Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի վարչական տարածքում՝ Արցախի Հանրապետության պաշտոնական մուտք հանդիսացող հսկիչ-անցագրային կետի մոտ (նկ. 1, 2): Օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն ավարտվել է 2002 թվականին: Եկեղեցին նվիրված է Բերձորի և հարակից տարածքների ազատագրման ու ինքնապաշտպանության մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին: Աղավնոյի եկեղեցու կառուցումը նախաձեռնել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, ով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ այդ տարածքների պարետ-պատասխանատուն էր: Եկեղեցին կառուցվել է Պարույր Հայրիկյանի և կուսակցության անդամների նվիրատվությունների շնորհիվ: Եկեղեցու շինարարությունը ֆինանսավորել է նաև ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը, ով եկեղեցու խաչքավորն է եղել: Սրա մասին է վկայում եկեղեցու արևմտյան պատին փորագրված շինարարական արձանագրությունը (նկ. 3): Եկեղեցին նախագծել է անվանի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, կառուցվել է Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Ալեքսան Հակոբյանի պաշտոնավարման տարիներին և աջակցությամբ (Անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, https://hetq.am/hy/article/64015):

Նկ. 3 Եկեղեցու գլխավոր մուտքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ունի խաչաձև հատակագծային լուծում, կենտրոնագմբեթ է (նկ. 4): Արևմտյան ճակատի տանիքին ունի փոքրիկ զանգաշտարակ (նկ. 5): Միակ մուտքը արևմտյան ճակատում է: Մուտքից վերև փորագրված է խաչ, որի տակ և շուրջը գտնվում է շինարարական արձանագրությունը:

Նկ. 4 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 5 Եկեղեցու զանգակատունը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Եկեղեցին կառուցված է կապտավուն սրբատաշ բազալտ քարով, ցեմենտի շաղախով: Եկեղեցու ներսում առկա է միայն բեմ և մկրտության ավազան, այն չունի ավանդատներ (նկ. 6, 7, 8): Եկեղեցու մոտ տեղադրված է շրջակայքից գտնված 10-11-րդ դարերի խաչքար (նկ. 9): Սրա վրա՝ ետնախորքն հեռացնելու տեխնիկայով փորագրված են երկու պարզ, երկբլթակ խաչեր:

Եկեղեցու կողքին է գտնվում նաև ժամանակակից խաչքար, որը, համաձայն վրայի արձանագրության, տեղադրվել էր Ռեջեքեյան Վահրամի և Էրմանսի հիշատակին (նկ. 10): Եկեղեցուն կից գտնվում է հարակից տարածքների ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Այն կազմված է չորս քարե սալիկներից, որոնց վերին հատվածում փորագրված է․ «Նրանք հավերժ մեզ հետ են», իսկ ներքևի հատվածում՝ զոհված ազատամարտիկների անունները:

Նկ. 6 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 7 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 8 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 9 Միջնադարյան խաչքար եկեղեցու մոտ, Ա․ Գրիգորյանի։

Նկ. 10 Նոր կանգնեցված խաչքար եկեղեցու մոտ, լուս. Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Սրբոց Նահատակաց եկեղեցին չի տուժել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, գտնվում էր բարվոք վիճակում: 2022 թվականի օգոստոսին Աղավնո գյուղը անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Եկեղեցու ճակատագիրն անհայտ է: Քանի որ այն նոր կառույց է և նվիրված  է տարածքի ազատագրման ժամանակ զոհված հայ զինվորների հիշատակին, ենթադրելի է, որ եկեղեցին կարող է քանդվել Ադրբեջանի կողմից: Պայմանավորված Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հանգամանքով՝ Արցախի Հանրապետության իշխանությունները 2022 թվականի օգոստոսի սկզբին իրականացրել են այդ բնակավայրերից մշակութային շարժական հուշարձանների տարհանումը (ավելի մանրամասն տես. Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում ավարտվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը - Monument Watch):

Գրականություն

  1. Անկախությունւից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, https://hetq.am/hy/article/64015։
  2. Բերձորում, Աղավնոյում և Սուսում ավարտվել  է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը, Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում ավարտվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը - Monument Watch։
Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին
Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին
Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին
Արցախ