Տումի գյուղի սբ․ Հովհաննես եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղի հին թաղամասի կենտրոնում։
Պատմական ակնարկ
Տումին Արցախի հինավուրց բնակավայրերից է։ Այն եղել է Արցախի հարավային շրջանների իշխանության կենտրոններից մեկը։ Գյուղում և հարակից տարածքներում առկա հարուստ պատմական հուշարձանները դրա վառ ապացույցն են։ Գյուղում կիսավեր վիճակում պահպանվել է 1000 թվականին կառուցված Կարմիր խաչ եկեղեցին, մատուռների ավերակներ, միջնադարյան գերեզմանոցը: Գյուղամիջյան սբ․ Հովհաննես եկեղեցին (նկ. 1) կառուցվել է 17-րդ դարում, իսկ 19-րդ դարում էական փոփոխություններ է կրել (արտաքին պատերի բարձրացում և տանիքի թիթեղապատում, շքամուտքի հարդարանքի հարստացում, որի առթիվ էլ խաչազարդ մի սալ է հագցվել եկեղեցու հարավային պատի մեջ և փորագրվել թվականը՝ 1868): 19-րդ դարի վերջերում եկեղեցին գործել է և ունեցել է երկու քահանա։
նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, 2020 թ․, լուս․ Ս․Դանիելյանի։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է։ Կառուցված է տեղական կոպտատաշ գորշ ավազաքարով, որձաքարով և կրաշաղախով (նկ․ 2)։ Սրբատաշ են մուտքի ճակատամասի, լուսամուտների, որմնասյուների, կամարների և արտաքին պատերի անկյունների քարերը։ Ծածկը թաղակապ է, թաղի զույգ կամարները հենվում են որմնասյուների վրա (նկ․ 3, 4)։ Մուտքը հարավից է։ Լուսավորությունը կատարվել է արևելքից, հարավից, և արևմուտքից բացված մեկական փոքրիկ լուսամուտներով։ Խորանը կիսաշրջանաձև հորինվածք ունի։ Արևելքից խորանին զուգահեռ ունի երկու ավանդատուն։ Ներսում, հյուսիսային պատի մեջ գտնվում մկրտության ավազանը։
նկ. 3 Եկեղեցու ներսը արևմուտքից, 2014թ․, լուս․ Ս․Դանիելյանի։
նկ. 2 Եկեղեցին հյուսիս-արևելքից, 2018թ․, լուս․ Ս․Դանիելյանի։
նկ. 4 Եկեղեցուներսը արևելքից, 2014թ․, լուս․ Ս․Դանիելյանի։
Սբ․ Հովհաննես եկեղեցու ամենաշքեղ հարդարված հատվածը հարավային ճակատն է, մասնավորապես շքամուտքը և նրա աջ ու ձախ կողմերին ագուցված խաչաքանդակ քարերը (նկ․ 5): Աջակողմյան քանդակազարդ քարի վրա զույգ խաչաքանդակներ են և ստորև արձանագրություն։ Խորհրդային տարիներին զարդաքանդակներն ու արձանագրությունը քերվել են, մասնակի երևում է «1868 ․․․ ՍՐ ․․․» գրությունը, որը եկեղեցու վերանորոգման թվականն է (նկ․ 6)։
Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ, կատարվել են նոր ձևափոխություններ։ Հարավից մուտքը փակվել է, նոր մուտք է բացվել արևելյան ճակատից՝ խորանից։ Հյուսիսային պատին բացվել է անցք հացահատիկը դատարկելու նպատակով, լայնացվել է արևմտյան լուսամուտը հարավային ճակատից, մուտքից աջ բացվել է մեծ լուսամուտ։
նկ. 5 Եկեղեցու հարավային ճակատը, 2014թ․, լուս․ Ս․Դանիելյանի։
նկ. 6 Հարավային պատին ագուցված արձանագիր քարը, 2014թ․, լուս․ Ս․Դանիելյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո։
Արցախյան առաջին պատերազմի տարիներին եկեղեցին չի վնասվել։ 2019 թվականից սկսվել էր եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Մասնավորապես վերականգնվել էր զանգակատուն-ռոտոնդան (նկ․ 7), բացվել էր հին մուտքը։ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ եկեղեցին չի տուժել։ Պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
նկ. 7 Եկեղեցին վերանորոգման ընթացքում, 2020 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։
Մատենագրական քննություն
Եկեղեցու վերաբերյալ մատենագրական հիշատակություններ հայտնի չեն։
Գրականություն
- Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, «Արցախ», Բագու 1895։
- Мкртчян Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1988․
Տումի գյուղի սբ․ Հովհաննես եկեղեցի
Արցախ