա. Ղուլյանի և Մ. Սարգսյանի հետազոտություններում (Ղուլյան 2001, 30-35, Սարգսյան, 1987, 132-140): Հնագիտական հետազոտություններն ամփոփված են Ա. Ժամկոչյանի և Ֆ. Բաբայանի «Տողի Մելիք Եգանի ապարանքի պեղումների հիմնական արդյունքները» հոդվածում (Ժամկոչյան, Բաբայան 2015, 152-178):

Գրականություն

  1. Ժամկոչյան, Բաբայան 2015 – Ժամկոչյան Ա., Բաբայան Ֆ., Տողի Մելիք-Եգանի ապարանքի պեղումների հիմնական արդյունքները, Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2011-2012թթ., Դիզակ պլյուս, Ստեփանակերտ, էջ 152-177:
  2. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան:
  3. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու:
  4. Ջալալեանց 1858 – Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Աշխատասիրութեամբ Տեառն Սարգսի Սանահնեցւոց Ջալալեանց թեմակալ Արք Եպիսկոպոսի Հայոց Վրաստանի, Իմէրէթի և այլոց, Մասն Բ, Տփղիս:
  5. Սարգիս արք. Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մաս Ա և Բ, աշխ. Սամվել Գրիգորյանի, Երևան, 2016:
  6. Սարգսյան 1987 - Սարգսյան Մ., Մելիքական բնակելի համակառույց Տող ավանում, Պատմա-բանսիրկան հանդես, թիվ 3, էջ 132-140:
  7. Փափազյան 1985 - Փափազյան Հ., Մելիք-Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 5, էջ 75-78:
Տողի մելիքական ապարանք
Տողի մելիքական ապարանքը
Տող
Արցախ