Առաքելի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Հադրութի շրջանի Առաքել գյուղի հյուսիս-արևմտյան մասում՝ բլրալանջի վրա։ Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

նկ. 1 Եկեղեցին հարավ-արևմուտքից, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ էլեկտրոնային շտեմարան:

նկ. 2 Եկեղեցին նախքան ավերվելը, լուս․ Շ․ Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 304։

Պատմական ակնարկ

Առաքել գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 9-10 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ըստ գյուղացիների բանավոր տեղեկությունների՝ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1902-1907 թվականներին, առաքելցի բաքվաբնակ մեծահարուստ Մակիչ Գրիգորյանի միջոցներով, ով եկեղեցու վրա ծախսել է 30 հազար ոսկե դրամ։ Եկեղեցու նախագծումը պատվիրել է Թիֆլիսի ճարտարապետներին։

1991 թվականին «Օղակ»  օպերացիայի արդյունքում Առաքել գյուղը հայաթափվել է և ամբողջությամբ թալանվել ու հրո ճարակ դարձել ադրբեջանցիների կողմից։ Ազատագրվել է 1993 թվականի օգոստոսին։ 1996 թվականից «Ֆրանս-Ղարաբաղ» կազմակերպության միջոցներով սկսվել է գյուղի վերականգնման աշխատանքները և գյուղացիների մեծ մասը վերադարձել է Առաքել։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին ծավալային լուծմամբ ուղղանկյուն դահլիճ է, որն արևելյան մասում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Խորանի երկու կողմերում տեղադրված են զույգ ավանդատները։ Գմբեթը նստած էր չորս խաչաձև սյուների և դրանք իրար կապող կամարների վրա (նկ․ 3, 4)։ Եկեղեցին կառուցված է գորշ գույնի սրբատաշ և կոպտատաշ բազալտե քարերով։ Ունի 20,5 մետր երկարություն, 16 մետր լայնություն, բարձրությունը գմբեթի հետ միասին կազմում էր 18 մետր։ Ունի երեք մուտք, որոնք բացվում են արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերում, լուսավորությունը ստանում էր թվով տաս մեծ լուսամուտներից (նկ․5, 6)։ 1960-ական թվականներին պատահաբար հայտնաբերվել է որպես մետաղի ջարդոն հանձնված զանգը, որն հանձնվել է մարզային թանգարանին։ Այժմ այն գտնվում է Արցախ հայրենագիտական թանգարանում։

նկ. 3 Եկեղեցին ներսից, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ էլեկտրոնային շտեմարան։

նկ. 5 Եկեղեցին հյուսիսից, 2013, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 6 Եկեղեցին արևմուտքից, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ էլեկտրոնային շտեմարան։

նկ. 4 Եկեղեցին ներսից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

1991 թվականի բռնազավթումից հետո գյուղն ամբողջությամբ վառվել և ավերվել է: Վանդալիզմի զոհ է դարձել և Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիների կողմից տանկերից կրակ է բացվել եկեղեցու վրա, որի հետևանքով քանդվել են գմբեթը, թաղը և հարավային ավանդատունն ամբողջությամբ (նկ․ 7)։

44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական գործողություններից չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չկան։

նկ. 7 Եկեղեցին հարավից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Գրականություն

1․ Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895։

2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

 

Առաքելի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Առաքելի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Առաքելի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Արցախ