Ակնաղբյուր գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնաղբյուր (նախկին Ղարաբուլաղ) գյուղի կենտրոնում: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Ղարաբուլաղը, նշում է. «եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, բայց վտանգուած…» (Բարխուտարեանց 1895, 95): Շահեն Մկրտչյանն իր մեծածավալ աշխատանքում եկեղեցին միայն հիշատակում է (Մկրտչյան 1985, 207):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ կառույց է։ Փայտյա առաստաղը, որից մի փոքր մասն է պահպանվել, հենվել է պատակից քարե սյուների և կենտրոնական գերան-սյուների վրա՝ նման Արարատյան դաշտի 19-րդ դարերի եկեղեցիներին։ Նկատի ունենալով այս հանգամանքը և հարավային շքամուտքի ճարտարապետական լուծումը, կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 18-րդ դարի վերջերին կամ 19-րդ դարի սկզբներին։ Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով (նկ. 1): Պատերը շարված են սրբատաշ ու կոպտատաշ մեծ ու փոքր քարերով: Սրբատաշ քարից են մուտքերը և դրանց բարավորները, եկեղեցու անկյունային հատվածները, ինչպես նաև փոքր չափի պատուհանները: Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ արևմտյան և հարավային: Սրանցից արևմտյանը հետագայում փակվել է՝ վերածվելով պատուհանի: Արևելյան կողմում եկեղեցին ունի երեք պատուհան (նկ. 2):

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից:
Եկեղեցու շուրջն է գտնվում գյուղի հին գերեզմանատունը (նկ. 3, 4) ՝ գլխավորապես 18-20-րդ դարերի տապանաքարերով (Ղահրամանյան 2015, 30):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Նախքան 2020 թվականի պատերազմն, այն արդեն խիստ վթարային վիճակում էր: Պատերին առկա են մեծ ճաքեր և փլուզումներ: Խորհրդային տարիներին մասնակի վնասված եկեղեցին վերակառուցվել է և օգտագործվել տնտեսական նպատակներով: Փակվել է արևմտյան մուտքը, վերածվելով մեծ պատուհանի, իսկ քանդված թաղի փոխարեն կառուցվել է փայտե ծածկ՝ կենտրոնում փայտե սյուներով, որոնք ուղղակի դրվել են սալահատակին (նկ. 5):
2020 թվականի պատերազմից և գյուղի օկուպացիայից հետո եկեղեցու մասին տվյալները բացակայում են:

նկ. 4 Եկեղեցու և գերեզմանատան տեսքը հյուսիսից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից:

նկ. 2 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից:

նկ. 3 Եկեղեցու մոտ գտնվող արձանագիր տապանաքարերը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից:

նկ. 5 Եկեղեցու ներքին տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895-Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
- Ղահրամանյան 2015–Ղահրամանյան Հ., Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ։
- Մկրտչյան 1985- Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան։
Ակնաղբյուր գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ