Ցոր գյուղի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին
Տեղադրություն
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ցոր գյուղում (Մկրտչյան 1985, 132): Գյուղը գտնվում է պատմական Ցորաբերդ ամրոցի հարավային ստորոտում (Բարխուտարեանց 1895, 43):
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Նրա հակիրճ նկարագրությունը տալիս է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին Ամենափրկիչ, կառուցեալ չորս սիւների վերայ, բարձրաշէն և գեղեցիկ, բեմի ժողովրդահայեաց ճակատն նրբաքանդակ նախշած, երկարութիւնն է 22 մ, լայնութիւնն 12 մ 35 սանթ., դռան ճակատակալ քարի վերայ արտաքուստ «Յիշատակ է Ն. թվ.», քահանայ մի…» (Բարխուտարեանց 1895, 43):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Ցորի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում (նկ. 1): Շենքը եռանավ բազիլիկ է, չորս մույթերով, կիսաշրջան ավագ խորանով և կից ավանդատներով (նկ. 2): Կառուցված է տեղական կոպտատաշ քարով, ունի փոքր լուսամուտներ: Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 3): Բարավորին պահպանվել է մեկ տող անընթեռնելի արձանագրություն( հմմտ. ԴՀՎ 1982, 186): Հիմք ընդունելով եկեղեցու հորինվածքային, ճարտարապետական լուծումները՝ այն թվագրվում է 18-19-րդ դարերով (Մկրտչյան 1985, 132): Եկեղեցին ներսից թաղածածկ է (նկ. 4), նրա միակ զարդարանքը բեմատակի հարուստ քանդակազարդ գոտին է (նկ. 5), որտեղ վերից վար կարդացվում է Գիրիքոր անունը (ԴՀՎ 1982, 187):
նկ. 3 Եկեղեցու բարավորը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
նկ. 4 Եկեղեցու ներսույթը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, էջ 108։
նկ. 5 Եկեղեցու բեմի քանդակազարդ գոտին, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Խորհրդային տարիներին եկեղեցու տարածքը օգտագործվել է տնտեսական նպատակներով, լայնացվել են որոշ պատուհանները (նկ. 6): 2016-2020 թվականներին եկեղեցին վերանորոգվել է ծագումով ցորեցի բարերարների կողմից
(https://www.youtube.com/watch?v=7TeU08kxzFU, https://www.youtube.com/watch?v=YmTojWJU9Ns): Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել, այժմ այն գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում և հետագա ճակատագրի մասին տվյալներ չկան:
նկ. 6 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս․ Արցախի ԿԳՄՍ շտեմարան։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
- ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան։
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան։
- Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1988․
Ցոր գյուղի սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Արցախ